Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կատարած աշխատանքներն ամփոփեցին մարզի փրկարարները

22.01.2014

  Երեկ Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության հաշվետու նիստը, որտեղ ամփոփվեցին 2013 թվականի ընթացքում կատարված աշխատանքները: Նիստին մասնակցում էին ՀՀ ԱԻՆ Հայպետհիդրոմետի տնօրեն Լևոն Վարդանյանը, ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը, մարզի ուժային կառույցների ներկայացուցիչներ, դպրոցների տնօրեններ ու համայնքների ղեկավարներ, ոլորտի պատասխանատուներ: Նիստը վարեց Տավուշի մարզպետի տեղակալ Վահե Վարդապետյանը: Հաշվետու զեկուցումով հանդես եկավ Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության փոխգնդապետ Վաղինակ Հովսեփյանը: Նշվեց, որ հաշվետու տարում մարզային վարչության կողմից ամբողջությամբ կատարվել են 2013 թվականի հիմնական միջոցառումների պլանով նախատեսված աշխատանքները: Տարվա ընթացքում արձանագրվել է ԱԻ 263 դեպք, որը նախորդ տարվանից պակաս է 18-ով: Զգալիորեն նվազել է հրդեհների քանակը. 2013 թվականին գրանցվել է 108 դեպք 2012 թվականի 204-ի դիմաց: 2013-ին գրանցվել է խոտածածկ տարածքների 23 հրդեհ` նախորդ տարվա 114-ի դիմաց: Զեկուցողն անդրադարձավ նաև հրամանատարաշտաբային ուսումնավարժություններին և քաղաքացիական պաշտպանության համակարգի նախապատրաստման աշխատանքներին: Հաշվի առնելով մարզում բնական և տեխնածին աղետների սպառնալիքները` նշվեց, որ տարվա ընթացքում շարունակվել են այդ աղետների կանխատեսմանը, կանխարգելմանն ու հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումները: Փրկարարական ուժերի պատրաստականության բարձրացման նպատակով ՄՓՎ ստորաբաժանումներում անց են կացվել պարապմունքներ, մարտավարական վարժանքներ, հրշեջ-փրկարարական ջոկատների տակտիկական պարապմունքներ: Իսկ Շվեյցարիայի զագացման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող <<Արձագանք. բուժմիավորումներ>> ծրագրի շրջանակներում ուսումնավարժանքներ են անցկացվել մարզի 4 տարածաշրջաններում: Անդրադարձ եղավ նաև ոլորտում առկա բացթողումներին ու խնդիրներին: Կարևորվեց համայնքներում հիդրանտների ստեղծման հարցը, ինչպես նաև համայնքային բյուջեներում ԱԻ կանխարգելման և վերացման համար միջոցների նախատեսումը: 2013 թվականի ընթացքում կատարած աշխատանքների մասին զեկուցեցին նաև մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Արմեն Համբարձումյանը և հիդրոօդերևութաբանական ծառայության պետ Էդիկ Միրզոյանը: Իսկ սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայության պետ Սերգեյ Նազարեթյանը սլայդների միջոցով ներկայացրեց մարզի սեյսմիկ ռիսկերի քարտեզները: Զեկուցողը կարևորեց համագործակցված աշխատանքը մարզի ղեկավարության հետ, որի արդյունքում այսօր Տավուշը միակ մարզն է, որի բոլոր քաղաքների համար կազմվել են սեյսմիկ ռիսկի քարտեզներ: Տեխնիկական անվտանգության Տավուշի մարզային փորձաքննական բաժանմունքի պետ Գևորգ Խուդավերդյանը ներկայացրեց տարվա ընթացքում իրականացրած տեխնիկական անվտանգության փորձաքննության արդյունքները` նշելով, որ 2013թ. ընթացքում մարզում տեխնածին վթարներ չեն արձանագրվել:
  Զեկուցումների շուրջ ծավալվեց մտքերի փոխանակություն, արվեցին կոնկրետ առաջարկություններ: Նիստի աշխատանքներն ամփոփեցին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը և փրկարար ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը: Գեներալը դրական գնահատեց հաշվետու տարում մարզի փրկարարների կատարած աշխատանքը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 17:31:25