Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ֆրանսիացի հյուրերը ծանոթացան իրականացված աշխատանքներին

04.07.2013

2011 թվականի մարտին Ֆրանսիայում Օ-Դը-Սենի գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանը և Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը ստորագրեցին Օ-Դը-Սենի գլխավոր խորհրդի և Տավուշի մարզի միջև ապակենտրոնացված համագործակցության շրջանակային պայմանագիր՝ 3 տարի ժամկետով Տավուշի մարզին Օ-Դը-Սենի գլխավոր խորհրդի դեպարտամենտի աջակցության վերաբերյալ: Ծրագիրը գյուղատնտեսական է, և անցած ժամանակահատվածում Օ-Դը-Սենի միջոցներով զգալի աշխատանքներ են կատարվել ոլորտի զարգացման ուղղությամբ: Իրականացված աշխատանքներին ծանոթանալու և հետագա անելիքները քննարկելու նպատակով հուլիսի 3-ից Տավուշի մարզում է բարեկամ երկրի պատվիրակությունը՝ Օ-Դը-Սենի վարչական շրջանի էկոնոմիկայի զարգացման և զբաղվածության հարցերով փոխտնօրեն Էրվե Ինգարդիայի գլխավորությամբ: Ֆրանսիացի բարեկամներին ընդունեց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Մարզպետը նախ ողջունեց հյուրերին, ապա ներկայացրեց այս տարվա մայիսին Ֆրանսիայի հայկական հիմնադրամի խորհրդի նախագահ, ,,ՀիմնաՏավուշ,, զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Թերզյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ առաջ քաշված խնդիրները: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ պարոն Ինգարդիան ասաց, որ այցի նպատակը ոչ միայն ծրագրի արդյունքները մոտիկից տեսնելն է, այլև համագործակցության հետագա ընթացքը քննարկելը, նոր առաջարկություններ լսելը: Նշեց, որ առաջին անգամն է Հայաստանում, և առաջին շփումը Հայաստանի ու հայերի հետ խոստումնալից է: Այնուհետև Ֆրանսիայի հայկական հիմնադրամի կողմից ստեղծված ,,ՀիմնաՏավուշ,, զարգացման հիմնադրամի տնօրեն Հրաչ Թումանյանը մանրամասն ներկայացրեց ծրագիրը, անդրադարձավ գյուղատնտեսության ոլորտի տարբեր ճյուղերում իրականացված աշխատանքներին, ինչպես նաև առկա խնդիրներին: Անասնապահության ոլորտի համար նշվեց, որ 2013 թվականին անասնապահական ծրագրով մարզ է ներկրվել սեմենտալ տեսակի 33 հղի անասուն, որոնք արդեն 15 օր է Լուսաձորի ֆերմայում են, և երկու օրվա մեջ արդեն երկու հորթ է ծնվել: Լուսաձորի անասնապահական համալիրի տարածքում նախատեսվում է ուսումնական կենտրոնի կառուցում: Նոր, փոքր հորթանոց կառուցելու ծրագրի աշխատանքներն են սկսված: Պարոն Թումանյանը ներկայացրեց նաև կերային բազայի վիճակը: Ներկայացվեց նաև ոռոգման համակարգը: Նշվեց, որ Այգեհովտի 2,9 կմ երկարության ոռոգման ջրագծի աշխատանքներն են իրականացվում, որոնք կավարտվեն առաջիկա 20-25 օրվա ընթացքում: Նախկինում կառուցված Դիտավանի ջրանցքի մաքրման աշխատանքներ են իրականացվել: Նշվեց, որ մարզի համայնքներում 2 տոննա եգիպտացորենի սերմ է բաժանվել, և այսօր արդյունքը նկատելի է: Անհրաժեշտության դեպքում ,,ՀիմնաՏավուշը,, պատրաստ է շահառուներից գնել եգիպտացորենը: Սարիգյուղում 200 տնտեսությունների բաժանվել է արքայանարինջի 1000 տնկի: 2013 թվականի ծրագրով նախատեսվում է մեկ մինի ֆերմայի կառուցում: Ոսումնասիրվել են մի քանի գյուղեր: Նպատակահարմար է գտնվել սահմանամերձ Բարեկամավանը: Գյուղացիները գյուղում նման ֆերմա ունենալու մեծ ցանկություն ունեն, և ամենակարևորը՝ այստեղ կա կերային հարուստ բազա: Հրաչ Թումանյանը ներկայացրեց նաև կաթի վերամշակման գործընթացը՝ նշելով, որ արդեն չորս տեսակի պանիր են արտադրում: Խոսվեց Սարիգյուղի և Այգեհովտի ագրոբազաների վիճակից:
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ մարզի ղեկավարը հանդես եկավ մի քանի առաջարկություններով: Դրանք վերաբերում էին կոոպերատիվների միջոցով նոր այգիների հիմնմանը, տեղում մսի մթերման և վերամշակման աշխատանքների կազմակերպմանը, կերային բազայի ամրացմանը: Հաջորդ կարևոր խնդիրը եղած ագրոբազաների հագեցման, ինչպես նաև, մինի ֆերմաների ստեղծմանը զուգահեռ, մարզի մյուս տարածաշրջաններում ևս նոր ագրոբազաների ստեղծման հարցն էր: Կարևորվեց նաև ջերմոցային տնտեսության ստեղծումն ու զարգացումը: Օգտվելով ընձեռված հնարավորությունից՝ մարզպետը ֆրանսիացի բարեկամներին հրավիրեց մասնակցելու Ակնաղբյուր համայնքում Օքսֆամ միջազգային կազմակերպության կողմից կառուցված ջերմոցային տնտեսության և ֆերմերային դպրոցի բացման արարողությանը, որին հյուրերը սիրով համաձայնեցին: Մարզպետարանից հյուրերը մարզպետի ուղեկցությամբ ուղևորվեցին Լուսաձորի անասնապահական համալիր, այնուհետև Դիտավանում տեսան ոռոգման համակարգի աշխատանքը, իսկ Ակնաղբյուրում մասնակցեցին ջերմոցային տնտեսության բացման արարողությանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 17:31:25