Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դիլիջանի միջազգային դպրոցը 2014 թվականի սեպտեմբերից իր դռները կբացի 16-ից բարձր տարիքի առաջին աշակերտների համար

18.12.2013

Դեկտեմբերի 17-ին Տավուշի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում, որին մասնակցեցին մի կողմից Դիլիջանի միջազգային դպրոցի ներկայացուցիչները, մյուս կողմից` Իջևանի ավագ դպրոցի ու վարժարանի սաները, Իջևանի պետական քոլեջի ուսանողները: Հանդիպմանը ներկա էր Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Դիլիջանի միջազգային դպրոցի ներկայացուցիչ Զառա Զեյթունցյանը ներկայացրեց ընդհանուր տեղեկատվություն դպրոցի վերաբերյալ: Կրթօջախը 2014 թվականի սեպտեմբերից իր դռները կբացի 16-ից բարձր տարիքի առաջին աշակերտների համար: Նախատեսվում է, որ 2023թ. դպրոցում ուսանելու է 650 աշակերտ ավելի քան 50 երկրից: Կրթական ծրագիրը կոչվում է Միջազգային բակալավրիատի դիպլոմա: Դպրոցը նաև հնարավորություն կընձեռի ուսումը շարունակել աշխարհի առաջատար համալսարաններում: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կանցնեն ավագ դպրոցի հայրենագիտական առարկաների ամբողջական դասընթացը` հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն, հայ եկեղեցու պատմություն: Բացի ֆակուլտատիվ պարապմունքները, աշակերտների համար կկազմակերպվեն նաև բազմաթիվ արտադասարանական միջոցառումներ, ամառային դպրոցներ, ճամբարներ: 2013 թվականի նոյեմբերից սկսված է գործերի ընդունելությունը, և 15-18 տարեկան յուրաքանչյուր աշակերտ ունի դիմելու հնարավորություն: Ընդունելության գործընթացը կիրականացվի անկախ ծնողների ֆինանսական կարողությունից և կուղեկցվի կրթաթոշակային լայնածավալ ծրագրով: Աշակերտների մեծ մասը հնարավորություն կունենա ուսանելու մինչև 100 տոկոս կրթաթոշակով: Բացի դպրոցական առաջադիմությունը, ընդունելության ընթացքում հաշվի են առնվում նաև աշակերտի ընդհանուր զարգացման մակարդակը, ինչպես նաև համարձակությունը, գիտելիքի ձգտումը, լայնախոհությունը: 2013թ. հոկտեմբերին դպրոցն անդամակցեց Աշխարհի միացյալ քոլեջների /UWC/ 14 դպրոցների և քոլեջների ցանցին` վերանվանվելով UWC Դիլիջան: Դպրոցի նպատակը հայ երեխաներին ոչ թե օտարալեզու կրթություն տալն է, այլ բազմամշակութային մթնոլորտում կրթելը: Նպատակն է արտասահմանից հնարավորինս շատ աշակերտներ ընդգրկել, որպեսզի նրանք իրենց կյանքի առանցքային տարիները Հայաստանում անցկացնելով և կապվելով Հայաստանին` դառնան Հայաստանի բարի դեսպաններն իրենց երկրներում:
Հանդիպման ավարտին բանախոսը պատասխանեց ներկաներին հետաքրքրող բազմաթիվ հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին միջազգային դպրոց ընդունվելու կարգին, դպրոցի պայմաններին, ուսուցանվող առարկաներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56