Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սեպտեմբերի 29-ի վաղ առավոտից ուխտավորների հոսքը ձգվում էր դեպի Նոր Վարագավանք

30.09.2013

Սկսած 2004 թվականից յուրաքանչյուր սեպտեմբեր ամսվա վերջին կիրակի օրը Տավուշի մարզում նշվում է որպես Նոր Վարագավանքի ուխտագնացության օր: Արդեն ավանդական դարձած միջոցառումը, որ շուրջ տասը տարի առաջ նախաձեռնել է ,,Տավուշ,, հայրենակցական միությունը, տարեցտարի ավելի ու ավելի է ընդլայնում իր մասնակիցների շրջանակը: Այստեղ ուխտավորներ են գալիս թե մարզի տարբեր բնակավայրերից, թե ամբողջ հանրապետությունից և թե արտասահմանից: Ըստ ավանդույթի Խաչափայտի մասունքը Հայոց աշխարհ է բերվել Հռիփսիմյաց կույսերի կողմից և պահվել Վարագա լեռան գագաթին: 653թ. Թոդիկ անունով մի կրոնավոր իր սրբասեր աշակերտ Հովելի հետ գնում է Վարագա լեռ՝ ճգնելու և հաստատվում այն վայրում, որտեղ Խաչափայտի մասունքն էր պահվում: Երկարատև աղոթքների շնորհիվ Աստված կատարում է նրանց իղձը և նշանով ցույց տալիս մասունքի գտնվելու վայրը: Ներսես Գ կաթողիկոսը կարգ է սահմանում՝ ամեն տարի այդ օրը տոնել ի փառս Քրիստոսի և նրա Խաչի: Ուխտագնացության օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից մեծ հանդիսությամբ Նոր Վարագավանք է տեղափոխվում Քրիստոսի Խաչափայտի մասունքը՝ հավատավոր ժողովրդի երկրպագության համար: Նշենք, որ Նոր Վարագավանքը գտնվում է Բերդի տարածաշրջանի Վարագավան գյուղից 2 կիլոմետր հեռավորության վրա, անտառապատ լեռան լանջին: Միջնադարյան այս վանքային համալիրը հիմնադրել է Նոր Բերդի Դավիթ իշխանը 12-րդ դարում: Այս տարի ուխտագնացության օր էր հայտարարվել սեպտեմբերի 29-ը:
Սեպտեմբերի 29-ի վաղ առավոտից արդեն ուխտավորների հոսքը ձգվում էր դեպի Վարագավանք, որտեղ Տավուշի թեմի առաջնորդ Տեր Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ Սուրբ Պատարագի արարողություն: Պատարագը մատուցեց Իջևանի հոգևոր հովիվ Տեր Սիմեոն քահանա Առաքելյանը: Արարողությանը ներկա էր Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Պատարագից հետո կատարվեց Օրհնության կարգ: Օրհնվեց Խաչափայտի մասունքը, որը Մայր Աթոռից Վարագավանք էր բերել Հայր Դերենիկը, այնուհետև Խաչափայտի մասունքով օրհնվեցին ժողովուրդն ու պատմական Տավուշ աշխարհի չորս ծագերը: Կատարվեց նաև Մատաղի կարգ ու հյուրասիրություն: Առանձնահատուկ այդ օրը եզրափակվեց Անդրանիկ սարկավագի ,,Սասուն,, երգ ու պարի ազզգագրական համույթի գեղեցիկ ելույթով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 16:35:50