Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մարզային խորհրդակցությունների շարքը մեկնարկեց Տավուշի մարզից

21.01.2014

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի 2014թ. մարզային խորհրդակցությունների շարքը մեկնարկեց Տավուշի մարզից: Հունվարի 20-ին Տավուշի մարզպետարանում անցկացված խորհրդակցության ընթացքում ամփոփվեցին մարզում 2013թ. կատարված աշխատանքները և ներկայացվեցին 2014թ. ծրագրերն ու անելիքները: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետ Արմեն Ղուլարյանը, մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների, մարզի քաղաքային համայնքների ղեկավարները, ինչպես նաև Տարածքային կառավարման նախարարության պատասխանատուներ: Օրակարգում հետևյալ հարցերն էին.
• Մարզային զարգացման ծրագրերի կատարման ընթացքի ներկայացում
• 2013թ. մարզում իրականացված կապիտալ ծրագրերի արդյունավետությանը վերաբերող հարցեր
• 2013թ. իրականացված և 2014թ. իրականացվելիք վարչական հսկողության գործընթացին առնչվող հարցեր
• 2013թ. մարզի տարածքում իրականացված ստուգումների արդյունքների ամփոփում
• 2013թ. գյուղատնտեսության ոլորտի ամփոփում և 2014թ. նախատեսվող աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցեր
• 2013թ. հանրակրթական դպրոցների գործունեության ամփոփում և 2014թ. արդյունավետ գործունեությանն առնչվող հարցեր
• 2013թ. առողջապահական հիմնարկների գործունեության ամփոփում և 2014թ. արդյունավետ գործունեությանն առնչվող հարցեր
• Ինֆոտեխնոլոգիաների բնագավառում 2013թ. իրականացված աշխատանքներ և 2014թ. կանխատեսումներ
• 2013թ. համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշներին առնչվող հարցեր
• 500.0 հազ. դրամ և ավելի հողի ու գույքի հարկի, ինչպես նաև վարձակալության գծով պարտավորություններ ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձանցից գումարների գանձման գործընթացին առնչվող հարցեր
• Համայնքների 2014 թ. բյուջեների կազմման և հաստատման գործընթացին առնչվող հարցեր
• 2014թ. հունվարի 1-ի դրությամբ համայնքների աշխատակազմերում ձևավորված աշխատավարձերի պարտքերին առնչվող հարցեր
• Համայնքներում 2008-2012թ.թ. մատուցված ծառայություններին վերաբերող հարցեր
• Համայնքային ծառայության բնագավառի խնդիրներ
Նշվեց, որ 2013 թ. մարզի համայնքների բյուջեների կատարողականը կազմել է 99.2 %: 2012 թ. համեմատությամբ ընդամենը եկամուտների ցուցանիշն աճել է 8.2 %-ով կամ 182,7 մլն դրամով: Հողի հարկի հավաքագրումը կատարվել է 90.7 %-ով, գույքահարկինը` 107.8 %-ով: Փոխվարչապետն ընդհանուր առմամբ դրական գնահատելով ցուցանիշները` միաժամանակ ներկաների ուշադրությունը հրավիրեց հողի հարկի հավաքագրումների տվյալների վրա` նկատելով, որ թերի հավաքագրումներից առաջին հերթին տուժում է հենց համայնքային բյուջեն:
Ա. Գևորգյանն առանձնահատուկ անդրադարձավ խոշոր հարկատուների կողմից հողի հարկի, գույքահարկի և վարձակալության մասով ունեցած պարտավորությունները ժամանակին կատարելու հարցին: Նշվեց, որ հունվարի 10-ի դրությամբ հողի հարկի և գույքահարկի մասով միայն խոշոր հարկատուների ունեցած պարտավորությունը կազմում է 8,7 մլն դրամ: Փոխվարչապետը ներկաներին և, մասնավորապես, համայնքների ղեկավարներին հորդորեց գործնական քայլեր ձեռնակել, որպեսզի հատկապես խոշոր հարկատուների կողմից համայնքի նկատմամբ ունեցած ֆինանսական պարտավորություններն ամբողջությամբ կատարվեն և անթույլատրելի համարեց պարտքերի առկայությունը:
