Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ պաշտպանության նախարարն այցելեց Կոթի և Բարեկամավան համայնքներ
11.12.2013
Դեկտեմբերի 10-ին Տավուշի մարզում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի ուղեկցությամբ նախարարն այցելեց սահմանամերձ մարզի մի քանի համայնքներ: Առաջին կանգառը Ակնաղբյուրն էր, որտեղ նախարարը մասնակցեց ,,Վարդանանց կանչ,, միջոցառմանը: Այնուհետև նախարարը եղավ Նոյեմբերյանի տարածաշրջանի Կոթի գյուղում, որտեղ մասնակցեց հանդիսությունների սրահի բացման հանդիսավոր արարողությանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարին այստեղ դիմավորեցին մեծ խանդավառությամբ և ավանդական աղ ու հացով: Հանդիսությունների սրահը նորություն էր գյուղի համար: Այն բացվել է՝ խորհրդային տարիներին գործող նախկին ճաշարանի շենքում, որը բարերար Յուրա Հարությունյանի սեփականությունն էր: Բարերարը շենքը նվիրաբերել էր համայնքին: Շենքը հիմնանորոգվել է ,,Քաունթերփարթ ինթերնեշնլ,, կազմակերպության կողմից, իսկ հիմնանորոգման համար անհրաժեշտ մոտ 10 միլիոն դրամի համայնքի բաժին ներդրման հարցում օգնել է նախարարը: Համայնքի բաժին ներդրման հարցում աջակցել է նաև բարերար Միքայել Վարդանյանը: Շենքի կահավորումն իրականացվել է քաղաքացիական հասարակության խրախուսման դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Կառույցի բացման առթիվ շնորհավորելով գյուղացիներին՝ նախարարը խաղաղություն մաղթեց նրանց և խոստացավ ոչ միայն աջակցել նորաբաց սրահում կազմակերպվող առաջին հարսանիքին, այլև ներկա լինել: Օրվա առթիվ կոթեցիներին շնորհավորեց և բոլոր հովանավորներին իր շնորհակալիքի խոսքը հղեց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը:
Սահմանին գտնվող Բարեկամավանում պաշտպանության նախարարը սպասված հյուր է, որովհետև նախարարի յուրաքանչյուր այցի հաջորդում է մի բարի գործ հօգուտ գյուղացիների: Այստեղ հանդիպումը համայնքի բնակիչների հետ տեղի ունեցավ հենց գյուղամիջում: Նախարարը ականջալուր եղավ բարձրացված յուրաքանչյուր հարցի և խոստացավ անպայման լուծում տալ դրանց: Իսկ գերատեսչության համապատասխան ստորաբաժանմանը հանձնարարեց ամանորյա նվերներ պատրաստել գյուղի մինչև դպրոցական տարիքի բոլոր երեխաների համար: Խոստացավ նաև շարունակել օգնությունը գյուղացիների սպառած էլեկտրաէներգիայի վճարների հարցում: