Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գոշ գյուղում տեղի ունեցավ միջնադարի հանճարեղ մտածող, օրենսդիր ու առակագիր Մխիթար Գոշի բրոնզաձույլ արձանի հանդիսավոր բացումը

14.09.2013


Սեպտեմբերի 13-ին Տավուշի մարզի Գոշ գյուղում նախադեպը չունեցած համագյուղական մեծ տոնակատարություն էր. տեղի ունեցավ միջնադարի հանճարեղ մտածող, օրենսդիր ու առակագիր Մխիթար Գոշի բրոնզաձույլ արձանի հանդիսավոր բացումը: Արարողությանը ներկա էին  պետական այրեր, մարզի հոգևոր դասը, թե հանրապետությունում և թե հանրապետությունից դուրս ապրող գոշեցիներ, բազմաթիվ հյուրեր, ամբողջ գյուղը: Նշանավոր Գոշավանքի բակում Մխիթար Գոշի արձանի տեղադրման նախաձեռնությունը  գյուղի զավակ, այժմ ռուսաստանաբնակ ճանաչված գործարար ու բարերար Անտոն Մեհրաբյանինն է, ում ֆինանսավորմամբ էլ  կերտվել է քանդակը: Արձանը հեղինակել է  քանդակագործ Գևորգ Գևորգյանը: Մինչ բացման արարողությունն սկսելը ծաղկեպսակ ու ծաղիկներ դրվեցին Մխիթար Գոշի գերեզմանին, որ գտնվում է գյուղի բարձունքում: Իսկ անդրու բացման պատիվը վերապահվել էր Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին, Տ. Մարկոս Եպիսկոպոս Հովհաննիսյանին և բարերար Անտոն Մեհրաբյանին: Արձանը ծածկող ճերմակ սավանն իջեցնելուց հետո  Տ. Մարկոս Եպիսկոպոս Հովհաննիսյանը կատարեց Անդաստանի արարողություն:  Գյուղի համար  կարևոր իրադարձության առթիվ գոշեցիներին շնորհավորեցին Տավուշի մարզպետը, ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը, Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը և այլք: Սրտի խոսք ասաց նաև Անտոն Մեհրաբյանը, ու քանի որ օրը համընկել էր նրա ծննդյան 50-ամյա հոբելյանի հետ, բարերարին ուղղված շնորհավորանքները կրկնակի էին:  ՀՀ սփյուռքի  նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը Անտոն Մեհրաբյանին  հանձնեց նախարարության  ,,Նուբար Փաշա,, մեդալը: Իր ելույթում համայնքի ղեկավար Գևորգ Ամիրխանյանն ամբողջ համայնքի անունից նախ իր երախտագիտությունը հայտնեց բարերարին անգնահատելի նվերի համար, այնուհետև ընդգծեց այդպիսի բարեգործությունների  կարևորությունը՝ նշելով, որ դրանք լավ օրինակ կծառայեն համագյուղացի մյուս գործարարների համար ևս:  Համայնքի ղեկավարը Անտոն  Մեհրաբյանին հանձնեց Գոշ համայնքի պատվավոր անդամի վկայագիրը և հայտարարեց, որ այսուհետ յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 13-ը կնշվի որպես Գոշ գյուղի օր, և այդ օրը անպայման կնշանավորվի գյուղի համար կարևոր որևէ ձեռնարկով:  Միջոցառման հանդիսավոր մասին հաջորդեց գեղարվեստական մասը՝ երգ, պար, ասմունք, գյուղի դպրոցի երեխաները ներկայացրին Գոշի առակներից: Տոնական տրամադրությունը շարունակվեց մինչև ուշ երեկո: Իսկ գեղեցիկ ու հիշարժան օրվա վերջին ակորդը շքեղ հրավառությունն էր:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18