Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱԺ նախագահը խոստացավ լուծում տալ բարձրացված հարցերին

13.02.2014

    ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը փետրվարի 12-ին Տավուշի մարզ կատարած իր աշխատանքային այցն սկսեց N զորամասում զինվորների ու սպայական կազմի հետ հանդիպմամբ: Այցի ընթացքում Ազգային ժողովի նախագահին ուղեկցում էին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, ԱԺ պատգամավորներ, բարձրաստիճան զինվորականներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ: Օրենսդիրի ղեկավարն այստեղ ծանոթացավ զորանոցային պայմաններին ու զինվորների կենցաղին, շփվեց զինվորների հետ: Զորամասից ԱԺ նախագահը մեկնեց սահմանային հենակետ, թեյի սեղանի շուրջ անմիջական զրույց ունեցավ սահմանապահ զինվորների հետ: Այնուհետև այցելեց սահմանին գտնվող Բերքաբեր համայնք, եղավ գյուղի նորակառույց եկեղեցում և դպրոցում: Պետական միջոցներով հիմնանորոգված դպրոցում ստեղծված են բոլոր պայմանները երեխաների կրթության ու դաստիարակության գործը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Կրթօջախն ունի եվրոպական չափանիշներին համապատասխանող մարզադահլիճ, համակարգչային սենյակ: ԱԺ նախագահը համակարգիչներ ու մարզագույք նվիրեց դպրոցին: Հովիկ Աբրահամյանը հանդիպեց նաև համայնքի բնակչության հետ, ականջալուր եղավ նրանց խնդիրներին: Համայնքի համար թիվ մեկ խնդիր է խմելու ջրի հարցը, պակաս կարևոր չեն նաև գազաֆիկացման, համայնքային ճանապարհի ասֆալտապատման խնդիրները: ԱԺ նախագահն ասաց, որ ջրամատակարարման խնդրի լուծումը կիրականացվի շտապ կարգով, իսկ գազիֆիկացման հարցը լուծման ճանապարհին է: <<Տեղյակ ենք բոլոր խնդիրների մասին, սակայն բազմաթիվ խնդիրներ ծառացած են ողջ մեր երկրի առաջ, և մենք փորձելու ենք աստիճանաբար լուծել դրանք, ուղղակի չունենք մեծ ռեսուրսներ բոլոր խնդիրները միանգամից լուծելու համար: Սակայն փաստ է նաև այն, որ ապագայում դրանք բոլորը լուծվելու են: Իմ այցից հետո մենք շատ ակտիվ աշխատելու ենք այս համայնքի հետ>>,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
   Օրենսդիրի ղեկավարը եղավ նաև Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի Վազաշեն-Պառավաքար վտանգավոր տեղամասը շրջանցող` նոր կառուցվող ճանապարհահատվածում, ծանոթացավ աշխատանքների ընթացքին: ԱԺ նախագահին զեկուցեցին, որ մոտ 520,0 մլն. դրամ նախահաշվային արժեքով 3,2 կիլոմետր երկարությամբ նոր կառուցվող ճանապարհահատվածը գոյություն ունեցող ճանապարհը կկրճատի 1,9 կիլոմետրով: <<Ճաննախագիծ ինստիտուտ>> ՍՊԸ-ի կողմից իրականացվել է նախագծանախահաշվային փաստաթղթերի վերջնական տարբերակի կազմման և փորձագիտության անցկացման գործընթացը: <<Իջևանի ՃՇ>> ՓԲԸ-ի կողմից իրականացվում են ճանապարհի ծրագծի վերականգնման հողային աշխատանքները: Ներկայումս վերականգնված է 1700 գծամետր հատվածի հողապաստառը, զուգահեռ իրականացվում են արհեստական ու ինժեներական կառուցվածքների տեղադրման, ժայռային գրունտներում՝ պայթեցման աշխատանքներ: Կատարված է հողային աշխատանքների 50 տոկոսը: Աշխատանքներն ընթանում են սահմանված կարգով և կավարտվեն նախատեսված ժամանակում:
    Վազաշենում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց գյուղի նորակառույց համայնքային կենտրոն, շրջեց շենքում, այնուհետ կենտրոնի ընդարձակ դահլիճում հանդիպում ունեցավ գյուղի բնակչության հետ: Իր ողջույնի խոսքում Հովիկ Աբրահամյանը կարևորեց իշխանությունների ուշադրությունը սահմանամերձ համայնքների նկատմամբ և այն, որ այդ համայնքներում եղած խնդիրները պետք է անպայման լուծվեն: Համայնքի ղեկավար Լորիկ Բադիրյանը ներկայացրեց սահմանային գյուղի խնդիրները, որոնցից որպես առաջնահերթություններ առանձնացվեցին ջրամատակարարման ու մանկապարտեզի կառուցման հարցերը: Տարբեր խնդիրներով Հովիկ Աբրահամյանին դիմեցին նաև առանձին բնակիչներ: ԱԺ նախագահը խոստացավ, որ անպայման ուշադրություն կդարձվի բարձրացված հարցերին, ինչպես նաև լուծում կտրվի բնակիչներին հուզող խնդիրներին:
   Ազգային ժողովի նախագահի աշխատանքային այցի վերջին կանգառը Ազատամուտ համայնքն էր, որտեղ նրան դիմավորեցին ազգային երաժշտությամբ, երգ ու պարով: ԱԺ նախագահը ծաղիկներ դրեց զոհված ազատամարտիկների հիշատակին կանգնեցված խաչքար-հուշարձանին: Ազատամուտում ևս անմիջական հանդիպում տեղի ունեցավ բնակչության հետ, բարձրացվեցին գյուղի համար առաջնահերթ կարևորության հարցեր, որոնք են ջրամատակարարումը, մանկապարտեզի և երաժշտական դպրոցի վերանորոգումը: Համայնքապետարանում ԱԺ նախագահին ներկայացվեց համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցման աշխատանքների ընթացքը: Հանդիպմանը ներկա էր նաև <<Հայջրմուղկոյուղի>> ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը: Ինչ վերաբերում է մանկապարտեզի և երաժշտական դպրոցի վերանորոգմանը, օրենսդիրի ղեկավարն իր աջակցությունը խոստացավ: Հանդիպման ընթացքում ԱԺ նախագահի կողմից գյուղի մանկապարտեզի սաները խաղալիքներ նվեր ստացան, իսկ համայնքապետարանը` համակարգիչ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:13:59