Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՕԳՈՍՏՈՍՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ

30.08.2013

Օգոստոսի 29-ին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ մարզի հանրակրթական դպրոցների ուսուցիչների օգոստոսյան ամենամյա խորհրդակցությունը, որին մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, կրթության ազգային ինստիտուտի ներկայացուցիչ Նուրիջան Մանուկյանը, մարզի ուսումնական հաստատությունների տնօրենները, փոխտնօրեններ, կրթության ոլորտի պատասխանատուներ: Ողջունելով խորհրդակցության մասնակիցներին՝ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը նախ շնորհակալություն հայտնեց ուսուցիչներին անցած ուսումնական տարում կատարած աշխատանքների համար, ապա շնորհավորեց բոլորին նոր ուսումնական տարվա մեկնարկի ու Գիտելիքի օրվա կապակցությամբ:
2012-2013 ուսումնական տարվա արդյունքները, ձեռք բերած հաջողություններն ու եղած խնդիրները ներկայացրեց մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Աշոտ Փաշինյանը: Նշվեց, որ մարզում գործում է մարզպետարանի ենթակայության 77 հանրակրթական դպրոց, որից 23-ը հիմնական, 54-ը՝ միջնակարգ: Առաջին դասարանցիների թիվը եղել է 1555 աշակերտ: Նոր ուսումնական տարում կանխատեսվում է 1630: Մարզում գործում են 46 նախադպրոցական հիմնարկներ և 11 նախակրթարաններ, որոնցում ընդգրկված են համապատասխանաբար 2901 և 223 երեխաներ: Զգալի աշխատանքներ են իրականցվել դպրոցաշինության ուղղությամբ, հարստացվել է դպրոցների նյութատեխնիկական բազան: Տարվա ընթացքում թե պետբյուջեի և թե միջազգային կազմակերպությունների միջոցներով վերանորոգվել ու հիմնանորոգվել են մի շարք դպրոցներ: Տավուշը միակ մարզն է, որի բոլոր դպրոցները, շնորհիվ ,,Հայաստան,, համահայկական հիմնադրամի, ապահովված են համակարգչային կաբինետներով: Մարզն առանձնանում է նաև ներառական կրթության հաջողված փորձով: Այստեղ չկան կրթության ոլորտից դուրս մնացած աշակերտներ: Խոսվեց տեսչական ստուգումների արդյունքներից: Նշվեց, որ կատարվել են մարզի 10-րդ և 11-րդ դասարանների փաստաթղթերի ստուգումներ, և սահմանված կարգի խախտումներով հաշվառված կամ սովորող աշակերտներ չեն հայտնաբերվել: Հանրակրթության բարեփոխումների նոր փուլը պայմանավորված է նաև ուսումնական հաստատություններում ներքին և արտաքին գնահատման իրականացմամբ: Այս առումով ԳԹԿ-ի կողմից իրականացված գրավոր աշխատանքների արդյունքներով մարզի ցուցանիշները լավագույններից են եղել: Ներկայացվեցին նաև միասնական քննությունների արդյունքները: Նշվեց, որ առանձին առարկաներից բարձր ցուցանիշներ են ապահովել Բերդի վարժարանը /հայոց լեզու, մաթեմատիկա, անգլերեն/, Նորաշենի դպրոցը /հայ ժողովրդի պատմություն/, Տավուշը /մաթեմատիկա, հայ ժողովրդի պատմություն/, Կայանի դպրոցը /հայ ժողովրդի պատմություն, կենսաբանություն/, Սարիգյուղը /ֆրանսերեն, հայոց լեզու, աշխարհագրություն/, Բերդավանը /մաթեմատիկա, հայոց լեզու, անգլերեն/, Կողբը /մաթեմատիկա, հայոց լեզու, անգլերեն/: Ներկայացվեցին տարբեր օլիմպիադաներում ու հանրապետական մրցույթներում մարզի դպրոցականների ունեցած ձեռքբերումներն ու հաջողությունները: Վարչության պետն անդրադարձավ նաև կրթության ոլորտի խնդիրներին, մասնավորապես կապված նախակրթարանների՝ որպես կրթության կարևորագույն օղակի թվի ավելացման, ուսուցիչների վերապատրաստման ու ատեստավորման գործընթացների հետ: Նշվեց, որ ատեստավորման գործընթացում նկատվել է մեկ ընդհանուր թերություն. ուսուցիչների գրքույկները լրացված են եղել թերություններով, առկա է եղել հրամանների ոչ ճիշտ ձևակերպում:
Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը խոսեց հանրակրթության ոլորտի բարեփոխումների ու 2012-2013 ուսումնական տարվա հիմնախնդիրների շուրջ՝ ոլորտի բարեփոխումների հիմնական խնդիրը համարելով կրթության որակը:
Խորհրդակցության ավարտին մատաղ սերնդի դաստիարակության գործում ունեցած մեծ ավանդի և նվիրումով աշխատանքի համար Տավուշի մարզպետը պատվոգրեր ու նվերներ հանձնեց մարզի դպրոցների մի խումբ տնօրենների և ուսուցիչների: Լավագույն աշխատանքի համար մարզպետն իր շնորհակալությունը հայտնեց Դիլիջանի թիվ 2 մանկապարտեզի տնօրեն Գրետա Աթաբեկյանին՝ նրան հանձնելով ՙՙՊատվավոր Տավուշեցի.. կոչման հավաստագիրը: Խորհրդակցությանը զուգահեռ Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցում Կրթության ազգային ինստիտուտի մասնագետների կողմից անցկացվեցին ուսուցիչների սեկցիոն պարապմունքներ բոլոր առարկաներից:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18