Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ԱՐՄԵՆ ՂՈՒԼԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
07.03.2014
Սիրելի կանայք, մայրեր, քույրեր ու դուստրեր
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ գարնանաբույր տոնի՝ Մարտի 8-ի կապակցությամբ: Տոն, որ մի պատեհ առիթ է մեկ անգամ ևս մեծարելու ու գնահատելու կնոջը, արժևորելու նրա դերը կյանքի տարբեր բնագավառներում: Եվ առավել ուրախալի է, որ այդ տոնը ձգվում է մինչև ապրիլի 7-ը՝ Մայրության ու գեղեցկության տոնը՝ արդյունքում հայ տղամարդուն հնարավորություն տալով ունենալու կնոջը մեծարելու ոչ միայն երկու տոն, այլ մի ամբողջ միամսյակ:
Թանկագին կանայք, դուք արևի պես ամեն օր ու ամեն ժամ ջերմություն եք սփռում ձեր շուրջը՝ ամենուր ձեզ հետ բերելով մեղմություն ու քնքշանք, խաղաղություն ու ներդաշնակություն: Անգնահատելի է ձեր դերը ընտանիքում երեխաների հայեցի կրթության ու դաստիարակության, ազգային ավանդույթների պահպանման ու դրանք սերունդներին փոխանցելու գործում: Հայ կինն այսօր նաև իր հաստատուն տեղն ու դերակատարությունն ունի մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում:
Սիրելի կանայք, մեկ անգամ ևս շնորհավորելով հրաշալի տոնի՝ Մարտի 8-ի կապակցությամբ, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, անսահման երջանկություն ու հավերժական գեղեցկություն: Թող որ սիրով ու ջերմությամբ լցված լինի ձեր կյանքի յուրաքանչյուր օրը: