Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏՈՒՄ

13.07.2013

Հուլիսի 12-ին տեղի ունեցավ Տավուշի մարզխորհրդի հերթական նիստը, որը վարեց մարզպետ Արմեն Ղուլարյանը: Օրակարգի առաջին երկու հարցով զեկուցեց մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռոբերտ Ներսեսյանը: Առաջին զեկույցը սահմանամերձ համայնքների՝ հողի հարկ վճարող ֆիզիկական և իրավաբանական անձանց գումար հատկացնելու մասին էր: Երկրորդ հարցով Ռոբերտ Ներսեսյանը ներկայացրեց մարզի համայնքների 2013թ. տեղական բյուջեների սեփական եկամուտների առաջին կիսամյակի կատարողականը: Հուլիսի 1-ի դրությամբ մարզի համայնքների եկամուտների փաստացի մուտքը կազմել է 1103,1 մլն. դրամ, որը նախատեսված եկամուտների 94,9 տոկոսն է, իսկ սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է 243,6 մլն. դրամ կամ կատարվել է նախատեսվածի 80,8 տոկոսը: Զեկուցողը  տարբեր եկամտատեսակների ցածր կատարողականներ ունեցած համայնքների ղեկավարների ուշադրությունը հրավիրեց թերակատարումների վրա և առաջարկեց կտրուկ միջոցներ ձեռնարկել հավաքագրման մակարդակը բարձրացնելու համար, քանի որ այն կարող է հանգեցնել բյուջեով նախատեսված ծախսերի թերակատարման և պարտքերի առաջացման:

    Մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետի տեղակալ Հայկ Փաշինյանի զեկույցը վերաբերում էր մարզի համայնքներում համայնքային ծառայողների թվաքանակին: Մարզի 62 համայնքների աշխատակազմերում ընդգրկված է 805 աշխատակից: ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից, ըստ համայնքներում ունեցած բնակչության թվի, առաջարկվել է աշխատակիցների թվաքանակը: Որոշ համայնքներում այն ավել է առաջարկվողից: Զեկուցողը նշեց Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կողմից համայնքների ղեկավարների, ավագանիների անդամների և աշխատակազմերի հետ աշխատակիցների թվաքանակի օպտիմալացման ուղղությամբ պարբերաբար իրականացվող աշխատանքների մասին:

   Մարզպետարանի կրթության, մշակույթի ու սպորտի վարչության պետ Աշոտ Փաշինյանը ներկայացրեց մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում միասնական և ավարտական քննությունների արդյունքները: Միասնական քննությունները Տավուշի մարզում անց են կացվել Իջևանի թիվ 1 և թիվ 4 դպրոցներում տեղակայված քննական կենտրոններում: Մարզի 991 շրջանավարտից միասնական քննություններին մասնակցել է 689-ը: Անբավարար գնահատական է ստացել 120 դիմորդ: Քննությունների արդյունքում ամենաբարձր միջին միավորը գրանցվել է անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, կենսաբանություն և աշխարհագրություն առարկաներից: Ամենացածր միավորները եղել են ռուսաց լեզու և ֆիզիկա առարկաներից: Վարչության պետը նշեց, որ բարձր միավորներով աչքի են ընկել հատկապես գյուղական համայնքների շրջանավարտները: Մասնավորապես Նորաշենի շրջանավարտները փայլել են պատմություն առարկայից, Տավուշինը՝ մաթեմատիկայից:

  Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Ավթանդիլ Մարկոսյանը հանդես եկավ մարզի համայնքների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների կողմից կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների հետ տարվող աշխատանքների վերլուծությամբ: Զեկուցողը ներկայացրեց մարզի Բերքաբեր, Գանձաքար, Ազատամուտ, Սարիգյուղ, Այգեհովիտ և Խաշթառակ համայնքներում իրականացրած մոնիթորինգի արդյունքները: Լավագույն արդյունքներ են գրանցվել Այգեհովիտում: Սարիգյուղը և Գանձաքարը նույնպես լավ տնտեսություն են ունեցել: Մարզպետը համայնքների ղեկավարների ուշադրությունը հրավիրեց հարցի կարևորության ու թերությունների վերացման վրա:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-15 15:47:21