Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մանկական գրքի շաբաթը բացվեց Տավուշի մարզում
28.03.2014
Արդեն 15 տարի ավանդական դարձած Մանկական գրքի շաբաթը մարտի 27-ին բացվեց Տավուշի մարզում` Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ: Այդ առիթով Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը ընդունեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանին, նրան ուղեկցող մանկագիրներին և գրականագետներին: Մանկական գրքի շաբաթի մասնակիցները մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանի ուղեկցությամբ շարժվեցին Իջևանի թիվ 1 հիմնական դպրոց, որտեղ աշակերտներով և ուսուցիչներով լեփ լեցուն դահլիճը սպասում էր նրանց: Բանաստեղծները կարդացին իրենց հեղինակային ստեղծագործություններից: <<Ծիծեռնակ>> ամսագրի և <<Կանչ>> թերթի խմբագիրները իրենց խոսքում նշեցին, որ երեխաները ծանոթանալով բաժանված մամուլին, ոչ միայն կընթերցեն, այլ նաև կբաժանորդագրվեն և կդառնան ակտիվ թղթակցողներ: Էդուարդ Միլիտոնյանը նշեց, որ միայն դասագրքերով դժվար է իմանալ ու ճանաչել Հայաստանում ապրող ստեղծագործողներին, իսկ մամուլում ոչ միայն գրողների ստեղծագործություններն են տպագրվում, այլ նաև ակտիվորեն թղթակցող դպրոցականների: Մանկական գրքի շաբաթին մասնակցում էին նաև մարզի գրողներ Սամվել Բեգլարյանը, Թելման Մաիլյանը, Զավեն Պետրոսյանը և ուրիշներ: Դպրոցի սաների կատարմամբ հնչեցին ներկա բանաստեղծների ստեղծագործություններ: Հյուրերը դպրոցին նվիրեցին հեղինակային և մանկական ու գեղարվեստական գրականություն, ամսագրեր ու թերթեր: Շնորհակալական խոսքով ցերեկույթն ամփոփեց դպրոցի տնօրեն Լուսյա Խաչատրյանը: