Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզում էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը

06.11.2013

   Նոյեմբերի 5-ին Տավուշի մարզ էր այցելել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Այցի ընթացքում խորհրդարանի ղեկավարին ուղեկցում էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ԱԺ պատգամավորներ Կարինե Աճեմյանը, Ռուբեն Հակոբյանը, Ռուզաննա Մուրադյանը, Կարինե Պողոսյանը, Շուշան Պետրոսյանը, Աղվան Վարդանյանը, Հակոբ Հակոբյանը:
ԱԺ նախագահի առաջին կանգառը Դիլիջանի միջազգային դպրոցն էր: Հովիկ Աբրահամյանը շրջեց կառույցում, զրուցեց գործի պատասխանատուների հետ, ծանոթացավ շինարարական աշխատանքների ընթացքին: Նշենք, որ Դիլիջանի միջազգային դպրոցը լայնամասշտաբ բարեգործական նախաձեռնություն է, որտեղ կսովորեն աշխարհի ավելի քան 60 երկրների՝ տարբեր ազգություններ ներկայացնող աշակերտներ: Միացյալ համաշխարհային քոլեջների ցանցին միացած Դիլիջանի միջազգային դպրոցն իր դռները կբացի 2014 թվականի սեպտեմբերին և առաջին ուսումնական տարում կընդունի 90 աշակերտի: Դպրոցում սովորելու մեկ տարվա արժեքը կկազմի 30 հազար դոլար, սակայն աշակերտների 90 տոկոսը, բարերարների կողմից հատկացված կրթաթոշակների շնորհիվ, դպրոցում կսովորի անվճար: Հավելենք նաև, որ միջազգային դպրոցի ծրագիրը ուղղված է նաև Տավուշի մարզի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը, Դիլիջան քաղաքի բնապահպանական կայուն զարգացմանը, լայնածավալ սոցիալական ծրագրերի իրականացմանը, քաղաքի ենթակառուցվածքների արդիականացմանը և դրանց հետագա զարգացման խթանմանը:
  Ազգային ժողովի նախագահի հաջորդ կանգառը Գոշավանքն էր: Այստեղ օրենսդիրի ղեկավարն ու նրան ուղեկցող անձինք ծաղիկներ դրեցին միջնադարի հանճարեղ մտածող, օրենսդիր ու առակագիր Մխիթար Գոշի բրոնզաձույլ արձանին, որը վերջերս է տեղադրվել վանքային համալիրի բակում: Արձանը կերտվել է գյուղի զավակ, այժմ ռուսաստանաբնակ ճանաչված գործարար ու բարերար Անտոն Մեհրաբյանի ֆինանսավորմամբ: Վանքի ներսում արդեն կատարվեց Տերունական աղոթք: Այնուհետև Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Եզնիկ արքեպիսկոպոս Պեետրոսյանի առաջարկով ԱԺ նախագահը, ՀՀ փոխվարչապետը եւ ԱԺ պատգամավորները բարձրաձայն ընթերցեցին հատվածներ «Հավատով խոստովանիմ» աղոթագրքի 24 աղոթքներից: Թեմի առաջնորդը խորհրդարանի ղեկավարին ներկայացրեց նաև վանական համալիրի վերանորոգման հետ կապված խնդիրները: Պարոն Աբրահամյանը խոստացավ աջակցել դրանց լուծմանը:
  Տավուշի մարզ կատարած այցը խորհրդարանի ղեկավարն ավարտեց լրատվամիջոցներին տված հարցազրույցով, որտեղ կարևորեց հոգևոր կենտրոնների պահպանման, կրթության որակի բարձրացման, տարածքների համաչափ զարգացման հարցերը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:22:27