Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզը՝ ամենամյա «Արմպրոդէքսպո» ցուցահանդեսում
22.10.2013
Հոկտեմբերի 18-ին Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում բացվել էր եռօրյա «Արմպրոդէքսպո» ամենամյա մասնագիտացված ցուցահանդեսը՝ նվիրված գյուղատնտեսության օրվան: Ցուցահանդեսին ներկայացվել էին Հայաստանում արտադրվող պարենային ապրանքների լավագույն նմուշներ: Ցուցահանդեսային համալիրի բացօթյա առանձին տաղավարով Տավուշի մարզը ևս ներկայացրեց մարզի բերքն ու բարիքը: Ցուցադրությունում ներկայացված էին և գյուղատնտեսական արտադրանքներ, և վերամշակող կազմակերպությունների ապրանքատեսակներ՝ գինիներ, պահածոներ, մրգային օղիներ և այլ ապրանքներ: Տարեվերջյան գյուղատնտեսական տարին ամփոփող ցուցահանդեսին ներկա է եղել նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, նա շրջել է ներկայացված տաղավարներով, ծանոթացել արտադրատեսակներին, զրուցել ոլորտը ներկայացնող ընկերությունների ընթացիկ ծրագրերի, խնդիրների և հեռանկարների շուրջ: Ներկա էին նաև Տավուշի մարզպետի տեղակալ Վահե Վարդապետյանը, մարզի մի շարք համայնքների ղեկավարներ, Տավուշի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի ներկայացուցիչներ:
Գյուղատնտեսության օրվան նվիրված միջոցառումը շարունակվեց մինչև հոկտեմբերի 20-ը: Ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ համաժողով, որտեղ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ոլորտի աշխատակիցներին հանձնեց ոսկե մեդալներ և պատվոգրեր: Մասնավորապես, Տավուշի մարզից ոսկե մեդալով պարգևատրվեց Արծվաբերդ համայնքի ֆերմերների ասոցիացիայի նախագահ Վոլոդյա Ուզունյանը՝ հացահատիկի (աշնանացան) սերմնաբուծության և սերմնաարտադրության բնագավառում ունեցած գործունեության համար: Գյուղատնտեսության ոլորտի զարգացման գործում նշանակալից դեր ունենալու համար շնորհակալական պատվոգրեր ստացան Տավուշի մարզպետի տեղակալ Վահե Վարդապետյանը, պտղաբուծության և ցորենի արտադրության բնագավառում հաջողություններ ունեցած Յուրի Խաչատրյանը Հաղթանակ համայնքից, ծխախոտագործության բնագավառից՝ Վահան Ավետյանը Դիտավանից, Խաշթառակ գյուղից անասնաբույժ Շամիր Վիրաբյանը: Տավուշի մարզում գյուղատնտեսության ոլորտում ունեցած մեծ ավանդի համար շնորհակալագրով պարգևտրվեց նաև Ռազմիկ Մելիքջանյանը Տավուշի մարզպետարանից: