Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզի պատվիրակությունը մասնակցեց հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովին

22.10.2013

  ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի գլխավորած պատվիրակության կազմում 2013 թվականին հոկտեմբերի 15-18-ը Տավուշի մարզի պատվիրակությունը մասնակցեց Ֆրանսիայում կայացած ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովին: Տավուշի մարզի պատվիրակությունը գլխավորում էր մարզպետ Արմեն Ղուլարյանը: Պատվիրակության կազմում էին մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Գուրգեն Հարությունյանը, ,,ՀիմնաՏավուշ,, զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Հրաչ Թումանյանը և հիմնադրամի աշխատակցուհի Լաուրա Օթարյանը: Մարզից համաժողովի աշխատանքներին ընդգրկվել էին նաև Իջևան և Դիլիջան քաղաքների պատվիրակությունները:
  Նշենք, ՀՀ Տավուշի մարզի և Ֆրանսիայի Օ-Դը-Սեն նահանգի միջև ապակենտրոնացված համագործակցությունը սկսվել է դեռևս 2009 թվականից և աշխատանքներն ավելի համակարգվել են 2011 թվականին Նանտեերում շրջանակային համագործակցության պայմանագրի ստորագրումից հետո: Համաձայն հուշագրի Տավուշի մարզի գյուղատնտեսության ոլորտի անասնապահության, ոռոգման համակարգերի, գյուղատնտեսական տեխնիկայի և այգեգործության ճյուղերում իրականացվել են բազմաթիվ մեծ և փոքր ծրագրեր, որոնց նպատակը նոր մոտեցումներով, երկարաժամկետ ազդեցությամբ աշխատանքների իրականացումն է: Ծրագրի աշխարհագրությունը սկսվել է Իջևանի տարածաշրջանից և հետագայում անցել Բերդի և Նոյեմբերյանի տարածաշրջաններ: 2010թ. հոկտեմբերի 7-8-ը Երևանում տեղի ունեցած ապակենտրոնացված համագործակցության առաջին համաժողովից մինչև երկրորդ համաժողով ընկած ժամանակահատված շարունակվել են ապակենտրոնացված աշխատանքները Ֆրանսիայի Օ-Դը-Սեն նահանգի հետ: Այդ ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ այցեր, տեղում քննարկվել են աշխատանքների վիճակը, հետագա անելիքները, ինչպես նաև մատուցվել են համապատասխան խորհրդատվություններ: Անցած տարիների ընթացքում իրականացվել են շուրջ 20 կմ ոռոգման համակարգերի կառուցման և բարեկարգման, անասնապահական համալիրի և թվով 3 մինի ֆերմաների կառուցման, անասունների նոր ցեղատեսակների ներկրման, այգիների և երկու ագրոբազաների հիմնման, կաթի վերամշակման արտադրամասի և ուսումնական կենտրոնի կառուցման աշխատանքներ:
  Ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովին Տավուշի մարզի պատվիրակությունն ընդգրկվել էր գյուղատնտեսության և տուրիզմի, Դիլիջանը՝ տուրիզմի, Իջևանը՝ մշակույթի և կրթության աշխատանքային խմբերում: Այցն ուներ բավականին հագեցած ծրագիր: Այցի առաջին օրը տեղի ունեցավ Հայաստանի պատվիրակության ընդունելություն Լիոնի քաղաքապետարանում: Այնուհետև ընդունելություն Ռոն Ալպ տարածաշրջանում և Վալանսի քաղաքապետարանում: Համաժողովի պաշտոնական բացումը տեղի ունեցավ հոկտեմբերի 16-ին՝ Վալանսի Բել Իմաժ քաղաքային թատրոնում: Այդ օրը պատվիրակությունը մասնակցեց կլոր սեղանի, որտեղ քննարկվեցին հայ-ֆրանսիական համագործակցության ներկա և ապագա զարգացումները և մարտահրավերները: Մարզի պատվիրակությունը հոկտեմբերի 17-ին մասնակցեց գյուղատնտեսության աշխատանքային խմբի նիստին, որը համանախագահում էր Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Աշխատանքային խմբում, համաձայն օրակարգի, ելույթ ունեցավ Տավուշի մարզպետը՝ ներկայացնելով գյուղատնտեսությունը որպես մարզի տնտեսության առաջատար ճյուղ: Մարզի պատվիրակությունից ելույթներ ունեցան նաև մարզպետի տեղակալը և ՙՙՀիմնատավուշ՚՚ զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Հրաչ Թումանյանը: Ելույթներում ներկայացվեցին մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացումները, հեռանկարները և նպատակները, ինչպես նաև Տավուշ-Օ-Դը-Սեն համագործակցության արդյունքում իրականացված աշխատանքները, հաջողված փորձերը և ապագա անելիքները: Այնուհետև տեղի ունեցան գործնական այցելություններ անասնապահական ֆերմա, խաղողի այգիներ: Զբոսաշրջության աշխատանքային խմբում քննարկվեցին զբոսաշրջության զարգացման ներկա իրավիճակն ու հնարավորությունները, և Օ-Դը-Սենի պատվիրակության հետ համաձայնություն ձեռք բերվեց Փարիզում կազմակերպել քննարկում տուրիզմի ոլորտում Տավուշ - Օ-Դը-Սեն համագործակցության շրջանակներում հնարավոր միջոցառումներ իրականացնելու ուղղությամբ: Հոկտեմբերի 18-ին Փարիզի Սևրի թանգարանում կազմակերպված քննարկման ժամանակ ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ մշակել համապատասխան աշխատանքների և միջոցառումների ծրագիր, որը կքննարկվի, և հավանության արժանանալու դեպքում կսկսվեն տուրիզմի զարգացման միջոցառումների իրականացման աշխատանքները:
   Նույն օրը տեղի ունեցավ հանդիպում Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի և Օ-Դը-Սենի գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանի միջև: Հանդիպմանը քննարկվեցին գյուղատնտեսության և տուրիզմի բնագավառներում առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը առաջարկություններ ներկայացրեց անասնապահության, անասնամթերքի վերամշակման և զբոսաշրջության բնագավառների վերաբերյալ, որոնք արժանացան հավանության: Առաջիկայում համապատասխան մասնագետների հետ կսկսվեն դրանց իրականացման գործընթացների ուսումնասիրությունները: Հոկտեմբերի 18-ին պատվիրակությունը վերադարձավ Հայաստան:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26