Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի տարեվերջյան մամուլի ասուլիսը

27.12.2013

   Դեկտեմբերի 26-ին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ մարզպետ Արմեն Ղուլարյանի տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսը: Մասնակցում էին Հ1-ի <<Հայլուր>> լրատվականի, <<Տավուշ TV>> մարզային հեռուստաընկերության, Իջևանի քաղաքապետարանի <<Իջևան>>, Դիլիջանի քաղաքապետարանի <<Դիլիջան>>, Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի /ԳԱՄԿ/ <<Ֆերմեր>> թերթերի ներկայացուցիչները: Ասուլիսին ներկա էին մարզպետի տեղակալներ Լևոն Սարգսյանը և Վահե Վարդապետյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սվետլանա Դավթյանը: Հրավիրված էին մարզի գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուները, ծրագրերի ղեկավարներ:
 Ողջունելով ասուլիսի մասնակիցներին` մարզի ղեկավարը լրագրողներին ներկայացրեց 2013թ. գյուղատնտեսական տարվա արդյունքները: Նշվեց, որ գյուղատնտեսությունը մարզի զարգացման գերակա ուղղությունն է, և գյուղատնտեսության զարգացմանն ուղղված բոլոր միջոցառումները որպես առաջնահերթություններ սահմանվել են մարզի զարգացման ծրագրերում: 2013 թվականը բարեբեր էր մարզի գյուղատնտեսության համար: 2013թ. համայնքներում ցանքատարածությունները նախորդ տարվա 14922 հա-ի դիմաց կազմել են 15306.5 հա: 2013թ. կատարվել է 6676 հա աշնանացան նախորդ տարվա 6163 հա-ի դիմաց, իսկ ընդհանուր ցանքատարածությունները 2014թ. նախատեսվում է հասցնել 15800 հա-ի: 2010 թվականից որոշակի աշխատանքներ են տարվում սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ուղղությամբ: 2013թ. մարզի 3 համայնքում 45 հա-ի վրա հիմնվել են սերմնաբուծական տնտեսություններ, այդ թվում Արծվաբերդում 15 հեկտար, Նավուրում` 20, Խաշթառակում` 10: Տարվա ընթացքում ՀՀ կառավարության որոշմամբ, շուկայականից ցածր գնով, գյուղացիական տնտեսություններին է տրամադրվել աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու, ազոտական պարարտանյութ, դիզվառելիք, ցինկի ֆոսֆիդ:
  Մարզում ժամանակին է ավարտվել հացահատիկի բերքահավաքը: Հավաքվել է 6494.5 հա հացահատիկ, որից ցորեն` 4930.5 հա, գարի` 1564 հա: Միջին բեքատվությունը եղել է 31ց/հա: Բոլոր մշակաբույսերի գծով 2013թ. նախորդ տարվա համեմատությամբ արձանագրվել է համախառն բերքի աճ: 2013թ. մթերվել է 8210 տոննա խաղող` նախորդ տարվա 7486 տոննայի դիմաց: Խաղողի մթերումը ինչպես անցած տարիներին, այս տարի ևս գտնվել էր ՀՀ նախագահի անմիջական հսկողության տակ, և արդյունքում, ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի ամբողջությամբ մթերվել է գյուղացիական տնտեսությունների մթերման ենթակա խաղողը՝ 1 կգ-ը 135 դրամով` նախորդ տարիների 120-130 դրամի դիմաց: 2013 թ. արտադրվել է 6783 տոննա դեղձ` նախորդ տարվա 6324-ի դիմաց: 2013թ. <<Մասիս-Տաբակ>>-ի կողմից գյուղացիական տնտեսությունների հետ պայմանագիր է կնքվել 334 հա ծխախոտի մշակության համար: Գործող 100 չորացման խցերին 2013թ. ավելացել է ևս 10-ը: Արտադրվել է 960 տոննա, մթերվել` 700 տոննա ծխախոտ /մթերման գործընթացը շարունակվում է/: 2013թ. գյուղատնտեսության համախառն արտադրանքը նախորդ տարվա 41.2 մլրդ. դրամի դիմաց կանխատեսվում է 44.2 մլրդ. դրամ՝ /աճը` 7,3 տոկոս/: Մարզի տարածքում <<Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾՎԿ>> շրջանակներում նախատեսվում է 2012-2014թ.թ. հիմնել 100 հա պտղատու այգի /դեղձ, ընկույզ, նուռ, պիստակ, նեկտարիտին/: 2013 թ.