Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սահմանամերձ Կոթի գյուղում երեխաներին կրթելու հայրենանվեր աշխատանքի համար հատուկ մրցանակ շնորհվեց Կոթի գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Գևորգ Գրիգորյանին

24.02.2014

Օրերս Երևանի պետական կամերային թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի սահմանած <<Հայկյան>> մրցանակաբաշխությունը, որին ներկա էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Ամենամյա այս մրցանակաբաշխության նպատակը հանրապետությունում ուսանողական ինքնակառավարման մարմինների ակտիվության, երիտասարդական ինքնատիպ նախաձեռնությունների, գիտության ոլորտում երիտասարդների ներգրավվածության, ինչպես նաև միջազգային համագործակցության ու պետական երիտասարդական քաղաքականության ոլորտի աշխատանքների խթանումն է։ Նախաձեռնության նպատակն է խրախուսել բոլոր այն երիտասարդական կազմակերպություններին, որոնք տարվա ընթացքում առանձնացել են իրենց ակտիվությամբ և իրականացրած ծրագրերի բովանդակությամբ։
Մրցանակաբաշխության ընթացքում ավելի քան մեկ տասնյակ անվանակարգերում մրցանակների արժանացան 2013թ. իրենց լավագույնս դրսևորած ուսանողական և երիտասարդական կառույցները, լավագույն երիտասարդական ծրագրերը: Ավանդական անվանակարգերից բացի, սահմանվել էին նաև հատուկ մրցանակներ, որոնք մրցանակակիրներին հանձնեց Նախագահ Սերժ Սարգսյանը: Հատուկ մրցանակներ էին սահմանվել Կոմիտասյան համերգաշարի համար, որին արժանացավ Արփինե Կալինինան: Առաջնորդության զարգացման միջազգային կոնֆերանս կազմակերպելու համար «Լավագույն երիտասարդական միջազգային ծրագիր» անվանակարգում հատուկ մրցանակ ստացավ Տնտեսագիտության և կառավարման ոլորտի ուսանողների և երիտասարդ մասնագետների ասոցիացիա AIESEC - Հայաստանը, «Երիտասարդության հետ լավագույնս համագործակցած միջազգային կառույց» անվանակարգում մրցանակի արժանացավ Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդերլանդների ինստիտուտը (Netherlands Institute for Multiparty Democracy), սահմանամերձ գյուղում երեխաներին կրթելու հայրենանվեր աշխատանքի համար մրցանակ ստացավ Տավուշի մարզի Կոթի գյուղի միջնակարգ դպրոցի «Ֆիզիկա» և «Մաթեմատիկա» առարկաների ուսուցիչ Գևորգ Գրիգորյանը, Երիտասարդների և պատանիների շրջանում իրականացվող լայնածավալ աշխատանքի համար՝ «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, պտղի սեռով պայմանավորված՝ հղիության արհեստական ընդհատման դեմ ուղղված «Ապրել եմ ուզում» խորագրով ծրագրի համար՝ «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» հասարակական կազմակերպությունը: Այս տարի «Հայկյան» մրցանակակիրները խորհրդանշական արձանիկից բացի արժանացան նաև «ԱրմԹաբ» հայկական պլանշետի։
Շնորհավորելով բոլոր մրցանակակիրներին, Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորեց և ողջունեց Հայաստանի երիտասարդա¬կան հիմնադրամի այս նախաձեռնությունը, որովհետև այն, ըստ Նախագահի, երիտասարդների էներգիան, նրանց հոգում եղած հուրն ուղղում է դեպի դրականը և մասնակից դարձնում մեր երկրի բարեփոխումներին: Նշելով, որ ցանկացած մրցանակաբաշխություն, մրցույթ, ընտրություն երիտասարդների համար լավ հնարավորություն է դրսևորելու իրենց առավելությունները հասակակիցների նկատմամբ՝ լինել առաջինը, լավագույնն այս կամ այն ոլորտում, Հայաստանի Հանրապետության Նախագահը հետագա նորանոր հաջողություններ և մրցանակներ մաղթեց երիտասարդներին:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57