Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կոոպերատիվը հնարավորություն է տալիս գյուղատնտեսական աշխատանքներն ավելի կազմակերպված ու համակարգված իրականացնել

17.07.2013

Գաղտնիք չէ, որ մեր տարածաշրջանում գյուղացու ապրուստի հիմնական միջոցը հանդիսանում է անասնապահությունը: Այդ իսկ պատճառով գյուղատնտեսության նախարարության Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի /ԾԻԳ/ ներկայացրած՝ Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության վարկային ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է մարզի մի շարք համայնքներում ,,Արոտօգտագործողների միավորում,, սպառողական կոոպերատիվների ստեղծում, հետաքրքրեց Ներքին Ծաղկավանի անասնատերերին: Երբ ԾԻԳ-ից եկան ու գյուղում ներկայացրին ծրագիրը, տեսան, որ գյուղացու համար տնտեսությունը վարելու օգտակար ու շահավետ միջոց է առաջարկվում և առաջինը ձեռնամուխ եղան կոոպերատիվի ստեղծմանը մարզում: Կոոպերատիվում ընդգրկվեց 44 հոգի, նրանք, ովքեր անասուններ ունեին: Այսօր արդեն շուրջ 300 գլուխ խոշոր եղջերավոր և 110 ոչխար ունեն հաշվառած: Իսկ կոոպերատիվի ստեղծման դրական փորձը ցույց է տալիս, որ ծրագիրը գյուղացու համար իրոք պահանջված է:
-Այսօր գյուղում ավելացել են անասուն պահողները, ովքեր նույնպես կոոպերատիվի անդամ դառնալու ցանկություն են հայտնել: Առաջիկայում կքննարկենք նրանց ևս կոոպերատիվում ընդգրկելու հարցը,- ասում է կոոպերատիվի նախագահ Գևորգ Գալստյանը:- Ուրախությամբ պետք է փաստեմ, որ կոոպերատիվը գյուղացու համար աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու ու տնտեսություն վարելու անփոխարինելի միջոց է: Այսօր ունենք մեր սեփական գյուղտեխնիկան՝ ,,Բելառուս,, մակնիշի տրակտոր, խոտհավաք, խոտհնձիչ, մամլիչ, գութան, որոնք ծրագրի իրականացման ընթացքում ստացել ենք փուլ առ փուլ: Տեխնիկայի ֆինանսավորման կեսը ապահովել է ծրագիրը, 30 տոկոսը՝ ,,Հեյֆեր,, միջազգային կազմակերպությունը, իսկ կոոպերատիվը մասնաբաժինը 20 տոկոս է: Կոոպերատիվի աշխատանքը համեմատել անգամ չի կարելի նախկինում ունեցած աշխատաձևի հետ, տարբերությունը շատ մեծ է: Կոոպերատիվը հնարավորություն է տալիս գյուղատնտեսական աշխատանքներն ավելի կազմակերպված ու համակարգված իրականացնել: Այսօր շնորհիվ կառույցի վերացել են խոտհնձի հետ կապված նախկին վեճերը: Հիմա գործը կազմակերպվում է կանոնավոր, հունձն իրականացվում է հերթով, դաշտ առ դաշտ: Առաջնահերթությունը կոոպերատիվինն է, բայց կարողանում ենք օգնության ձեռք մեկնել նաև համայնքի մյուս անդամներին: Արդեն երկրորդ տարին է արդյունավետ բերքահավաք ենք կազմակերպում, կարողանում ենք բերքն անկորուստ տեղափոխել: Հիմա հնձի եռուն շրջան է տնտեսությունում: Դաշտերի մեծ մասը հնձված, հավաքված ու հակավորված է: Վարդավառից հետո կսկսենք նաև հեռագնա արոտների հունձը: Ծրագրի շրջանակներում բավականին աշխատանքներ են իրականացվել. վերանորոգվել են սարամասեր տանող ճանապարհները, ջրահեռացման խողովակները, սարամասերում տեղադրվել են խմոցներ: Ծրագրում սարամասերի էլեկտրաֆիկացման խնդիրն է: Կաթի արտադրության ու վերամշակման արդյունավետ կազմակերպման համար նախատեսվում է կլաստերային զարգացման սկզբունքով միավորել իրար մոտ գտնվող 6 համայնքների՝ Կիրանցի, Սարիգյուղի, Ներքին Ծաղկավանի, Սևքարի, Աչաջրի և Լուսաձորի կոոպերատիվները: Հեռագնա արոտներ տանող ճանապարհների պահպանման համար ԾԻԳ-ը տրամադրելու է նաև բուլդոզեր, էքսկավատոր, կցասայլակով տրակտոր: Կոոպերատիվի անդամների համար կարևոր է այն, որ մշտապես ունենք թե ԾԻԳ-ի, թե կառավարության ուշադրությունն ու աջակցությունը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03