Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուին

09.08.2013

  Օգոստոսի 9-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուին: Հանդիպմանը ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը, մարզպետարանի պատասխանատու աշխատողներ: Ողջունելով հյուրին և շնորհավորելով ազգային տոնի՝ Հնդկաստանի անկախության հռչակման 67-րդ տարեդարձի առթիվ, մարզի ղեկավարն անդրադարձավ հայ-հնդկական այն ջերմ հարաբերություններին, որոնք ձևավորվել են դարերի ընթացքում և շարունակում են զարգանալ ներկայումս: Այնուհետև մարզպետը ներկայացրեց մարզն իր բոլոր կողմերով՝ աշխարհագրական դիրքով, բնակլիմայական պայմաններով, զարգացման ուղղություններով ու հեռանկարներով, առաջարկեց քննարկել փոխգործակցության մի շարք ծրագրեր, որոնք վերաբերում են մասնավորապես կաթի ու մսի արտադրությանն ու վերամշակմանը, բուսական յուղի արտադրությանը, տուրիզմի զարգացմանը: Ի դեմս դեսպանի, մարզպետն իր շնորհակալությունը հայտնեց Հնդկաստանի կառավարությանը՝ մարզի դպրոցներին նվիրաբերած համակարգիչների ու տեխնիկայի համար և հույս հայտնեց, որ ծրագիրը շարունակական զարգացում կունենա:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու խոսքերի համար՝ Հնդկաստանի նորանշանակ դեսպան Սուրեշ Բաբուն նշեց, որ իր այցը ճանաչողական է. առաջին անգամը լինելով մարզում՝ ինքը նպատակ ունի մոտիկից ծանոթանալու տարածաշրջանին, նաև անձամբ մասնակցելու Հնդկաստանի Հանրապետության անկախության հռչակման 67-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների բացման արարողությանը: Նշվեց, որ հայերը Հնդկաստանում հաստատվել են դեռևս 360 տարի առաջ՝ Մադրասում, այնուհետև Կալկաթայում, Դելիում և իրենց նշանակալից ավանդն են բերել երկրի թե տնտեսական, թե մշակութային կյանքի զարգացմանը: Մարզպետարանից դեսպանը մարզպետ Արմեն Ղուլարյանի ուղեկցությամբ այցելեց Իջևանի թիվ 1 և թիվ 3 դպրոցներ, անձամբ տեսավ համակարգչային այն սենյակները, որոնք տեխնիկապես հագեցվել և կահավորվել են Հնդկաստանի կառավարության միջոցներով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26