Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փոխվարչապետի նախագահությամբ տեղի ունեցավ Դիլիջան քաղաքի զարգացման ծրագրերի համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

20.01.2014

   ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի նախագահությամբ հունվարի 17-ին տեղի ունեցավ Դիլիջան քաղաքի զարգացման ծրագրերի համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էին նաեւ հասարակական կազմակերպությունների եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:
  Հանձնաժողովի պատասխանատու քարտուղար, ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը զեկուցեց Դիլիջան քաղաքային համայնքի զարգացման միջոցառումների ծրագրով 2013թ. համար նախատեսված եւ իրականացված աշխատանքների, ինչպես նաեւ 2014թ. անելիքների ու առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների մասին:
  Տեղեկություններ ներկայացվեցին Դիլիջան քաղաքի քաղաքաշինական փաստաթղթերի կազմման գործընթացի, ենթակառուցվածքների` մասնավորապես ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագրի, "Դիլիջան" ազգային պարկի կառավարման պլանի մշակման ընթացքի, ինչպես նաեւ համայնքում իրականացվող ներդրումային ծրագրերի վերաբերյալ:
  Քաղաքի զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացման տեսանկյունից առաջնահերթ կարեւորելով քաղաքաշինական փաստաթղթերի` գոտեւորման սխեմայի, կառուցապատման նորմատիվների մշակումը, Ա. Բախշյանը տեղեկացրեց, որ դրանց պատրաստմանն աջակցելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում Ասիական զարգացման բանկի, Համշխարհային բանկի, մասնավոր կազմակերպությունների հետ: Քաղաքաշինության փոխնախարար Ռուզան Ալավերդյանը հարցի վերաբերյալ տեղեկացրեց, որ Քաղաքաշինության նախարարությունն արդեն ամփոփել է քաղաքի գոտեւորման սխեմայի տեխնիկական առաջադրանքի վերաբերյալ շահագրգիռ պետական եւ մասնավոր կազմակերպությունների կողմից ներկայացրած առաջարկությունները, եւ առաջիկա օրերին փաստաթուղթը կներկայացվի հանձնաժողովի նախագահին:
  Անդրադառնալով մյուս ծրագրերին` Ա. Բախշյանը նշեց, որ "Հայջրմուղկոյուղի" ՓԲ ընկերության կողմից շարունակվում է Դիլիջանի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի վերանորոգման ծրագրի իրականացումը` ՎԶԵԲ-ի ֆինանսական աջակցությամբ: 1 մլրդ 21 մլն դրամ արժողությամբ ծրագրից 2013թ-ին կատարվել են 557 մլն դրամի աշխատանքներ: Ընթացքում է նաեւ քաղաքի մաքրման կայանի կառուցման ծրագիրը: Նշված երկու ծրագրերն էլ նախատեսվում է ավարտել մինչեւ 2014թ-ի տարեվերջ: 2013թ. իրականացվել են նաեւ հակասողանքային միջոցառումներ, կառուցվել է 1,5 կմ երկարությամբ դրենաժային ցանց: Արդեն հայտարարվել է նաեւ "Դիլիջան" ազգային պարկի կառավարման պլանի մշակման փորձագիտական մրցույթը:
  2014թ-ին կշարունակվեն համայնքային ճանապարհների բարեկարգման, գերեզմանատների շահագործման խնդիրների կանոնակարգման եւ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված այլ աշխատանքներ:
  Նիստում քննարկվեցին նաեւ քաղաքի առողջապահական հիմնարկների զարգացման հնարավորությունները: Նշվեց, որ չնայած նոր ախտորոշիչ կենտրոնի բացմանը, այնուամենայնիվ, հիվանդանոցային պայմանների բարելավման եւ բժշկական ծառայությունների որակի բարձրացման անհրաժեշտություն կա:
Հանձնաժողովը նպատակահարմար գտավ նաեւ կառավարությանն առաջարկել աջակցություն ցուցաբերել քաղաքով անցնող Աղստեւ գետի որոշ հատվածների ափապաշտպան աշխատանքների իրականացմանը:
  Որոշվեց նաեւ, որ քաղաքի տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման եւ ուղեւորափոխադրումների կազմակերպման վերաբերյալ մասնավոր կազմակերպությունների կողմից ներկայացված նախագծերը կուսումնասիրվեն Տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից, որից հետո առաջարկություններ կներկայացվեն կառավարությանը` ինչպես միջքաղաքային, այնպես էլ ներքաղաքային ուղեւորափոխադրումների կազմակերպման վերաբերյալ:
   Արձանագրվեց նաեւ, որ քաղաքի համար շարունակում է առաջնահերթ մնալ նոր աղբավայրի եւ աղբահանության կազմակերպման խնդիրը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ հարցը կքննարկվի շահագրգիռ մարմինների եւ կազմակերպությունների հետ` արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով:
   Նիստում ներկայացվեց նաեւ Դիլիջանի եւ հարակից գյուղական համայնքների վարչատարածքային բարեփոխումների մոդելը: Հանձնաժողովի անդամները կծանոթանան նյութերին, ինչպես նաեւ համապատասխան քննարկումներ կկազմակերպվեն տեղերում:
   Որոշվեց, որ հանձնաժողովը նիստեր կգումարի եռամսյա պարբերականությամբ` կատարված աշխատանքները քննարկելու համար, իսկ ընթացքում առաջացած հարցերը կլուծվեն աշխատանքային կարգով:


www.mta.gov.am
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57