Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությունը Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներին

20.12.2013

Շրջայցով Տավուշի մարզում էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանյան պատվիրակությունը` պաշտպանության բաժնի պատվիրակ Մաթիաս Վայնրեյխի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին և տնտեսական ապահովության բաժնի ղեկավար Արմեն Քարամյանը: Շրջայցին հրավիրված էր և պատվիրակության հետ համայնքներ այցելեց Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Նշենք, որ կազմակերպությունը սկսած 2010 թվականից կենսական նշանակության մի շարք ծրագրեր է իրականացնում Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում: Հերթական այցի նպատակը մարզի համայնքներում 2013 թվականին իրականացրած ծրագրերի պաշտոնական հանձնումն էր: Շրջայցի առաջին կանգառը Բերդի տարածաշրջանի Այգեպար գյուղն էր: Այստեղ Կարմիր խաչի կողմից վերանորոգվել է մանկապարտեզը` հնարավորություն տալով գյուղի փոքրիկներին իրենց օրն անցկացնելու գեղեցիկ, տաք ու հարմարավետ շենքային պայմաններում: Շենքը վերանորոգվել է ամբողջությամբ, տեղադրվել են նոր մետաղապլաստե դռներ ու լուսամուտներ, արևային ջրատաքացման համակարգ: Մանկապարտեզի տնօրեն Լիլիթ Մելիքյանը ուրախությամբ փաստում է, որ մանկապարտեզ հաճախող երեխաների թիվն այսօր անհամեմատ աճել է. եթե 5-6 տարի առաջ մանկապարտեզ էր հաճախում 4-5 երեխա, ապա ներկայումս այդ թիվը 21 է: Իսկ համայնքի ղեկավար Անդրանիկ Այդինյանն էլ հավելում է, որ անցած տարվա համեմատ զգալիորեն ավելացել է նաև առաջին դասարանցիների թիվը` 2-ից հասնելով 11-ի: Վերանորոգված մանկապարտեզի շենքում տոնական տրամադրությամբ էին սպասում հյուրերին. տոնածառը զարդարված էր, երեխաները` պատրաստ հանդեսի: Ջերմ ու սրտառուչ մթնոլորտը վարակել էր բոլորին, իսկ փոքրիկները գալիք նոր տարուց միայն մի բան էին խնդրում` խաղաղություն: Բացի մանկապարտեզի նորոգումը մի շարք այլ ծրագրեր էլ են իրականացվել համայնքում ԿԽՄԿ-ի կողմից: Գյուղի բոլոր ընտանիքներին տրամադրվել են արքայանարինջի ու թզան տնկիներ: Ամբողջությամբ նորոգվել է գյուղի ջրատարի ներքին ցանցը, և այսօր բոլոր ընտանիքներն ապահովված են խմելու ջրով:
Այցի հաջորդ կանգառը Ներքին Կարմիրաղբյուրն էր, որը նույնպես գտնվում է հայ-ադրբեջանական սահմանին: Այստեղ ԿԽՄԿ-ն կառուցել է խմելու ջրի մատակարարման պոլիէթիլենային խողովակաշար`ամբողջ գյուղին ապահովելով խմելու ջրով: Ներքին Կարմիրաղբյուր այցելությունն սկսվեց համայնքային կենտրոնից, որտեղ համայնքի ղեկավար Մանվել Կամենդատյանը ներկայացրեց գյուղի ընդհանուր վիճակը, իրականացված աշխատանքները: Նշվեց, որ Կարմիր խաչի կողմից գյուղի բոլոր 330 ընտանիքներին տրամադրվել է կարտոֆիլի սերմացու` յուրաքանչյուրին 40 կգ, իսկ նախորդ տարի էլ յուրաքանչյուր ընտանիք ստացել է 30 կգ ցորենի էլիտար սերմացու: Գյուղն ունի վերանորոգված համայնքային կենտրոն, մանկապարտեզ, դպրոց, որտեղ սովորում է 125 աշակերտ: Համայնքի ղեկավարի վկայությամբ, բնակչության թիվը վերջին տարիներին նույնն է մնացել, գյուղից արտագաղթ չի եղել:
ԿԽՄԿ-ն 2013թ. ծրագրեր է իրականացրել նաև մարզի սահմանամերձ այլ համայնքներում ևս. Դովեղում կառուցվել է խմելու ջրի մատակարարման պոլիէթիլենային խողովակաշար, Բերքաբերում` խմելու ջրի նոր պոլիէթիլային խողովակաշար, 2 հանրային ծորակ, տեղադրվել է պլաստմասե ջրի բաք, Չինարիում վերանորոգվել է ջրային պոմպը և խմելու ջրի խողովակաշարը, կազմակերպության աջակցությամբ վերապատրաստվել է պոմպակայանը սպասարկող օպերատորը, բարելավվել է պոմպակայանի անվտանգության համակարգը: Վերոնշյալ գյուղերի աջակցությանն ուղղված ֆինանսական գումարը կազմել է շուրջ 17,200,000 դրամ, որից միայն 2,211,000 դրամն ուղղվել է Այգեպարի մանկապարտեզի վերանորոգմանը: Իսկ ջրամատակարարման ենթակառուցվածքների բարելավման և կառուցապատման ծրագրերի շահառուների ընդհանուր քանակը եղել է 2800 մարդ: Լրագրողներին տված հարցազրույցում պաշտպանության բաժնի պատվիրակ Մաթիաս Վայնրեյխը հավաստիացրեց, որ իրականացվող ծրագրերը շարունակական են լինելու:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:31:16