Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սուրբ Ծննդյան տոնի առթիվ Պատարագ մատուցվեց Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում

08.01.2014

  Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշեց Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնը: Նշենք, որ հայկական եկեղեցին միակն է, որ Քրիստոսի ծնունդը նշում է հունվարի 6-ին: Կաթոլիկ եկեղեցին Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը նշում է դեկտեմբերի 25-ին։ Մինչև 4-րդ դարը բոլոր քրիստոնյաները Սուրբ Ծնունդը նշել են հունվարի 6-ին։ Սակայն անգամ քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակել են հեթանոսական տոներ նշել։ Բանն այն է, որ դեկտեմբերի 25-ին մեծ շուքով նշվել է արևի պաշտամունքին նվիրված տոնը։ Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336 թվականին Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակում է որպես Հիսուսի ծննդյան օր։ Հետագայում Ասորիքում և գրեթե ողջ Արևելքում Քրիստոսի Ծննդյան տոնի օրը փոխադրվում է դեկտեմբերի 25-ը, իսկ հունվարի 6-ը մնում է որպես Տիրոջ Աստվածահայտնության և Մկրտության օր։
   Ինչպես հայկական բոլոր եկեղեցիներում, Սուրբ Ծննդյան տոնի առթիվ Սուրբ Պատարագ մատուցվեց նաև Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում: Սուրբ Ծննդյան տոնակատարությունն սկսվել էր հունվարի 5-ի երեկոյան՝ Ճրագալույցի տոնական Սուրբ Պատարագով, որով ազդարարվեց Սուրբ Ծննդյան Ավետիսը: Ճրագալույցի Պատարագից մարդիկ իրենց տները տարան եկեղեցում վառած մոմերն ու ճրագները: Իսկ հունվարի 6-ի առավոտյան արդեն տեղի ունեցավ Սուրբ Ծննդյան Պատարագը: Պատարագիչն էր Տավուշի թեմի առաջնորդ Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը: Պատարագին ներկա էին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, մարզպետի տեղակալներ Լևոն Սարգսյանը, Վահե Վարդապետյանը, պաշտոնատար անձինք, քաղաքի ողջ հավատավոր ժողովուրդը: Պատարագից հետո կատարվեց Ջրօրհնեքի արարողություն, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի մկրտությունը Հորդանան գետում: Խաչով և Սրբալույս Մյուռոնով օրհնված ջուրը բաժանվեց ժողովրդին՝ ի բժշկություն հոգևոր և մարմնական ախտերի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:28:59