Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ջերմուկում մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն անցկացվեց

07.10.2013

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Ջերմուկում մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն անցկացրեց, որի ընթացքում քննարկվեցին 2014թ. բյուջետավարման գործընթացի հետ կապված հարցեր:
ՀՀ ֆինանսների առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանը մարզպետներին տեղեկացրեց 2014թ. ֆինանսական տարում փոփոխությունների, մասնավորապես` հուլիսի 1-ից սպասվող նվազագույն աշխատավարձի բարձրացման, 2014թ. պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով համայնքներին տրամադրվող դոտացիաների հաշվարկման սկզբունքների մասին:
Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարեց հաշվարկել նշված փոփոխություններով պայմանավորված ծախսերը, եւ հաշվարկները ներկայացնել կառավարություն: Նշվեց, որ կառավարությունը նախատեսում է նվազագույն աշխատավարձերի բարձրացմամբ պայմանավորված ծախսերի դեֆիցիտը նպատակային սուբվենցիաների միջոցով ծածկելու հնարավորությունը:
Ինչ վերաբերում է ՀՀ պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով համայնքներին տրամադրվող դոտացիաների հաշվարկման կարգին, ապա տեղեկացվեց , որ 2014թ-ի համար եւս կառավարությունն առաջարկում է այն հաշվարկվել նախորդ տարվա սկզբունքով, սակայն գալիք տարիներին արդեն հաշվարկը արվելու է` հիմնվելով Բնակչության պետական ռեգիստրի տվյալների վրա:
Այս կապակցությամբ փոխվարչապետը կարեւորեց համայնքների ղեկավարների եւ ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ աշխատանքը` բնակչության թվաքանակի տվյալների ճշգրտման ուղղությամբ: Նա մարզպետներին հանձնարարեց առաջիկայում հրավիրել մարզխորհրդի նիստեր` այս եւ բյուջետային խնդիրների հետ կապված հարցերը քննարկելու նպատակով:
Տեղեկություններ ներկայացվեց մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրի ընթացքի մասին: Մարզպետները նշեցին, որ նախատեսված աշխատանքները հիմնականում կատարված են, եւ մինչեւ հոկտեմբերի վերջ ընթացքի մեջ գտնվող բոլոր ծրագրերն ավարտին կհասցվեն:
Քննարկվեց հողօգտագործողներին 2013 թ. աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գնով ազոտական պարարտանյութի բաշխման ծրագրի ընթացքը: Զեկուցվեց, որ արդեն բաշխվել է սահմանված քանակի կեսից ավելին, հաջորդ շաբաթ նախատեսվում է, որ բաշխումն ամբողջությամբ կավարտվի: Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարեց վերագնահատել ըստ մարզերի ներկայացված պահանջարկը, եւ հայտագրված քանակից շեղումների դեպքում` տեղեկացնել կառավարությանը` վերաբաշխում կատարելու համար:
Ներկայացվեցին նաեւ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման 2013թ. ինն ամիսների ցուցանիշները: Սեփական եկամուտների կատարողականը կազմել է 93,7 տոկոս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը 10,3 տոկոս է: Փոխվարչապետը մարզպետների ուշադրությունը հրավիրեց հողի հարկի կատարողականի ցուցանիշների վրա, որը կազմել է 87,4 տոկոս: Նա ընդգծեց եկամուտների նախատեսված ծավալի ամբողջական հավաքագրման անհրաժեշտությունը` անթույլատրելի համարելով ապառքների կուտակումը:
Մարզպետներին տեղեկություններ ներկայացվեց նաեւ հանրային սպասարկման կենտրոնների ստեղծման նախաձեռնության մասին, որը ենթադրում է մի շարք ծառայությունների մատուցում "մեկ պատուհանի" սկզբունքով: Առաջարկվեց ծանոթանալ հայեցակարգի նախագծին եւ առաջարկություններ ներկայացնել:
Քննարկվեցին նաեւ հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովի կազմակերպչական հարցեր: Նկատելով, որ համաժողովը լավ հնարավորություն է Ռուսաստանի գործընկեր տարածաշրջանների հետ շփումները խորացնելու համար` փոխվարչապետը մարզպետներին նաեւ հանձնարարեց առաջարկներ ներկայացնել` կոնկրետ գործընկեր տարածաշրջանների հետ համագործակցության եւ համաժողովի օրակարգի վերաբերյալ:
Քննարկվեցին նաեւ ընթացիկ մի շարք այլ հարցեր:

mta.gov.am

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18