Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Օրակարգում դպրոցականների ռազմահայրենասիրական դաստիարակության հարցն էր

03.03.2014

Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն, որտեղ քննարկվեցին դպրոցականների ռազմահայրենասիրական դաստիարակությանն առնչվող հարցեր: Խորհրդակցությունը, որին մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի անձնակազմի գծով տեղակալ, գնդապետ Արայիկ Սարգսյանը, մարզում տեղակայված զորամասերի հրամանատարների անձնակազմի գծով տեղակալները, մարզի դպրոցների տնօրենները, զինղեկներն ու ֆիզկուլտուրայի ուսուցիչները, բացեց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Կարևորելով նման հանդիպում-քննարկումների կազմակերպումը՝ մարզպետն ասաց, որ այսուհետ դրանք կլինեն ավանդական: Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Աշոտ Փաշինյանը ներկայացրեց մարզի դպրոցներում ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ կատարված աշխատանքները: Նշվեց, որ կազմակերպվել են նախազինակոչային և զինակոչային տարիքի պատանիների մրցույթներ, որտեղ անընդմեջ հաղթող է ճանաչվել Արծվաբերդի միջնակարգ դպրոցի թիմը, մեծացել է ակտիվությունը ռազմագիտություն առարկայի օլիմպիադայի նկատմամբ, որին մասնակցում են նաև բարձր դասարանների աղջիկները, ավանդական են դարձել Հաղթանակի ու Հայոց բանակի օրվան, Շուշիի ազատագրմանը նվիրված միջոցառումները: Մարզի բոլոր դպրոցներն ապահովված են ռազմագիտության կաբինետների համար անհրաժեշտ կահավորանքով: 52 դպրոցներ ունեն սահմանված պահանջներին համապատասխան զենքի պահպանման սենյակներ, 4 դպրոցներ արդեն պատրատ են զենք ստանալու, մյուս դպրոցները անհրաժեշտ աշխատանքները կավարտեն այս ուսումնական տարում: 2013թ. մարզի 4 դպրոցներում` Դիլիջանի, Նոյեմբերյանի, Բերդի ավագ դպրոցներում և Մովսեսի միջնակարգ դպրոցում, ստեղծվել են ռազմագիտություն առարկայի ցուցադրական դասասենյակներ: Զինկոմիսարիատների աջակցությամբ միջնակարգ դպրոցների բարձր դասարանցիները եռօրյա դաշտային պարապմունքներ են անցկացրել իրենց տարածքների զորամասերում: Մասնագիտական կողմնորոշման նպատակով կազմակերպվել են հանդիպումներ ռազմական ինստիտուտների ներկայացուցիչների հետ: Արված աշխատանքների կողքին սակայն դեռևս կան անելիքներ ու խնդիրներ, ասաց վարչության պետը և անդրադարձավ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի 2014թ. տարեմուտի ուղերձին, որտեղ նախարարն առանձին խոսում է նաև դպրոցակնների ռազմահայրենասիրական դաստիարակության մասին՝ այն ներկայացնելով երեք ուղղություններով` ուսումնադաստիարակչական համակարգ, նախնական զինվորական պատրաստականություն, ֆիզիկական պատրաստություն: Նշվեց, որ ելնելով այս ամենից, կազմվել է մարզի հանրակրթական դպրոցներում 2014 թվականի ռազմահայրենասիրական դաստիարակության ծրագիր` մարզպետարանի, զինկոմիսարիատների, զինվորական ստորաբաժանումների համատեղ իրականացման համար:
3-րդ բանակային կորպուսի հրամանատարի անձնակազմի գծով տեղակալ, գնդապետ Արայիկ Սարգսյանը ողջունեց նման հանդիպման նախաձեռնությունը` համոզմունք հայտնելով, որ այն մեծ խթան կհանդիսանա մարզի ուսումնական հաստատությունների և զորամասերի միջև ամուր կապի ստեղծման համար և մեծապես կնպաստի դպրոցականների ռազմահայրենասիրական դաստիարակությանը: Բանակ ներթափանցած արատավոր երևույթների ու բարքերի դեմ պայքարելու ու դրանք արմատախիլ անելու գործում գնդապետը կարևորեց դպրոցի, բուհի, զինվորի ծնողի աջակցությունը: Նշվեց, որ այս ուղղությամբ զինված ուժերում պլանավորվել և ամենօրյա աշխատանքներ են իրականացվում դժվար դաստիարակվող, չարամիտ, կարգազանց, աղանդավոր, ընկճված և այլ հոգեբանական խնդիրներ ունեցող զինվորների հետ: Աշխատանքներ են տարվում նաև զինվորների հետ անմիջական աշխատանք կատարող սպաների հետ` կատարելագործելով ու զարգացնելով նրանց ոչ միայն մասնագիտական, այլև մանկավարժական ունակություններն ու հմտությունները: <<Այստեղ է անհրաժեշտ տուն-դպրոց-բանակ-բուհ-հասարակություն համագործակցության ամուր ուժը>>,-ասաց գնդապետը: Իսկ արդյունքի հասնելու լավագույն միջոցը երեխայի հայեցի, հայրենասիրական ոգով դաստիարակությունն է: Ա. Սարգսյանը նշեց իրենց կողմից իրականացվող այն կարևոր գործառույթները, որոնք միտված են բանակ-դպրոց կապի ամրապնդմանը: Դրանցից է, օրինակ, բոլոր զորամասերի պատասխանատու սպաների կցագրումը կոնկրետ դպրոցների, դպրոցներում կազմակերվող պարբերական հանդիպումները: Թեմայի շուրջ ծավալվեց ազատ ու անկաշկանդ քննարկում, որին մասնակցեցին Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը, դպրոցների տնօրեններ, զինղեկներ, արվեցին կոնկրետ առաջարկներ: Խորհրդացությունն ամփոփեց մարզպետ Արմեն Ղուլարյանը՝ նշելով, որ քննարկվող հարցը խիստ արդիական է և համապետական ու միայն համագործակցված ու նպատակաուղղված աշխատանքով կկարողանանք հասնել այն արդյունքին, որը պետք է մեր երկրին, մեր հասարակությանը:
Խորհրդակցության ավարտին մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ունեցած մեծ ավանդի ու նվիրումով աշխատանքի համար մարզպետը պատվոգրեր հանձնեց ռազմագիտության ուսուցիչներ Գառնիկ Սառիկյանին /Իջևանի թիվ 3 դպրոց/, Արման Չապուխյանին /Իջևանի վարժարան/, Արտակ Եգանյանին /Ազատամուտի դպրոց/, Լևոն Մաթևոսյանին /Հաղարծնի դպրոց/, Կառլեն Թամազյանին /Բագրատաշենի դպրոց/, Արմեն Ամիրաղյանին /Նոյեմբերյանի ավագ դպրոց/, Գուրգեն Զարգարյանին /Արծվաբերդի դպրոց/, Սարգիս Առաքելյանին /Մովսեսի դպրոց/, Հովիկ Շառյանին /Բերդի թիվ 3 դպրոց/: Մատաղ սերնդի դաստիարակության գործում ունեցած մեծ ավանդի ու նվիրումով աշխատանքի համար Տավուշի մարզպետի պատվոգրերի արժանացան նաև ֆիզկուլտուրայի ուսուցիչներ Վովա Փաշինյանը /Իջևանի ավագ դպրոց/, Հենրիկ Նազարյանը /Դիլիջանի թիվ 2 դպրոց/, Նելսոն Միրզոյանը /Բերդի ավագ դպրոց/, Լուսինե Գիշյանը /Բերդավանի դպրոց/:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26