Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ամանորյա նվերներ` զինվորներին
28.12.2013
ԱԺ նախկին պատգամավոր Միքայել Վարդանյանը, հավատարիմ իր խոստմանը, առաջվա պես շարունակում է բարեգործությունները Տավուշի մարզում: Համայնքներում, մանկապարտեզներում ու դպրոցներում միշտ սիրով ու ջերմությամբ են սպասում նրան, ընդունում որպես հարազատի: Միքայել Վարդանյանի տեսադաշտից չեն վրիպել նաև սահմանամերձ մարզի զինծառայողները: Յուրաքանչյուր տարեմուտի նա նվերներ ունի նաև զինվորների համար: Այս անգամ նրան սպասում էին մարզի տարածքում տեղակայված զորամասերից մեկում, որտեղ նա այցելեց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի հետ: Հյուրերին դիմավորեցին զինվորական նվագախմբով ու քայլերթով: Շնորհավորելով զինվորներին Ամանորի ու Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ` պարոն Վարդանյանը մաղթեց նրանց առողջություն, ոգու և մարմնի ամրություն, որպեսզի ավելի հզորանա հայկական բանակը և մեր երկիրը միշտ լինի խաղաղության մեջ: Ամանորյա տոների առթիվ գնդի զինվորներին շնորհավորեց նաև Տավուշի մարզպետը` մաղթելով նրանց քաջառողջություն, ուժ, բարձր մարտունակություն ու անփորձանք ծառայություն: <<Սիրելի զինվորներ, ցանկանում եմ, որ լինեք արժանի զավակը մեր ժողովրդի, ձեր ծնողների>>,- շնորհավորական իր խոսքում ասաց մարզի ղեկավարը: Նա շնորհակալություն հայտնեց մեծ գործարար ու բարերար Միքայել Վարդանյանին մարզի հանդեպ ունեցած մշտական ուշադրության համար: Մարզպետն իր շնորհակալությունը հայտնեց նաև բոլոր այն մարդկանց, ովքեր գտնվելով Երևանում, Հայաստանի տարբեր տարածքներում, երկրից դուրս, երբեք չեն մոռանում մեր սահմանի յուրաքանչյուր թիզը, յուրաքանչյուր հատվածը:
Միջոցառման ավարտին գնդի բոլոր զինվորները ստացան իրենց տոնական նվերները` քաղցրավենիքի փաթեթներ ու սիգարետներ: