Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեցին փոխադարձ հետաքրքրության հարցեր

20.08.2013

Պաշտոնական իր առաջին այցով Տավուշի մարզում էր Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը: Օգոստոսի 19-ին դեսպանին ընդունեց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Հանդիպմանը ներկա էին մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ: Ողջունելով հյուրին՝ մարզպետը նշեց, որ ամերիկյան կառավարության աջակցությամբ բավականին ծրագրեր են իրականացվել մարզում: Տավուշի յուրահատուկ բնությունը, պատմաճարտարապետական ու բնության հուշարձանները, բնակլիմայական պայմանները հնարավորություն են տալիս տարածաշրջանում զարգացնելու գյուղատնտեսությունը, տուրիզմը: Մարզպետը ներկայացրեց մարզի տարածաշրջանային կենտրոններն ու նրանց զարգացման հնարավոր ուղղությունները: Նշվեց, որ Դիլիջանը որպես լավագույն առողջարանային քաղաք արդեն ունի իր զարգացման ուղղվածությունը: Ենթակառուցվածքների առումով շատ ավելի զարգացած է, քան մարզի մյուս քաղաքները: Քաղաքն ունի թե առողջարանային քաղաքի և թե տուրիզմի արդեն ձևավորված ավանդույթներ: Բերդ քաղաքը ևս, շնորհիվ տեղի բնության պարգևած բերք ու բարիքի, գտել է զարգացման իր ճանապարհը: Դրա վկայությունն էր օգոստոսի 18-ին այստեղ անցկացված մեղրի ու հատապտուղների փառատոնը: Մարզպետը համոզմունք հայտնեց, որ առաջիկա տարիներին ամերիկյան կողմի աջակցությամբ այստեղ կկարողանան զարգացնել այդ ապրանքատեսակների արտադրությունը: Առաջարկվեց փառատոնին ներգրավել նաև գործարար հատվածին: Իջևանի զարգացման համար մատնանշվեցին մշակույթի ու կրթության ոլորտները: Կարևորվեց 1985-1991 թվականներին այստեղ ավանդաբար անցկացված քանդակի միջազգային սիմպոզիումների վերականգնումը, որի ուղղությամբ ներկայումս աշխատանքներ են տարվում Իջևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ: Նոյեմբերյանի տարածաշրջանին բնորոշ է պտղաբուծությունը, մասնավորապես դեղձի արտադրությունը, որն էլ անհրաժեշտ է զարգացնել:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպանը նշեց, որ նախորդ օրը՝ օգոստոսի 18-ին, հիանալի օր է ունեցել Բերդում՝ մասնակցելով այդտեղ անցկացված մեղրի ու հատապտուղների տոնին և անչափ տպավորված ու հիացած է փառատոնով: Նշեց, որ ամերիկյան դեսպանատունը իր հնարավորությունների շրջանակում պատրաստ է օժանդակել Տավուշի մարզի զարգացման նախաձեռնություններին: Կարևորեց տուրիզմի զարգացմանը, սննդի վերամշակմանը միտված ծրագրերի իրականացումը մարզում: Դեսպանը հետաքրքրիր համարեց մարզպետի՝ տարածաշրջանում հյուրատների /ռանչոների/ զարգացման գաղափարը, որը նոր հետաքրքրություն ու մշակույթ կձևավորի տուրիզմի ոլորտում: Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57