գարնանը Արճիսում 4.5 հա-ի վրա հիմնվել են դեղձի և նեկտարինի այգիներ, իսկ 2014թ. գարնանը Պտղավանում կհիմնվեն 7.0 հա կեռասի և ընկույզի այգիներ /ավարտվել են հողերի նախապատրաստման աշխատանքները/: Այժմ ուսումնասիրվում և ճշտվում են այլ համայնքներում հողերի հատկացումները նոր այգիների հիմնան նպատակով: Նորացման ու համալրման կարիք ունի գյուղտեխնիկան: ՀՀ կառավարության որոշումներով Բելառուսի Հանրապետությունից Հայաստան ներկրված գյուղտեխնիկայից, որոնք գյուղացիական տնտեսություններին և կոոպերատիվներին են տրամադրվում ինչպես կանխիկ, այնպես էլ լիզինգային եղանակով, մարզում արդեն ձեռք է բերվել 4 հատ <<Բելառուս 82.1>> մակնիշի տրակտոր /ընթացքի մեջ են Բերդ և Դիտավան համայնքների կողմից տրակտորների և գյուղգործիքների ձեռքբերման աշխատանքները/: Մարզի համայնքների գյուղատնտեսական տեխնիկայի 2014թ. պահանջարկը ներկայացվել է ՀՀ գյուղնախարարություն:
 Մարզում վերջին տարիներին որոշակի աշխատանքներ են կատարվել անասնապահության զարգացման ուղղությամբ: Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության վարկային ծրագրի շրջանակներում Կիրանց, Աչաջուր, Սևքար, Սարիգյուղ, Ներքին Ծաղկավան, Լուսաձոր, Ոսկեպար, Ջուջևան, Դովեղ, Բաղանիս, Ենոքավան համայնքներում հիմնվել են ,,Արոտօգտագործողների միավորում,, սպառողական կոոպերատիվներ, որոնք զբաղվում են արոտների արդյունավետ օգտագործմամբ: Անասնապահության զարգացմանն է միտված Ֆրանսիայի Օ-Դը-Սեն նահանգի աջակցությամբ <<ՀիմնաՏավուշ>> զարգացման հիմնադրամի գործունեությունը: «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ գյուղերի զարգացման ծրագրերի շրջանակում 2010 թվականին մարզ են ներկրվել շվեյցարական 50 գլուխ «Ֆլեգվի» ցեղի կաթնամսատու երինջներ, որոնք տրամադրվել են 11 համայնքների 50 գյուղացիական տնտեսությունների: Իսկ 2011 թվականին Դանիայի առաջատար տոհմային տնտեսություններից ներկրվել են «Ջերսեյ» ցեղի հղի 80 երինջներ: Ծրագրի հաջորդ փուլի պահանջներից ելնելով` Կիրանց և Նավուր համայնքներում կառուցվել են մինի ֆերմաներ 15-20 գլուխ հորթերով: 2013թ. հուլիսին մարզ է ներկրվել հղի կովերի մի նոր գլխաքանակ՝ 33 գլուխ <<Սիմենտալ>> ցեղի կովեր: Անասնաբուծության ծրագրի շրջանակներում երրորդ մինի ֆերման կառուցվում է Բարեկամավանում: 2014թ. նոր մինի ֆերմաներ պետք է կառուցվեն մարզի ևս 3-4 համայնքներում: Ծրագրի շրջանակներում կառուցվել են նաև կաթի վերամշակման և խտացված կերերի արտադրամասեր, սիլոսի, ճակնդեղի և չոր խոտի պահպանման համար անհրաժեշտ հարմարություններ: Լուսաձորի անասնապահական ֆերմային կից արտադրամասում 2013 թվականից սկսվել է <<Բիոտավուշ>> անվանմամբ պանրի արտադրությունը: Ներկայումս միջոցներ են ձեռնարկվում սպանդանոցի կառուցման և մսի վերամշակման արտադրամասի հիմնման ուղղությամբ: Հիմնադրամի կողմից Սարիգյուղ և Այգեհովիտ համայնքներում կառուցվել են գյուղատնտեսական տեխնիկայի կայաններ, ձեռք են բերվել 7 տրակտորներ իրենց համապատասխան գյուղգործիքներով: Նախատեսվում է ձեռք բերել 1 հատ սիլոսի կոմբայն: Հիմնված ագրոբազաները սպասարկում են Իջևանի տարածաշրջանի 15 համայնքների մոտ 6500 գյուղացիական տնտեսությունների: Անդրադարձ եղավ նաև ոռոգման համակարգի և բնապահպանության ոլորտի աշխատանքներին:
 Վերջացնելով իր խոսքը` մարզպետն այնուհետև պատասխանեց լրագրողներին հետաքրքրող բոլոր հարցերին: Դրանք վերաբերում էին կոոպերատիվների ստեղծմանն ու դրանց արդյունավետությանը, հողերի ու համայնքների խոշորացմանը, նախատոնական այս օրերին վաճառվող սննդամթերքի անվտանգությանը, ձկան պաշարների պահպանմանը, հակակարկտային ցանցերի ստեղծմանը:
 Ասուլիսի ավարտին մարզպետ Արմեն Ղուլարյանը շնորհավորեց լրագրողներին Ամանորի ու Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ և նրանց հանձնեց մասնագիտական գործունեության հետ կապված նվերներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:28:59