Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արժանացան Արտակարգ իրավիճակների նախարարի պատվոգրի
08.11.2013
Փրկարարական և բժշկական ստորաբաժանումների համագործակցությունը կատարելագործելու, ինչպես նաև՝ Հայաստանում ՄԱԿ-ի որոնողափրկարարական միջազգային խորհրդատվական խմբի /INSARAG/ չափանիշներին համապատասխան փրկարարական կառույց ունենալու նպատակով՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում անցկացվեց <<Արձագանք. Բժշկական ստորաբաժանումներ. Հայաստանում ապակենտրոնացված արձագանքման կարողությունների հզորացում>> ծրագրի շրջանակներում ստեղծված բժշկական ստորաբաժանումների միջև մրցութային ավարտական միջոցառումը: Միջոցառմանը ներկա էին Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասերը, բազմաթիվ հյուրեր: Նշենք, որ ծրագիրն իրականացվում է Շվեյցարիայի Զարգացման և համագործակցության գործակալության /SDCA/ ֆինանսավորմամբ և Արտակարգ իրավիճակների նախարարության համագործակցությամբ: Վարժանքին մասնակցում էին Մարտունու և Վանաձորի բուժմիավորումներն ու փրկարարները, ովքեր էլ դրսևորեցին իրենց կազմակերպչական ու մասնագիտական ունակություններն ու հմտությունները պայմանական երկրաշարժի ժամանակ: Վերլուծելով թիմերի կատարած աշխատանքի արդյունքները՝ դիտորդները՝ Երևանի պետական բժշկական համալսարանի շտապօգնության ամբիոնի դասախոսները, հաղթող ճանաչեցին Մարտունու թիմին, ում էլ Շվեյցարիայի դեսպանը հանձնեց մրցանակը: Իսկ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը պարգևատրեց վարժանքին մասնակից մի շարք անձանց: Պատվոգրերի արժանացան նաև Տավուշի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանը, Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ Վաղինակ Հովսեփյանը և Իջևանի ԲԿ-ի գլխավոր բուժքույր Ալվարդ Զուրաբյանը:
Լուսանկարները՝ www.mes.am