Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բերքաբերում օծվեց Սուրբ Գևորգ եկեղեցին

18.10.2013

Հայ-ադրբեջանական սահմանին կանգնած Բերքաբեր համայնքում հոկտեմբերի 17-ին նախադեպը չունեցած տոնակատարություն էր: Պատերազմ տեսած ու բազմաթիվ զոհեր տված գյուղի հավատավոր ժողովրդի առջև այդ օրն իր դռները բացեց Սուրբ Գևորգ նորակառույց եկեղեցին: Եկեղեցին կառուցվել է գյուղի կենտրոնում` սփյուռքահայ բարերարներ Ժիրայր և Սիրանուշ Կանելյանների հովանավորությամբ՝ ի հիշատակ սիրելի ծնողների՝ Խաչիկ և Նազելի Կանելյանների: Եկեղեցու օծման հանդիսավոր արարողությանը ներկա էին բարերարները՝ իրենց ընտանիքի անդամներով ու հարազատներով, Տավուշի մարզպետարանի պատասխանատու աշխատողներ, մարզի հոգևոր դասը, բազմաթիվ հյուրեր սփյուռքից, Հայաստանի տարբեր բնակավայրերից ու հարևան համայնքներից, ամբողջ Բերքաբեր գյուղը: Միջոցառումն սկսվեց Դռնբացեքի արարողությամբ, որից հետո եկեղեցու ներսում կատարվեց Սբ. Խորանի և Սբ. Սեղանի օծում: Այնուհետև օծվեցին նորակառույց Աստծու տան՝ 4 ավետարանիչների և 12 առաքյալների անուներով 16 սյուները: Հավարտ օծման Տավուշի թեմի առաջնորդ Տեր Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի հանդիսապետությամբ կատարվեց Սուրբ Պատարագի արարողություն, որը մատուցեց Տեր Սարգիս քահանա Տերտերյանը: Տոնական օրը բեքաբերցիների համար եզրափակվեց Իջևանի երաժշտական դպրոցի ժողգործիքների համույթի ներկայացրած գեղեցիկ համերգային ծրագրով և մատաղի հյուրասիրությամբ:
Սուրբ Գևորգ եկեղեցին 15 մետր երկարություն, 11 մետր լայնություն և 14 մետր բարձրություն ունեցող եռանավ գմբեթավոր բազիլիկ կառույց է՝ կառուցված տեղական քարից և մոնոլիտ երկաթբետոնից: Կառույցը սկզբնապես նախագծվել է ճարտարապետ Մերի Դանիելյանի կողմից, ու շինարարությունն սկսվել է դեռևս 1986 թվականից: Սակայն խորհրդային կարգերի փլուզումից հետո դադարեցվել է եկեղեցու շինարարությունը: Հետագայում արդեն մեր հայրենակից, եկեղեցաշինության մեջ ճանաչված ճարտարապետ Միսակ Մելքումյանի գլխավորությամբ փոփոխություններ են կատարվել նախագծային ծավալներում. նախկին երկթեք տանիքի փոխարեն ավելացվել է գմբեթ, որից հետո նախագիծը հաստատվել է Կաթողիկոսի կողմից, և 2012 թվականի դեկտեմբերի 5-ից սկսվել ու օգոստոսի 5-ին ավարտվել է եկեղեցու շինարարությունը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18