Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզային այցերի ծրագրով Տավուշի մարզում էր ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը

26.02.2014

  Մարզային այցերի ծրագրով փետրվարի 26-ին Տավուշի մարզում էր ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Այցի շրջանակներում ոստիկանության պետը խորհրդակցություն անցկացրեց Տավուշի մարզպետարանում, որին մասնակցում էին մարզի ակտիվը` համայնքների ղեկավարները, դպրոցների տնօրենները, ուսուցիչներ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դասախոսներ, ուսանողներ, հյուրեր: Խորհրդակցությունը բացեց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Ողջույնի իր խոսքում մարզպետը կարևորեց նման հանդիպումները, նշելով, որ դրանք հնարավորություն են տալիս մեր հասարակությանը հուզող ու հետաքրքրող բազմաթիվ հարցեր քննարկել: Նշվեց, որ մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի և ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության անչափահասների գործերով տեսուչների համատեղ աշխատանքի արդյունքում մարզում էականորեն նվազել է պրոֆիլակտիկ հաշվառման մեջ գտնվող անչափահասների թիվը: Միջոցառումներ են ձեռնարկվել անչափահասների կյանքի ու դաստիարակության վրա բացասական ազդեցություն ունեցող հանգամանքների, հանցագործություն ծնող պատճառների ու պայմանների վերացման ուղղությամբ: Ոստիկանության մարզային վարչության անչափահասների գործերով աշխատակիցների հետ սերտորեն համագործակցում է Տավուշի մարզի երիտասարդական կենտրոնը: Մարզպետարանի, ոստիկանության և երեխաների հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների համատեղ ջանքերով մարզի 4 տարածաշրջաններում ստեղծվել են պատանի իրավաբանների ակումբներ: Ապօրինի շինարարության, ընդերքի օգտագործման, ծառահատման, զենք-զինամթերքի պահպանման, հողազավթման ու որսագողության դեպքերում ոստիկանության և մարզպետարանի քայլերը եղել են օպերատիվ, որի արդյունքում նվազել են նման օրինախախտումները, ասաց մարզպետը: Ոստիկանության հետ ակտիվ աշխատանքի արդյունքում բարձրացել է զինակոչի որակը:
Իր ելույթում ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց այցի նպատակը, ոստիկանության ծրագրերը և տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրները իրավապահների հետ համագործակցության ոլորտում: Ներկայացվեց ոստիկանության համակարգի բարեփոխումների ընթացքը, որը ոստիկանական գործունեության մեջ ենթադրում է նոր սկզբունքներ, նոր մոտեցումներ, նոր մտածելակերպ ու մարտավարություն: Համակարգում տեղի ունեցող բարեփոխումների գործընթացում ոստիկանապետը առաջին հերթին կարևորեց ոստիկանության ծառայողի ներքին վերափոխումը և ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդումը: <<Անհանդուրժող ենք լինելու այն ոստիկանի հանդեպ, ով քաղաքացուն ականջալուր չի լինում>>, -ասաց ոստիկանապետը: Նշեց, որ այսուհետ մարզերի, գյուղերի, գյուղապետերի ու դպրոցների հետ շփումները կլինեն առավել ակտիվ: Ոստիկանության եւ հասարակության համագործակցությունը սերտացնելու, ոստիկանության հանդեպ բնակչության վստահությունն ամրապնդելու եւ հանցագործությունների կանխարգելման միջոցառումներն առավել արդյունավետ դարձնելու գործում կարևորվեց համայնքային ոստիկանության ստեղծումը, որի շրջանակներում համայնքներում կստեղծվեն ոստիկանական հենակետեր: Ոստիկանության պետը կարևոր համարեց նաև երիտասարդ կադրերի հետ տարվող հետևողական աշխատանքը, արմատական բարեփոխումները հասարակությանը սպասարկող ծառայությունների աշխատանքում:
   Հանդիպման ավարտին Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց խորհրդակցության մասնակիցներին հետաքրքրող հարցերին, նվիրեց <<Նոր կտակարան>>:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 17:31:25