Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի մամուլի ասուլիսը

09.12.2013

Դեկտեմբերի 9-ին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ մարզպետ Արմեն Ղուլարյանի մամուլի ասուլիսը ,,Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների հիմնախնդիրները,, թեմայով: Ասուլիսին ներկա էին հանրապետական և մարզային լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Մարզպետը լրագրողներին ներկայացրեց ինչպես սահմանամերձ համայնքներում իրականացված ու ընթացիկ աշխատանքները, այնպես էլ այն հիմնախնդիրնեը, որոնք առկա են այդ համայնքներում:
Տավուշի մարզն ունի 350 կմ միջպետական սահման, որի մոտ 300 կիլոմետրը Ադրբեջանի հետ է, 50-ը՝ Վրաստանի: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մարզի 62 համայնքներից 45-ը ճանաչվել են սահմանամերձ, իսկ հանրապետության առավել վտանգավոր գոտում գտնվող սահմանամերձ 26 համայնքներից 21-ը գտնվում են հենց Տավուշի մարզում: Դրանք են Չինարի, Այգեձոր, Արծվաբերդ, Չորաթան, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար, Պառավաքար համայնքները Բերդի տարածաշրջանում, Վազաշեն, Այգեհովիտ, Սարիգյուղ, Ազատամուտ, Բերքաբեր, Կիրանց համայնքները Իջևանի տարածաշրջանում և Բերդավան, Դովեղ, Բարեկամավան, Կոթի, Բաղանիս, Ոսկեվան, Ոսկեպար համայնքները Նոյեմբերյանի տարածաշրջանում:
Սահմանամերձ համայնքների խնդիրները գտնվում են պետության մշտական ուշադրության կենտրոնում: ՀՀ կառավարության բոլոր ներդրումային ծրագրերում առաջին հերթին հաշվի են առնվել և այսօր էլ ավելի մեծ նշանակություն է տրվում սահմանամերձ համայնքների հիմնախնդիրներին: Սահմանամերձ համայնքների ծրագրային լուծմանն են ուղղված ՀՀ Նախագահի որոշումները և առաջադրանքները: Երկրի սահմանների անվտանգության ամրապնդմանն ուղղված առաջնահերթ միջոցառումներին զուգահեռ մարզում իրականացվել են նաև ճանապարհաշինական, ջրամատակարարման, գազաֆիկացման, ոռոգման համակարգերի վերանորոգման զգալի աշխատանքներ: Սահմանամերձ գոտում կառուցվել և վերանորոգվել են տասնյակ կրթական, մշակութային, առողջապահական և հասարակական նշանակության օբյեկտներ: Մարզի տնտեսության առաջատար ճյուղը գյուղատնտեսությունն է: Վերջին տարիներին բազմաթիվ պետական ծրագրեր են իրականացվել հատկապես բուսաբուծության և անասնապահության ոլորտներում: Մարզն ունի 25306 հա վարելահող, որից 7210,7 հեկտարը պատերազմական գործողությունների պատճառով չի մշակվում: 18090 հա փաստացի վարելահողերից ցանքի տակ է դրված 15306,5 հեկտարը, որը կազմում է օգտագործվող վարելահողերի 84,5 տոկոսը: 2014 թվականին կանխատեսվում է այդ ցանքատարածությունները հասցնել 15,800 հեկտարի: Կառավարության որոշմամբ, շուկայականից ցածր գնով, գյուղացիական տնտեսություններին է տրամադրվել աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու, ազոտական պարարտանյութ, դիզվառելիք, ցինկի ֆոսֆիդ, իսկ մարզի սահմանամերձ 22 համայնքների բնակիչներ ազատվել են հողի հարկի վճարումից: Մի այլ որոշմամբ մարզի սահմանամերձ 11 համայնքների՝ ոռոգման ջուր օգտագործող ֆիզիկական և իրավաբանական անձանց ցուցաբերվել է ֆինանսական աջակցություն՝ ծախսած ջրի դիմաց վարձավճարի 50%-ի չափով:

