Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍՕՍ մանկական գյուղում նշվեց Հայոց բանակի կազմավորման 22-րդ տարեդարձը
30.01.2014
Հունվարի 29-ին Իջևանի ՍՕՍ մանկական գյուղում տոնական տրամադրություն էր: Գյուղի սաների մասնակցությամբ անցկացվեց գեղեցիկ և հայրենաշունչ միջոցառում` նվիրված Հայկական բանակի կազմավորման 22-րդ տարեդարձին: Ներկա էին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, N զորամասի հրամանատար գնդապետ Միհրան Մախսուդյանը, Գյուղի հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Գյուղի մայրեր, մորաքույրներ, հյուրեր: Միջոցառումն սկսվեց Հայաստանի Հանրապետության հիմնով: Երեխաները հիմնի հնչյունների ներքո դահլիճ բերեցին Հայաստանի եռագույն դրոշը, որին հաջորդեցին հայրենասիրական երգերն ու պարերը: Սաները հայրենասիրական ստեղծագործություններով ներկայացրին Հայոց բանակի ստեղծման բոլոր փուլերը, հիշատակեցին արցախյան ազատամարտի անմահ հերոսների անունները՝ խոնարհվելով նրանց հիշատակի առաջ: Սլայդների միջոցով ցուցադրվեցին հատվածներ հերոսների մարտական կյանքից: Բոլորը մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգեցին օրեր առաջ սահմանին զոհված հայրենիքի զինվոր և արժանավոր հայորդի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի պայծառ հիշատակը: Ներկաներին ողջունեց ու շնորհավորեց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Մարզպետը շնորհակալություն հայտնեց հաստատության տնօրինությանը, մանկավարժներին ու աշխատակիցներին Գյուղի երեխաների հայրենասիրական դաստիարակության գործում ունեցած ներդրման համար և օրվա առթիվ հուշանվեր հանձնեց: