Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այցով Դիլիջանում էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը

10.02.2014

Փետրվարի 7-ին աշխատանքային այցով Դիլիջանում էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի ուղեկցությամբ կառավարության ղեկավարն այցն սկսեց Դիլիջանի միջազգային դպրոցից, որտեղ ծանոթացավ կրթօջախի շինարարական աշխատանքների ընթացքին: Վարչապետին տեղեկացրին, որ Միացյալ համաշխարհային քոլեջների ցանցին միացած Դիլիջանի միջազգային դպրոցն իր դռները կբացի 2014 թվականի սեպտեմբերին և առաջին ուսումնական տարում կընդունի 90 աշակերտի: Նախատեսվում է, որ 2023 թվականին դպրոցում ուսանելու է տարբեր ազգությունների 650 աշակերտ ավելի քան 50 երկրից: Նրանց 90 տոկոսը դպրոցում կսովորի անվճար` բարերարների կողմից հատկացված կրթաթոշակների շնորհիվ: Հայաստանցի շնորհալի ու տաղանդավոր երեխաները կազմելու են դպրոցի աշակերտների 10 տոկոսը, իսկ սփյուռքահայ երեխաների թիվը կլինի մոտ 30 տոկոս։
«Իրականացվում է ժամանակակից շինարարություն՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ, որոնք Հայաստանում դեռևս չեն օգտագործվել: Սա մեզ համար կարևոր է, քանի որ այդ փորձը, գիտելիքը կկարողանանք կիրառել նաև այլ շինարարական օբյեկտներում: 64 հազար քմ ընդհանուր տարածքում գործելու է մեծ համալիր՝ ժամանակակից սպասարկման նոր մեթոդների կիրառմամբ: Այս պահին այս օբյեկտի շնորհիվ ստեղծվել է շուրջ 1000 աշխատատեղ, սակայն կարևորն այն է, որ երբ այն հանձնվի շահագործման, կստեղծվեն նաև լրացուցիչ նոր, բարձր որակավորում պահանջող աշխատատեղեր՝ բարձր աշխատավարձով: Այս օբյեկտը Հայաստանի համար լուրջ առաջընթաց է», -լրագրողների հետ ունեցած հարցազրույցում ասաց վարչապետը: Նա նաև տեղեկացրեց, որ ՀՀ կառավարության մոտակա նիստերից մեկի ընթացքում կքննարկվի Դիլիջանի միջազգային դպրոցին հարակից ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը, ինչի իրականացման համար պետությունը կհատկացնի անհրաժեշտ ֆինանսական միջոցներ:
Դիլիջանյան այցի երկրորդ կանգառը քաղաքապետարանն էր, որտեղ կառավարության ղեկավարն անցկացրեց խորհրդակցություն: Քննարկվեցին քաղաքի զարգացմանն առնչվող հարցեր: Խորհրդակցության ընթացքում Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն ու Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը զեկուցեցին իրականացված աշխատանքների ու առկա խնդիրների մասին: Տեղեկացվեց, որ նախորդ տարվա ընթացքում պետբյուջեից հատկացված շուրջ 450 միլիոն դրամի շնորհիվ իրականացվել են հրատապ լուծում պահանջող բազմաթիվ ծրագրեր, այդ թվում՝ ճանապարհաշինական և ջրամատակարարման: ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը զեկուցեց, որ կատարվող աշխատանքների արդյունքում ընթացիկ տարում Դիլիջանի բնակչության 80 տոկոսը կունենա շուրջօրյա ջրամատակարարում:
Վարչապետի այցի հաջորդ կանգառը Գոշավանքն էր, որտեղ գործադիրի ղեկավարը ծաղիկներ դրեց միջնադարի մեծ մտածող ու առակագիր Մխիթար Գոշի բրոնզձույլ արձանին, այնուհետև շրջեց վանական համալիրում, ծանոթացավ այստեղ իրականացվող վերանորոգման աշխատանքներին: Գոշավանքի վանական համալիրի վերականգնման նպատակով կառավարությունը նախորդ տարի հատկացրել է 16 միլիոն, իսկ այս տարի՝ 15 միլիոն դրամ: Ընդհանուր առմամբ վերականգնողական աշխատանքները գնահատվում են 280 միլիոն դրամ: Վարչապետը հանձնարարեց ՀՀ մշակույթի նախարարությանը՝ ուշադրության կենտրոնում պահել վանական համալիրի վերականգնողական աշխատանքների ընթացքը, որպեսզի համալիրի պատմամշակութային տեսքից շեղումներ թույլ չտրվեն:
Տիգրան Սարգսյանն այցելեց նաև Հաղարծնի վանական համալիր, որը հիմնանորոգվել է Արաբական Միացյալ Էմիրությունների Գերագույն խորհրդի անդամ, Շարժայի կառավարիչ Նորին Գերազանցություն շեյխ դոկտոր Սուլթան Բին Մոհամմադ Ալ Քասիմիի սրտաբուխ բարերարությամբ: Տավուշի մարզպետի, իրեն ուղեկցող պաշտոնատար անձանց ուղեկցությամբ վարչապետը շրջայց կատարեց վանական համալիրոմ, ծանոթացավ կատարված աշխատանքներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57