Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզխորհրդի նիստում

14.10.2013

     Հոկտեմբերի 12-ին տեղի ունեցավ Տավուշի մարզխորհրդի հերթական նիստը, որը վարեց մարզպետ Արմեն Ղուլարյանը: Նիստին մասնակցում էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փրկարար ծառայության գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանը և ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը: Առաջին հարցով լսվեց Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ֆելիքս Ափինյանի զեկույցը քաղպաշտպանության բնագավառում կատարած աշխատանքների վերաբերյալ: Արտակարգ իրավիճակների նախարարը դրական գնահատեց կատարված աշխատանքները և նշեց, որ հետագայում ևս ամեն ինչ կարվի բնակչության անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:
    Մարզի համայնքների 2013թ. տեղական բյուջեների սեփական եկամուտների ինն ամսվա կատարողականը, հողի հարկի և գույքահարկի բազաների ճշգրտման ընթացքը ներկայացրեց մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության ֆինանսատնտեսագիտական բաժնի վարիչ Ասքանազ Բաբլումյանը: Զեկուցողը տարբեր եկամտատեսակների մասով ցածր կատարողականներ ունեցող համայնքների ղեկավարների ուշադրությունը հրավիրեց թերակատարումների վրա՝ նշելով, որ պետք է հետևողական աշխատանք տանել հավաքագրման մակարդակը բարձրացնելու ուղղությամբ, քանի որ այն կարող է հանգեցնել բյուջեով նախատեսված ծախսերի թերակատարման և պարտքերի առաջացման: Նշվեց, որ հողի հարկի և գույքահարկի վարման բազաների ճշգրտման ուղղությամբ իրականացվող աշխատանքները դանդաղ են ընթանում, որը խնդիրներ է առաջացնում համայնքներին հատկացվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների հաշվարկման ընթացքում: Մարզպետ Արմեն Ղուլարյանը համայնքների ղեկավարների ուշադրությունը հրավիրեց հարցի կարևորության վրա՝ նրանց առաջարկելով սերտորեն համագործակցել համայնքների միությունների հետ, նաև առաջարկեց բազաների ճշգրտման հետ կապված առանձին խորհրդակցություն անցկացնել առաջիկայում:
    Մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղինակ Սուքոյանը ներկայացրեց 2013 թվականի գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը: Նշվեց, որ, բացի Իջևանի գինու-կոնյակի գործարանը, մարզի մյուս բոլոր մթերող կազմակերպություններն ավարտել են խաղողի մթերումը, և նախորդ տարվա համեմատ այս տարի ավելի քան 300 տոննայով ավելի խաղող կմթերվի մարզում: Ամբողջությամբ բաշխվել է մարզին հատկացված 30 տոննա ազոտական պարարտանյութը, և գումարներն էլ ամբողջովին հավաքագրվել են: Զեկուցողը ներկայացրեց նաև մարզին հատկացված դիզվառելիքի բաշխման ընթացքը և այն համայնքներին, որոնք դիզվառելիքի պահանջարկ չունեն, առաջարկեց այդ մասին գրությամբ տեղեկացնել մարզպետին, որպեսզի ցուցակները սահմանված կարգով վերանայվեն:
   ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Միշա Մխիթարյանը ըստ տարածաշրջանների ներկայացրեց բնակչության պետական ռեգիստրի հիման վրա մարզում հաշվառված բնակչության թվաքանակի գծով ելակետային տվյալների ճշտման արդյունքները: Նշվեց, որ թեպետ լուրջ ճշտումներ են արվել և ցուցակները բավականին հստակեցվել են, սակայն դեռևս կան թերություններ: Համայնքների ղեկավարներին առաջարկվեց խնդրին վերաբերվել առանձնակի ուշադրությամբ և աշխատանքներն այնպես կազմակերպել, որ համայնքներում լինեն բնակչության թվաքանակի միայն ճշտված ցուցակներ:
   ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության գլխավոր մասնագետ Վահե Հովհաննիսյանի զեկույցը համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի /ՀԿՏՀ/ տեղադրման և շահագործման մասին էր: Նշվեց, որ մարզում պետական հատվածի արդիականացված ծրագրի և GIZ ծրագրի շրջանակներում 25 համայնքում ներդրվել են ՀԿՏՀ-ներ, և, համաձայն ՀՀ տարածքային կառավարման նախարարի հանձնարարականի, նշված համայնքներում փաստաթղթաշրջանառությունը պետք է իրականացվի միայն էլեկտրոնային եղանակով, սակայն դա միայն մի քանի համայնքում է իրականացվում: Առաջարկվեց համայնքի ղեկավարների ուշադրությունն ու հետևողականությունն այս հարցին:
   Օրակարգի վերջին հարցով մարզպետարանի զարգացման ծրագրերի և զարգացման բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը զեկուցեց Տավուշի մարզի զբոսաշրջային քարտեզի վերաբերյալ: Հարակից ելույթով ,,Դիլնետ սերվիս,, կրթական հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Հովհաննիսյանը ներկայացրեց կազմակերպության կողմից կազմած մարզի զբոսաշրջային քարտեզը՝ նշելով, որ Տավուշն առաջին մարզն է, որ ունի նման քարտեզ և նրա առաջին օրինակը նվիրեց մարզպետին: Մարզպետը տուրիզմի զարգացումը խթանելու առումով կարևոր քայլ համարեց նման քարտեզի ստեղծումը՝ նշելով, որ ժամանակն է տուրիզմի կենտրոններ ստեղծել մարզում և տուրիզմը զարգացնել մարզային մակարդակով:
   Մարզխորհրդի նիստի ավարտին քննարկվեցին այլ ընթացիկ հարցեր ևս, արվեցին հայտարարություններ: Նիստի աշխատանքներն ամփոփեց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57