Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետների մասնակցությամբ քննարկվեցին ընթացիկ մի շարք խնդիրներ
10.03.2014
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ մարզպետների մասնակցությամբ մարտի 7-ին կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզերում առաջնահերթ խնդիրների լուծման նպատակով իրականացվելիք հինգերորդ հրատապ ծրագրի հետ կապված հարցեր: Մարզպետները տեղեկացրեցին, որ անհրաժեշտ քննարկումներ են եղել տեղերում, եւ արդեն վերջնականացվել են յուրաքանչյուր մարզից ծրագրի համար ներկայացվող հայտերը:
Խորհրդակցությանը ներկայացվեցին նաեւ հանրապետության համայնքների սեփական եկամուտների 2014թ. առաջին երկու ամիսների կատարողականի ցուցանիշները: Նշվեց, որ համայնքների սեփական եկամուտների կատարողականը կազմել է 110 տոկոս` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 21,2 տոկոս աճ: Փոխվարչապետը մարզպետներին առաջարկեց խնդիրը մշտական ուշադրության կենտրոնում պահել, եւ ընթացքում թերացումներ նկատելու դեպքում պատճառները քննարկել տեղերում:
Քննարկվեցին նաեւ մարզպետարանների եւ համայնքապետարանների ենթակայությամբ գործող առողջապահական հաստատությունների ֆինանսավորմանն ու գործունեության արդյունավետ կազմակերպման հարցեր: Մարզպետները նաեւ տեղեկություններ ներկայացրեցին հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութի, դիզվառելիքի, ինչպես նաեւ սերմացուի հատկացման ծրագրերի ընթացքի մասին: Քննարկվեցին համայնքների գլխավոր հատակագծերի կազմման, ինչպես նաեւ կադաստրային գործընթացներին վերաբերող հարցեր:
Անդրադարձ եղավ նաեւ մարտի 9-ին հանրապետության շուրջ հինգ տասնյակ համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների անցկացման հետ կապված հարցերին: Մարզպետները տեղեկացրեցին, որ անհրաժեշտ նախապատրաստական եւ տեխնիկական աշխատանքերն իրականացված են:
Փոխվարչապետը նաեւ մարզպետների ուշադրությունը հրավիրեց միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհների հարակից տարածքներում աղբահանության կազմակերպման խնդրին` ընդգծելով համապատասխան համայնքների ղեկավարների կողմից աշխատանքների պատշաճ իրականացման անհրաժեշտությունը: Քննարկվեցին նաեւ ընթացիկ մի շարք այլ հարցեր:
www.mta.gov.am