Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մամուլի հաղորդագրություն

23.01.2014

22/01/2014

   Տավուշի մարզի Պառավաքար-Վազաշեն ճանապարհին որպես այլընտրանք կառուցվող 3,2կմ երկարությամբ շրջանցիկ ճանապարհը շահագործման կհանձնվի հունիսին: Այն կրճատելու է երթևեկությունը 1,8 կմ-ով և լինելու է առավել անվտանգ:
   «Եղած նախագծերից ընտրվել է ամենաօպտիմալ տարբերակը` անվտանգության, ժամանակի, ճանապարհի երկարության առումներով, դա լինելու է լիովին անվտանգ ճանապարհ»,-ասաց Ալեքսանդր Բախտամյանը ՝Տրանսպորտի և կապի նախարարության Տրանսպորտի ԾԻԳ պետական հիմնարկի տնօրենը:
  Արդեն 3 ամիս է Պառավաքար-Վազաշեն ճանապարհը պաշտոնապես հայտարարված է փակ: 2013թ. հոկտեմբերի 22-ին ադրբեջանական կրակոցներից այնտեղ մահացավ 1 և վիրավորվեց 3 զինվոր:
   «Այդ հատվածում անցյալ տարի 3 զինվորական է զոհվել, եղել է 11 վիրավոր, որից երկուսը՝ քաղաքացիական անձինք: Ճանապարհը հեշտ հասանելի է հակառակորդի դիտակետերին, հետևաբար որոշում կայացվեց նոր առավել անվտանգ ճանապարհ կառուցելու», – նշեց ՊՆ Զինված ուժերի օպերատիվ վարչության ներկայացուցիչ, գնդապետ Անդրանիկ Մկրտումյանը:
  Կառուցվող ճանապարհն ավելի հեռու է հակառակորդի դիտակետերից և 2մ բարձրությամբ պաշտպանիչ պատնեշ է ունենալու: Իսկ մինչ կառուցումը շրջակա համայնքների բնակիչները պետք է օգտվեն երկու այլընտրանքային ճանապարհներից՝ Բերդ-Ճամբարակ և Բերդ-Իծաքար-Գանձաքար-Իջևան. դրանք բարվոք վիճակում չեն, բայց անցանելի են:
   «Ես ինքս դեկտեմբերին օգտվել եմ Պառավաքար-Վազաշեն ճանապարհից, բայց բնակչությանը կոչ ենք անում այլընտրանքային ճանապարհները կիրառել՝ ելնելով անվտանգությունից», – ասաց Տավուշի մարզպետարանի Տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Արտակ Սարգսյանը՝ ընդունելով, որ ձմռանը այլընտրանքային ճանապարհներից մեկն ինչ-որ ժամանակով գուցե անանցանելի է լինում, իսկ մյուսն էլ՝ ընդհանուր առմամբ անբարեկարգ է:
  Բախտամյանի կարծիքով՝ «Իջևանի Ճանշին» ընկերությունն ամեն ինչ անում է, որպեսզի նոր ճանապարհը ժամանակին հանձնվի շահագործման. այն հեռու է կրակակետերից և ապահոված է նաև շինաշխատողների անվտանգությունը:
   «Մեր մոտեցումն է` զրո զոհ և բարձր անվտանգություն: Ընտրվել է առավելագույն անվտանգ ճանապարհի տարբերակը», -հավաստիացրեց փոխգնդապետ Սուրեն Դարբինյանը՝ ՊՆ Պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային ռազմական համագործակցություն բաժնի պետը:
   Նոր կառուցվող ճանապարհի հողային աշխատանքների 70 %-ը կատարված է: Եղանակային պայմանների հետևանքով աշխատանքները հնարավոր կլինի ավարտել միայն հունիսին՝ կարճ և անվտանգ ճանապարհով իրար կապելով Վազաշեն և Պառավաքար համայնքները:

  Հունվարի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ Տավուշի մարզի Պառավաքար-Վազաշեն ճանապարհի փակման, այլընտրանքային ճանապարհի կառուցման և անվտանգության վերաբերյալ: Քննարկման բանախոսներն էին ՀՀ ՊՆ Պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային ռազմական համագործակցություն բաժնի պետ, փոխգնդապետ Սուրեն Դարբինյանը, ՊՆ Զինված ուժերի օպերատիվ վարչության ներկայացուցիչ, գնդապետ Անդրանիկ Մկրտումյանը, ՀՀ ՏՆ Տրանսպորտի ԾԻԳ պետական հիմնարկի տնօրեն Ալեքսանդր Բախտամյանը, ՀՀ Տավուշի մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Արտակ Սարգսյանը:

Քննարկումը նախաձեռնել էր Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակը՝ «Մեդիա կենտրոնի» հետ համագործակցությամբ:

www.media-center.am
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05