Անասնապահության զարգացումը խթանելու նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ գյուղերի զարգացման ծրագրերի շրջանակում 2010 թվականին մարզ են ներկրվել շվեյցարական 50 գլուխ «Ֆլեգվի» ցեղի կաթնամսատու երինջներ, որոնք տրամադրվել են 11 համայնքների 50 գյուղացիական տնտեսությունների: Իսկ 2011թ. Դանիայի առաջատար տոհմային տնտեսություններից ներկրվել է կովերի նոր խմբաքանակ` «Ջերսեյ» ցեղի հղի 80 երինջներ: Ծրագրի հաջորդ փուլի պահանջներից ելնելով՝ Կիրանց և Նավուր համայնքներում կառուցվել են մինի ֆերմաներ 15-20 գլուխ հորթերով: 2013թ. հուլիսին մարզ են ներկրվել 33 գլուխ <<Սիմենտալ>> ցեղի հղի կովեր: Անասնաբուծության ծրագրի շրջանակներում երրորդ մինի ֆերման կառուցվում է Բարեկամավանում: 2014թ. նոր մինի ֆերմաներ պետք է կառուցվեն մարզի ևս 3-4 համայնքներում: Ծրագրի շրջանակներում կառուցվել են նաև կաթի վերամշակման և խտացված կերերի արտադրամասեր, սիլոսի, ճակնդեղի և չոր խոտի պահպանման համար անհրաժեշտ հարմարություններ: Լուսաձորի անասնապահական ֆերմային կից արտադրամասում 2013 թվականից սկսվել է պանրի արտադրությունը, որի ,,ԲիոՏավուշ,, անվանմամբ ապրանքանիշը հաստատվել է <<ՀիմնաՏավուշ>> զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի վերջին նիստում: Ներկայումս ձեռնարկվում են միջոցներ սպանդանոցի կառուցման և մսի վերամշակման արտադրամասի հիմնման ուղղությամբ: ,,Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարում և մրցունակության զարգացում,, ծրագրի շրջանակում 2011 թվականից մարզում իրականացվում է ,,Արոտների կառավարման և անասնապահության զարգացման ծրագիրը,,: Ծրագրում ընդգրկված են սահմանամերձ Կիրանց, Սարիգյուղ, Ներքին Ծաղկավան, Սևքար, Աչաջուր, Ոսկեպար, Բաղանիս, Ջուջևան, Դովեղ համայնքները, որտեղ ստեղծվել են արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվներ: Նշված համայնքներում կատարվել են սարամասերի ջրարբիացման, սարամասերն իրար կապող ճանապարհների ջրահեռացման աշխատանքներ: Ծրագրում ընդգրկված կոոպերատիվների կողմից ձեռք է բերվել համապատասխան գյուղատնտեսական տեխնիկա և գյուղգործիքներ: Սակայն դեռևս նոր գյուղտեխնիկայի, հատկապես թրթուրավոր տրակտորների, կոմբայնների, գյուղգործիքների մեծ կարիք կա, որովհետև հինը թե բարոյապես և թե ֆիզիկապես մաշվել է: Ներկայումս վերոնշյալ ծրագրի շրջանակներում աշխատանքներ են տարվում 3 հացահատիկահավաք կոմբայն ձեռք բերելու ուղղությամբ: Արդեն պատրաստ է կաթի վերամշակման արտադրության շենքի նախահաշվային փաթեթը:
Ընթացքի մեջ են ադրբեջանական կրակոցների հետևանքով փակված Իջևան-Բերդ ավտոճանապարհի Վազաշեն-Պառավաքար հատվածում կառուցվող 3,4 կիլոմետր երկարությամբ շրջանցիկ ճանապարհի ծրագծի վերականգնման հողային աշխատանքները: Ներկայումս վերականգնված է 450 գծամետր հատվածի հողապաստառը, զուգահեռ իրականացվում են նաև արհեստական ու ինժեներական կառուցվածքների կառուցման աշխատանքներ: Բերդի տարածաշրջանը հուսալի ավտոճանապարհային կապով ապահովելու նպատակով այժմ իրականացվում են Իջևան-Գանձաքար-Իծաքար-Բերդ ճանապարհահի Գանձաքար-Իծաքար հատվածի վերանորոգման աշխատանքները: Ճանապարհը սպասարկվում է <Իջևանի ՃՇՇ> և <Տավուշի ՃՇՇ> ՓԲԸ-ների կողմից, համապատասխանաբար՝ 21.0 կիլոմետր և 30.5 կիլոմետր: Իսկ ադրբեջանական կրակոցների հետևանքով փակված Ոսկեպար-Բաղանիս ավտոճանապարհի անվտանգ երթևեկությունը ներկայումս ապահովվում է 2006-2007 թ.թ. ՀՀ պետբյուջեի միջոցներով կառուցված միջպետական նշանակության Ոսկեպար-Բաղանիս 6.3 կիլոմետր երկարությամբ շրջանցիկ ճանապարհով:
Իրականացված բազմաթիվ ծրագրերի ու աշխատանքների կողքին կան դեռևս բազմաթիվ լուծում պահանջող հիմնախնդիրներ, որոնք գտնվում են Տավուշի մարզպետարանի ուշադրության կենտրոնում և ձեռնարկվում են միջոցներ դրանց լուծման համար: Աշխատանքներ են տարվում մարզի բոլոր տարածաշրջաններում բնակչության տեղաշարժն էլ ավելի անվտանգ և հուսալի դարձնելու, նոր տարածքներ ջրի տակ դնելու, նոր ինքնահոս համակարգեր ստեղծելու ուղղությամբ: Տավուշն առավել գրավիչ դարձնելու նպատակով, հաշվի առնելով մարզի բնակլիմայական առանձնահատկությունները, պատմական և բնական հուշարձաններով հարուստ լինելը, մշակվում է մարզի տուրիզմի զարգացման ծրագիր:
Ասուլիսի վերջում մարզպետը պատասխանեց լրատվամիջոցներին հետաքրքրող հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին սահմանամերձ համայնքներում բնակվող մարդկանց կենսապայմանների բարելավմանը, Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ճանապարհի կառուցմանը, գյուղատնտեսության զարգացմանը, արտագաղթին: Բարձրացվեցին նաև պատմական հուշարձանների վերանորոգման ու տուրիզմի զարգացման հետ կապված հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03