Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը

28.10.2013

    Հոկտեմբերի 25-ին աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի ուղեկցությամբ վարչապետն իր այցն սկսեց մարզկենտրոն Իջևանի Ազատամարտիկների հրապարակից, որտեղ ծաղիկներ խոնարհեց ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: Այնուհետև գործադիրի ղեկավարը այցելեց Իջևանի արվեստի դպրոց, ծանոթացավ կրթօջախի աշխատանքներին: Նույն օրը Իջևանում մեկնարկել էր արվեստի փառատոնը, որը մի գեղեցիկ փորձ էր վերականգնելու երեք տասնամյակ առաջ Իջևանում անցկացված քանդակի միջազգային սիմպոզիումի բարի ավանդույթը: Այդ շնորհակալ գործն իր վրա է վերցրել Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը /ՓՄՁԶԱԿ/, ում աջակցությամբ սիմպոզիումի ընթացքում ստեղծված հարյուր քանդակներից քառասունն արդեն նորոգվել և նոր կյանք են ստացել: Դրանք տեղադրվել են գետափնյա փողոցում, անցկացվել է քանդակների գիշերային լուսավորության ցանց: Վարչապետը ծանոթացավ վերականգնված քանդակներին: Իսկ ՓՄՁԶԱԿ-ի Տավուշի մասնաճյուղի գրասենյակում հետաքրքրվեց ունեցած ձեռքբերումներով: Տիգրան Սարգսյանը ծանոթացավ նաև Իջևանի Շատրվանների հրապարակին հարող գետափնյա փողոցում բացված ցուցահանդես-տոնավաճառին, որտեղ սռանձին տաղավարներում ներկայացվել էին ՓՄՁԶԱԿ-ի աջակցությամբ թե Տավուշի մարզում և թե այլ մարզերում իրենց գործունեությունը սկսած ձեռնարկությունների արտադրանքատեսակներ, որոնք արտահանման մեծ ներուժ ունեն:
   Վարչապետի հաջորդ կանգառը սահմանամերձ Ոսկեպար գյուղն էր, որտեղ նրան դիմավորեցին աղուհացով: Կառավարության ղեկավարն այստեղ մասնակցեց Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի /ՀՍՆՀ/ աջակցությամբ կառուցված համայնքային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը:
   Օրվա առթիվ շնորհավորելով ոսկեպարցիներին՝ Տիգրան Սարգսյանն ասաց. «Դուք ապրում եք այնպիսի մի տարածքում, որտեղ առկա է ամենօրյա վտանգ և մեր բանակի հետ միասին առաջին ճակատում եք: Դուք պետք է վստահ լինեք, որ ձեր բոլոր հարցերը գտնվում են մեր ուշադրության կենտրոնում, որ մեր սահմանների պահպանության սուրբ գործը միասին ի կատար ենք ածելու և թշնամին միշտ ստանալու է այնպիսի հակահարված, որ չհամարձակվի խանգարել ձեր անդորրը: Ցանկանում եմ ձեզ, որ լինեք ամուր և մենք ձեզ հետ միասին ի վիճակի ենք լինելու լուծել մեր ժողովրդին հուզող բոլոր հարցերը: Դուք հերոսներ եք»: Այնուհետև վարչապետը շրջեց համայնքային կենտրոնով և ծանոթացավ ստեղծված պայմաններին: Երկհարկանի կենտրոնն ունի ակումբ և դահլիճ: Մեկ տարի տևած շինաշխատանքների ընթացքում շենքում ստեղծվել են անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները: Իրականացվել են ջրամատակարարման, կոյուղու, էլեկտրամատակարարման ու գազամատակարարման ներքին և արտաքին համակարգերի, կեղտաջրերի կուտակման հորի և ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքներ: Շենքն ապահովված է ջեռուցման համակարգով: Կենտրոնին հատկացվել է 716 հազար դրամի արժողությամբ գույք՝ գրասեղաններ, գրապահարաններ, աթոռներ: Ծրագրով բարեկարգվել և ասֆալտապատվել է նաև համայնքային կենտրոնի տարածքը: Կենտրոնի կառուցման համար ներդրվել է ավելի քան 67 մլն դրամ, որից 3,2 միլիոնը՝ «Դետրոյթի հայ կանանց ակումբ»-ի կողմից: Նշենք, որ դեռևս 1998 թվականին ՀՍՆՀ-1 ծրագրով Ոսկեպար գյուղում իրականացվել են խմելու ջրագծի, ջրամբարի կառուցման աշխատանքներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 17:31:25