Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Դիլիջանում անցկացվեց ինտելեկտուալ խաղերի 2-րդ միջազգային փառատոնը
01.04.2014
Վարչապետ Տիգրան Սարգսյանի բարձր հովանու ներքո մարտի 28-30-ը Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում անցկացվեց <<Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ>> խաղի <<Premier’s Cup-Դիլիջանյան խաղեր 2014>> ինտելեկտուալ խաղերի միջազգային փառատոնը, որի կազմակերպիչն է <<Գիտակների հայկական ասոցիացիան>>: Նշենք, որ փառատոնն առաջին անգամ անց է կացվել 2013 թվականին, և մասնակցել են միայն հայկական ու վրացական թիմեր: Այս տարի ընդլայնվել է մասնակիցների շրջանակը. Հայաստանի ու Վրաստանի լավագույն գիտակներին միացել են Ռուսաստանի ու Բելառուսի ուժեղագույն թիմերը` <<Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ>> խաղի մագիստրոս Մաքսիմ Պոտաշովի գլխավորությամբ: Ընդհանուր առմամբ ամենամյա ինտելեկտուալ խաղին մասնակցում էր 22 թիմ, որից 11-ը` հայկական: Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Վրաստանի գիտակները ժամանել էին Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Կազանից, Դոնի Ռոստովից, Մինսկից, Թբիլիսիից, Զուգդիդից, Երևանից ու Ստեփանակերտից: Խաղերը տևել են երկու օր: Մրցաշարում հաղթել է Մաքսիմ Պոտաշովի գլխավորած թիմը: <<Բրեյն-ռինգ>>-ում հաղթող է ճանաչվել աշխարհի չեմպիոն մոսկովյան <<Քսեպ>> թիմը, <<Էրուդիտ-Սեկստետ>>-ում՝ Երևանի <<Պերեզագրուզկա>> թիմը, իսկ <<Քո խաղը>> մրցաշարում՝ Սանկտ Պետերբուրգը ներկայացնող Ալեքսանդր Լիբերը:
Մրցանակաբաշխության արարողության ժամանակ ՀՀ վարչապետի անունից հաղթող թիմերին ողջունել ու շնորհավորել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը և Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի ու Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի հետ հաղթողներին հանձնել մրցանակները:
Լուսանկարները՝ www.gov.am