Առանձնահատուկ անդրադարձ եղավ համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահողերի վարձակալության տրամադրման ընթացակարգերին: Փոխվարչապետը կարևորեց նշված ընթացակարգերի պարզեցումը, ինչպես արվել էր արոտավայրերի վարձակալության պարագայում:
Փոխվարչապետին զեկուցվեց նաև, որ մարզի համայնքներում արդեն ավարտվել է 2014թ. բյուջեների կազմման գործընթացը: Մարզպետարանի պատասխանատուները նշեցին, որ անհրաժեշտ մեթոդական աջակցություն ցուցաբերվել է համայնքներին, կազմվել են բավականին իրատեսական ֆինանսական փաստաթղթեր:
Ա. Գևորգյանը խորհրդակցությանը ներկա համայնքների ղեկավարներին առաջարկեց հետևողական լինել բյուջեների ամբողջական կատարման հարցում, ինչը հնարավորություն կտա ապահովել նախատեսված ծրագրերի իրականացումը:
Քննարկվեցին նաև մարզպետարանի և համայնքային ենթակայության հիմնարկներում իրավապայմանագրային ընթացիկ խնդիրների հետ կապված հարցեր: Ա. Գևորգյանն առաջարկեց սեղմ ժամկետներում ավարտել անհրաժեշտ աշխատանքներն ու պայմանագրերի կնքման գործընթացը` հաշվի առնելով, որ կառավարությունն արդեն հաստատել է համապատասխան որոշումները, ինչպես նաև հորդորեց հետևողական լինել, որպեսզի աշխատավարձերի վճարումների ուշացումներ չլինեն:
Խորհրդակցության ընթացքում ներկայացվեց նաև համայնքների աշխատակազմերի աշխատակիցների առավելագույն թվաքանակի մոդելը, որը մշակվել է Տարածքային կառավարման նախարարության կողմից` հիմք ընդունելով բնակչության թիվը:
Տվյալներ ներկայացվեցին նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ մարզի համայնքներում կատարված աշխատանքների մասին: Նշվեց, որ Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ (ՀԿՏՀ) է ներդրված մարզի 62 համայնքներից 29-ում, 22 համայնք ունի նաև էլեկտրոնային փաստաթղթաշարժի հնարավորություն: Փոխվարչապետը հորդորեց ակտիվ աշխատանքներ իրականացնել այդ ուղղությամբ` տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումն ու կիրառումը կարևոր համարելով ինչպես աշխատանքների արդյունավետության, այնպես էլ թափանցիկության տեսանկյունից:
Օրակարգային մյուս հարցը վերաբերում էր կառավարության կողմից գյուղատնտեսության աջակցության ծրագրերի իրականացմանը: Փոխվարչապետին զեկուցվեց, որ ամփոփվել է 2014թ. համար մարզի հողօգտագործողների` պարարտանյութի, դիզվառելիքի, սերմացուի պահանջարկը, և համապատասխան տվյալները կներկայացվեն կառավարություն:
Խորհրդակցությանը տեղեկություններ ներկայացվեցին 2013թ. մարզում տարբեր ծրագրերով իրականացված աշխատանքների մասին: Նշվեց, որ ընդհանուր առմամբ կատարվել է ավելի քան 26 մլրդ դրամի ներդրում, որոնցից 21,5 մլրդ դրամը` քաղաքաշինության, 840,5 մլն դրամը` ճանապարհաշինության, 810 մլն դրամը` ջրամատակարարման, 1 մլրդ դրամը` գազիֆիկացման, 2 մլրդ դրամը` դրենաժային ցանցի կառուցման բնագավառներում: Փոխվարչապետն անդրադառնալով կապիտալ ծրագրերին` հատկապես ընդգծեց ճանապարհաշինական ծրագրերի ժամանակին իրականացման կարևորությունը` հարցն առաջնահերթ համարելով Իջևանի եւ Բերդի տարածաշրջանի համայնքների տրանսպորտային հաղորդակցության ապահովման տեսանկյունից:
Փոխվարչապետը մարզպետարանի պատասխանատուներին և համայնքների ղեկավարներին հորդորեց նաև ամենայն աջակցություն ցուցաբերել Դիլիջան քաղաքի զարգացման ծրագրերի իրականացմանը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57