Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանուն հավասար հնարավորությունների
04.12.2013
1992 թ. Միավորված ազգերի կազմակերպության որոշմամբ դեկտեմբերի 3-ը հռչակվեց որպես Հաշմանդամների միջազգային օր: 2010 թվականին Հայաստանը ստորագրեց ու վավերացրեց ՄԱԿ-ի կոնվենցիան, որով ստանձնեց պարտավորություններ՝ ստեղծել պայմաններ հաշմանդամների իրավունքների պաշտպանության ու հավասար իրավունքների համար: Իսկ Տավուշի մարզն առաջինն էր, որտեղ ներդրվեց ներառական կրթությունը, և այսօր այն հաջողությամբ իրականացվում է մարզի բոլոր հանրակրթական դպրոցներում:
Ավանդույթի համաձայն այս տարի էլ Հաշմանդամների միջազգային օրվան նվիրված հետաքրքիր միջոցառում էր կազմակերպել <<Հույսի կամուրջ>> հասարակական կազմակերպության Իջևանի մասնաճյուղը՝ աջակցությամբ Տավուշի մարզպետարանի և Իջևանի քաղաքապետարանի: Միջոցառումն սկսվեց <<Հանուն հավասար հնարավորությունների>> կարգախոսով երթով, որը մեկնարկեց մարզկենտրոնի Սահմանադրության հրապարակից և ձգվեց մինչև Շատրվանների հրապարակ: Երթի մասնակիցների առաջին շարքում էին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը և Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը: Միջոցառումը շարունակվեց Իջևանի մշակույթի տանը, որի նախասրահում բացվել էր <<Բոլորս տարբեր>>, <<Բոլորս հավասար>> խորագրերով ցուցահանդես: Ցուցահանդեսին ներկայացված էին <<Հույսի կամուրջի>> իջևանյան մասնաճյուղի շնորհալի սաների ստեղծագործական աշխատանքները՝ գունանկարներ ու մատիտանկարներ, ֆոտոնկարներ, որոնք դիտվեցին մեծ հետաքրքությամբ: Այնուհետև մշակույթի տան դահլիճում գեղեցիկ համերգային ծրագրով հանդես եկան <<Հույսի կամուրջի>> շնորհալի սաները, որոնց յուրաքանչյուր ելույթ բուռն ծափողջույններով էր ընդունում հանդիսատեսը: