Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն Ակնաղբյուրում մասնակցեց ,,Վարդանանց կանչ,, միջոցառմանը

11.12.2013

Ժողովրդական ավանդությունը պատմում է, որ ավելի քան մեկուկես հազարամյակ առաջ զորավար Վարդան Մամիկոնյանը Խաղխաղի հերոսական ճակատամարտից տունդարձի ճանապարհին ջրառատ մի աղբյուրի մոտ հանգիստ է տալիս իր զորքին և ի նշան հաղթության մի կաղնի տնկում աղբյուրի ակունքին: Ծառը մեծանում է, ծառի հետ մեծանում է նաև հավատը նրա զորության հանդեպ, բազմաթիվ պատմություններ են հյուսվում ծառի շուրջ: Հրաշագործ հատկություններ են վերագրվում նաև կաղնու տակից բխող աղբյուրի ջրին, որին Զորավարի աղբյուր անվանումն են տալիս: Պատմում են, որ գյուղի ծերերը դարեր շարունակ այդտեղից են իրենց երիտասարդներին կռիվ ճանապարհել ու վստահ եղել, որ եթե տղաները Վարդանի աղբյուրից ջուր խմեն ու ձեռքն էլ քսեն Վարդանի ծառին, ապա ապահովագրված կլինեն ամեն մի փորձանքից: Դարերի արհավիրքների միջով անցած զառամյալ ծառը, թեև գետնին տապալված, այսօր էլ իր մեջ պահում է նախնյաց զորությունն ու դարձել է սրբատեղի: 1976 թվականին Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղում Վարդանի ծառին այցի եկավ հայ ժողովրդի մեծ զավակ մարշալ Հովհաննես Բաղրամյանը և ընկած ծառի կողքին կաղնու մի դալար շիվ դրեց: Ձեւավորված գեղեցիկ ու բարի ավանդույթը նորից հիշվեց ու նոր շունչ առավ հատկապես այն բանից հետո, երբ սրբավայր և ուխտատեղի դարձած այս վայրում Տավուշի մարզի մեծ բարեկամ ու բարերար Միքայել Վարդանյանի հովանավորությամբ կառուցվեց Սբ. Վարդան Զորավար մատուռը։ Ու արդեն քանի տարի է սրբատեղի դարձած այս վայրում, ,,Հայ ասպետ,, կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ, գյուղի ու նրա շրջակա բնակավայրերի նորակոչիկների համար կազմակերպվում է ,,Վարդանանց կանչ,, միջոցառումը՝ Վարդան զորավարի հերոսական ոգու կանչով այստեղ բերելով մեծերի ու փոքրերի, զինվորականների ու պաշտոնյաների: Դեկտեմբերի 10-ին Ակնաղբյուրում կազմակերպված ավանդական ,,Վարդանանց կանչ,, միջոցառմանը մասնակցելու և նորակոչիկներին ողջունելու ու բանակ ճանապարհելու էր եկել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Այստեղ էին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, բարձրաստիճան զինվորականներ, Ակնաղբյուրի ու շրջակա համայնքների բնակիչներ: Այս անգամ Իջևանի զինկոմիսարիատից հայկական բանակ զորակոչված նորակոչիկների հերթական խմբում էին երիտասարդներ Իջևան, Գետահովիտ, Այգեհովիտ, Լուսաձոր, Սևքար, Սարիգյուղ ու Գանձաքար համայնքներից: Ողջունելով նորակոչիկներին օրվա առթիվ՝ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորեց յուրաքանչյուր երիտասարդի ծառայությունը հայրենիքին, որպեսզի ,,մեր երկրի ապագան տեսնենք ավելի զարգացած, մեր երկրի, մեր հայրենակիցների առօրյան տեսնենք ավելի բարեկեցիկ ու նաև ապահովենք անվտանգությունը,,: Նախարարը նշեց նաև, որ ոլորտում իրականացվող աշխատանքների կողքին ուշադրություն է դարձվում նաև զորակոչի արդարացի իրականացմանը. ,,2013 թվականի այս 2-րդ զորակոչը առանձնահատուկ է նրանով, որ մենք անց ենք կացնում ձմեռային պայմաններում և նաև առանձնահատուկ է, որ անց ենք կացնում վիճակահանությամբ, որն ավելի մեծ վստահություն կներշնչի յուրաքանչյուրիս, որ արդարացի կերպով է իրականացվում բաշխումը զինված ուժերի զորամասերում,,: Նորակոչիկներին ողջունեց նաև Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը՝ բարի, խաղաղ ու անփորձանք ծառայություն մաղթելով նրանց:
Միջոցառման գեղարվեստական մասում ելույթ ունեցան Պաշտպանության նախարարության երգչախումբը և փոքրիկ հայ ասպետները: Վերջում բոլոր նորակոչիկներին սպասում էր հյուրասիություն և հիգիենիկ պարագաներով նվերների փաթեթ իրենց համայնքների ղեկավարների կողմից:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 17:31:25