Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անցկացվեց ասմունքի հանրապետական մանկապատանեկան 7-րդ մրցույթ փառատոնի մարզային փուլը
18.11.2013
Հանրապետության բոլոր մարզերում Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անց է կացվում արդեն ավանդույթ դարձած <<Ասմունքի հանրապետական մանկապատանեկան 7-րդ մրցույթ փառատոնը>>: Այս անգամ այն նվիրված է Արցախյան ազատամարտի 25-ամյակին և կրում է <<Լեզու և հայրենիք>> խորագիրը: Փառատոնը անցկացվում է 4 փուլով՝ ներդպրոցական, տարածաշրջանային, մարզային և հանրապետական:
Նոյեմբերի 15-ին Տավուշի մարզպետարանում անցկացվեց մարզային փուլը: Մրցեցին տարածաշրջանային փուլը հաղթահարած 11-ից 14 տարեկան տարիքային խմբում գտնվող 26 աշակերտ, իսկ 20 աշակերտ՝ 15-ից 17 տարեկան տարիքային խմբում: Փառատոնի ծրագրի հեղինակ և պատասխանատու քարտուղար Մարիետա Մակարյանը ներկայացրեց 11 հոգուց բաղկացած ժյուրիի ներկայացուցչական կազմը: Ժյուրիի կազմում էին ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը, ՀՀ վաստակավոր արտիստներ Ջուլիետա Բաբայանը և Զավեն Աբրահամյանը, Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի առաջատար դերասան Գարիկ Չեփչյանը, գրականության ու մշակույթի ճանաչված գործիչներ: Ժյուրիի նախագահն էր ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ու երիտասարդության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը: Փառատոնի անցկացման աշխատանքներին մշտապես աջակցում է մարզպետարանի աշխատակազմի կրթության, սպորտի և մշակույթի վարչության մշակույթի բաժինը` պատասխանատու Մարինե Խաչատրյան: Ասմունքող աշակերտների յուրաքանչյուր ելույթ` դահլիճը գնահատեց բուռն ծափողջույններով: Արդյունքում պրոֆեսիոնալ ու խստապահանջ ժյուրիի որոշմամբ կրտսեր տարիքային խմբում մրցույթի 1-3-րդ տեղերի հաղթողներ դարձան Անի Ղազարյանը /Նոյեմբերյանի ավագ դպրոց/, Օվսաննա Խաչատրյանը /Բերդի ավագ դպրոց/, Արևիկ Խաչատրյանը /Իջևանի թիվ 4 հիմնական դպրոց/, 15-17 տարեկանների միջև ծավալված մրցույթի մարզային փուլում հաղթեցին Լուսինե Աթաբեկյանը /Աչաջուրի միջնակարգ դպրոց/, Աստղիկ Չոբանյանը /Այգեհովիտի միջնակարգ դպրոց/, Մանե Եգանյանը /Այրումի միջնակարգ դպրոց/: Առաջին տեղը գրաված մասնակիցները անցան փառատոնի եզրափակիչ փուլ և նվաճեցին գալա համերգին մասնակցելու իրավունք: Վարպետության հիանալի դաս տվեց ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ, դոկտոր պրոֆեսոր Սամվել Մուրադյանը:
Հաղթողները պարգևատրվեցին Տավուշի մարզպետի կողմից պատվոգրով և Պարույր Սևակի ժողովածուով, իսկ ժյուրիի անդամ` բանաստեղծ, թարգմանիչ Շանթ Մկրտչյանը նվիրեց իր <<Արտացոլանքը հեռու, բազմադեմ>> գիրքը և <<Նարցիս>> գրական-գեղարվեստական, մշակութային հանդեսը` ժյուրիի անդամների մակագրությամբ: