Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Խոսք հիշատակի
07.03.2014
Տավուշի մարզպետը, մարզպետարանի աշխատակազմը խորապես վշտացած են մարզպետարանի երկարամյա աշխատակից, գյուղատնտեսության ոլորտի հմուտ մասնագետ ու կազմակերպիչ Ռազմիկ Վանոյի Մելիքջանյանի մահվան կապակցությամբ: Ռազմիկ Մելիքջանյանը նաև հրաշալի մարդ էր, լավ ընկեր ու խորհրդատու:
Ռազմիկ Վանոյի Մելիքջանյանը ծնվել է 1947 թվականին Տավուշի մարզի Աչաջուր գյուղում: Շատ անմեղ հայ ընտանիքների պես Մելիքջանյանների ընտանիքը ևս ենթարկվում է ստալինյան բռնություններին և 1949 թվականին աքսորվում Սիբիր: 1955 թվականին կառավարության համապատասխան որոշմամբ ընտանիքը վերադառնում է հայրենի գյուղ: 1955 թվականին Ռազմիկ Մելիքջանյանը ընդունվում և 1966-ին ավարտում է Աչաջրի միջնակարգ դպրոցը: 1966-ին ընդունվում է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի անասնաբուծության ֆակուլտետը: Ընտանեկան ծանր պայմաններից ելնելով` ուսումը շարունակում է հեռակա և ավարտում 1972 թվականին: Աշխատանքային գործունեությունը սկսել է 1966թ. Աչաջրի սովխոզում բանվորի աշխատանքից: Այնուհետև 1969-1972 թ.թ. սովխոզի կադրերի տեսուչ է աշխատում: 1972-1984 թ.թ. արդեն նույն սովխոզի գլխավոր անասնաբույծն էր: 1984-1989 թ.թ. Լուսաձորի կոլվարչության նախագահն էր, 1989-1991թ.թ.` Աչաջրի սովխոզի դիրեկտորը: 1991-1994 թ.թ. աշխատում է որպես Աչաջրի գյուղական խորհրդի գործկոմի նախագահ: Հենց այդ տարիներին էր, որ գյուղում իրականացվեց սեփականաշնորհման գործընթացը: 1995 թվականի հունվարից մինչև 1996 թվականի մարտ ամիսը աշխատում է Իջևանի շրջսովետի գործկոմի գյուղվարչության պետի տեղակալ: 1996 թվականի մարտից մինչև 1998 թվականի հունվարը Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի վարիչն էր: 1998-2013 թվականը զբաղեցնում է Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի պաշտոնը: 2013 թվականի մայիսից անցել էր կենսաթոշակի, սակայն, հաշվի առնելով նրա փորձառությունն ու հմուտ մասնագետ լինելը, հրավիրվում և նշանակվում է որպես մարզպետի խորհրդական: Գյուղատնտեսության ոլորտում ունեցած մեծ ավանդի համար բազմիցս արժանացել է պետական պարգևների ու խրախուսանքների, իսկ 2011 թվականին մարզի գյուղատնտեսության ոլորտում ձեռք բերած հաջողությունների համար Ռազմիկ Մելիքջանյանին շնորհվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ոսկե հուշամեդալ:
Ռազմիկ Վանոյի Մելիքջանյանի` բարի, ուժեղ ու կենսախինդ մարդու հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում: