Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փոխվարչապետն այցելեց Բերդի տարածաշրջան 18.02.2014

19.02.2014

    ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Տավուշի մարզի Բերդի տարածաշրջան կատարած աշխատանքային այցի ընթացքում ծանոթացավ տարածաշրջանում իրականացվող ճանապարհաշինական եւ սոցիալական ենթակառուցվածքների բարելավման ծրագրերին: Փոխվարչապետին ուղեկցում էին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն ու Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի(ՀՍՆՀ) գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը:
   Փոխվարչապետն այցն սկսեց Դիլիջանի տարածաշրջանի Թեղուտ համայնքից, որտեղ ՀՍՆՀ ծրագրով կառուցվում է նոր մանկապարտեզ: Ա. Գեւորգյանին ներկայացվեց շինարարական աշխատանքների ընթացքը: Նախատեսվում է, որ նոր շենքը շահագործման կհանձնվի ամռանը: Ավելի քան 120 մլն. դրամ արժեքով ծրագրին համաֆինանսավորման եղանակով մասնակցում է նաեւ համայնքը:
   Փոխվարչապետն այնուհետեւ ծանոթացավ Վազաշեն-Պառավաքար ճանապարհի կառուցման աշխատանքներին: ՀՀ կառավարության փետրվարի 6-ի որոշմամբ ռազմավարական նշանակություն ունեցող Վազաշեն-Պառավաքար 3.2 կմ ընդհանուր երկարությամբ այլընտրանքային ավտոճանապարհի կառուցման համար հատկացվել էր 535,7 մլն. դրամ: Զեկուցվեց, որ արդեն իրականացվել են շուրջ 240 մլն. դրամի աշխատանքներ: Ակնկալվում է, որ ճանապարհը վերջնականապես պատրաստ կլինի ամռանը:
    Ա. Գեւորգյանն այցելեց նաեւ Ներքին Կարմիր աղբյուր եւ Վերին Կարմիր աղբյուր համայնքներ: ՀՍՆՀ-ն այս համայնքներում եւս սոցիալական ենթակառուցվածքների վերականգնման ծրագրեր է իրականացնում: Ներքին Կարմիր աղբյուրում արդեն կառուցվել է համայնքային նոր կենտրոնի շենքը: Ծրագրի իրականացման համար պահանջվել է 122 մլն. դրամ, որին իր ներդրումն է ունեցել նաեւ համայնքը: Վերին Կարմիր աղբյուրում ներկայումս ընթացքում են մանկապարտեզի նոր շենքի կառուցման աշխատանքները: Այս ծրագրի արժեքը նույնպես շուրջ 122 մլն դրամ է կազմում: Փոխվարչապետին զեկուցվեց, որ շենքը պատրաստ կլինի շահագործման արդեն այս տարվա օգոստոսին: ՀՍՆՀ գործադիր տնօրենը տեղեկացրեց, որ այս տարի կիրականացվի նաեւ տարածաշրջանի մեկ այլ` Այգեպար համայնքի դպրոցի վերանորոգման ծրագիրը, որի արժեքը կկազմի շուրջ 85 մլն. դրամ:
   Փոխվարչապետը մարզպետի եւ համայնքների ղեկավարների ուշադրությունը հրավիրեց վերանորոգվող եւ նոր կառուցվող մանկապարտեզների ֆինանսավորման եւ պահպանման խնդրին` ընդգծելով համայնքային բյուջեներում այդ նպատակով համապատասխան միջոցների նախատեսման կարեւորությունը:
   Նշված համայնքներում փոխվարչապետը հանդիպեց նաեւ բնակիչների հետ, ովքեր ներկայացրեցին իրենց հուզող հարցերը: Նրանք առաջին հերթին կարեւորեցին անվտանգության ապահովումն ու հրադադարի ռեժիմի պահպանումը: Դրական գնահատելով կառավարության կողմից վերջին շրջանում իրականացվող գյուղատնտեսության աջակցության ծրագրերը եւ նշելով, որ իրենց հիմնական եկամտի աղբյուրը գյուղատնտեսությունն է` բնակիչները բարձրացրեցին մատչելի գնով գյուղտեխնիկայի, մասնավորապես, կոմբայնների ձեռք բերման հարցը: Բարձրացվեց նաեւ ոռոգման ցանցի բարելավման խնդիրը, ինչը, ըստ նրանց, հնարավորություն կտա ոռոգելի դարձնել 35-40 հա խաղողի այգի: Բնակիչները կարեւորեցին տարածաշրջանում հակակարկտային կայանների տեղադրման հարցը: Նրանք դրական գնահատեցին 2013թ. սահմանամերձ համայնքների համար հողի հարկի փոխհատուցման եւ ոռոգման ջրի վարձավճարի արտոնությանը վերաբերող կառավարության որոշումը:
   Ա. Գեւորգյանը տեղեկացրեց, որ կառավարությունը նախատեսում է այս տարի եւս շարունակել նույն ծրագիրը, եւ առաջիկայում համապատասխան որոշման նախագիծը կներկայացվի: Նա նաեւ խոստացավ, որ բարձրացված մյուս հարցերը եւս կքննարկվեն կառավարությունում:
  Փոխվարչապետը բնակիչներին պարզաբանումներ ներկայացրեց նաեւ "Հայխնայբանկ"-ում ավանդների փոխհատուցման գործընթացի, ինչպես նաեւ կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ:
  Ա. Գեւորգյանը կանգ առավ Նավուր համայնքում, որտեղ ծանոթացավ վերանորոգման կարիք ունեցող դպրոցի շենքային պայմաններին: Քննարկվեց շենքի նորոգման հարցը հետագա ծրագրերում ներառելու հնարավորությունը:
  Բերդ քաղաքում փոխվարչապետը շրջայց կատարեց վերանորոգված մանկապարտեզի շենքում, հանդիպեց աշխատակիցների հետ: Շենքի հիմնանորոգումն իրականացվել է մարզի առաջնահերթ խնդիրների լուծման եւ ՀՍՆՀ-ի ծրագրերով: Փոխվարչապետը գոհունակություն հայտնեց ստեղծված պայմանների կապակցությամբ` հույս հայտնելով, որ մարզում անհրաժեշտ ենթակառուցվածքների առկայությունը նոր հնարավորություններ կստեղծի բնակչության համար:
  Բերդում փոխվարչապետն այցելեց նաեւ քաղաքային հիվանդանոց, որը հիմնանորոգվում է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող առողջապահական համակարգի արդիականացման ծրագրով: Նախատեսվում է երկու մասնաշենքի հիմնանորոգում եւ մեկ նոր մասնաշենքի կառուցում, ինչպես նաեւ վերազինում: Շինարարական աշխատանքների իրականացման ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 674 մլն. դրամ: Փոխվարչապետին զեկուցվեց, որ աշխատանքները կավարտվեն ընթացիկ տարվա ամռանը, եւ բնակչությունը հնարավորություն կունենա տեղում առավել որակյալ բուժծառայություններ ստանալ:
   Փոխվարչապետը եղավ նաեւ Բերդի համայնքապետարանի նախկին վարչական շենքում, որտեղ տեղակայված են գրադարանը, համայնքային այլ կառույցներ, ծանոթացավ շենքային պայմաններին, տեղում պատասխանատուների հետ քննարկվեցին շենքի վերանորոգման հնարավորությունները:Ա. Գեւորգյանն այցելեց նաեւ Բերդում կառուցվող Սուրբ Գեւորգ եկեղեցու շինհրապարակ, տեղեկացավ աշխատանքների ընթացքին:
  Այցի ավարտին փոխվարչապետը ծանոթացավ նաեւ Իծաքար-Գանձաքար ճանապարհահատվածի բարեկարգման եւ վերանորոգման աշխատանքներին: Ներկայումս իրականացվում են ճանապարհի որոշ հատվածների լայնացման եւ բարեկարգման աշխատանքներ:

ՏԿՆ Հասարակայնության հետ կապերի բաժին
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57