Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ջերմոցային տնտեսության և ֆերմերային դպրոցի բացման հանդիսավոր արարողություն Ակնաղբյուր համայնքում

04.07.2013

     Օքսֆամ բրիտանական միջազգային բարեգործական կազմակերպությունը, համագործակցելով հասարակական կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների և մարզային իշխանությունների հետ, արդեն ավելի քան մեկուկես տասնամյակ է մարդասիրական և համայնքային զարգացման տարաբնույթ ծրագրեր է իրականացնում հայաստանյան հեռավոր գյուղական համայնքներում, որոնք միտված են աղքատության վերացմանն ու բնակչության կենսամակարդակի բարձրացմանը:  ՀՀ գյուղատնտեսության նախարարության բանջարանաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնի հետ համատեղ, Օքսֆամն իր ,,Փոքր ֆերմերային տնտեսությունների դիմակայության բարձրացումը Հայաստանի սակավառեսուրս համայնքներում,, ծրագրի շրջանակներում Տավուշի մարզի Ակնաղբյուր համայնքում հիմնել է  սոցիալական ձեռնարկություն, որի հիմնական նպատակը համայնքի սոցիալական խոցելիության նվազեցումն է՝ ձեռնարկության շահագործումից գոյացած շահույթի մինչև 40 տոկոսը ուղղելով համայնքային սոցիալական ծրագրերին: Մասնավորապես, Ակնաղբյուր համայնքում կառուցվել է 900 քմ ընդհանուր տարածքով 3 ջերմոց՝ կաթիլային ոռոգմամբ, երկշերտ պոլիէթիլային թաղանթով, որից 200 քմ տարածք ունեցող ջերմոցը հագեցած է նաև ինֆրակարմիր ջեռուցման համակարգով: Միաժամանակ Ակնաղբյուրում Օքսֆամը հիմնել է նաև համայնքային ֆերմերային դպրոց՝ ջերմոցների շահագործումից ունեցած փորձը բազմապատկելու և մյուսներին փոխանցելու նպատակով: 

  Հուլիսի 3-ին Ակնաղբյուրում տեղի ունեցավ ջերմոցային տնտեսությանը կից ֆերմերային դպրոցի և համայնքում ձևավորված սոցիալական ձեռնարկության բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը, միջազգային կազմակերպությունների, ՀԿ-ների ու գյուղատնտեսական կոոպերատիվների ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր: Բացման խոսքով հանդես եկավ Օքսֆամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը՝ ներկայացնելով  Ակնաղբյուր համայնքում ձևավորված սոցիալական ձեռնարկության և ֆերմերային դպրոցի առանձնահատկությունները: Նշվեց, որ ուսումնական կենտրոնը հնարավորություն կտա ավելի համակարգված ու կոորդինացված աշխատանք իրականացնել իրենց շահառուների հետ և կնպաստի թե կոոպերատիվի և թե համայնքի տնտեսական ամրապնդմանը: Ողջույնի իր խոսքում Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, կարևորելով գյուղատնտեսական կոոպերատիվների գործունեությունը, ուրախությամբ նշեց, որ դրանց արդյունավետությունը նկատելի է և որ կոոպերատիվների թիվը մարզում գնալով ավելանում է: Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանն իր շնորհավորանքի խոսքում կարևորելով բարձրարժեք բանջարաբոստանային մշակաբույսերի մշակումը, նշեց, որ ջերմոցային արդյունավետ տնտեսություն վարելու հիմքերը դրված են, և Ակնաղբյուրի դրական փորձը օրինակ կծառայի նաև մյուսների համար: Ներկաներին ողջունեց նաև համայնքի ղեկավար Կարեն Դոլմազյանը: Ակնաղբյուր համայնքի ֆերմերային դպրոցի և  համայնքում ձևավորված սոցիալական ձեռնարկության բացման արարողությանը ներկայացվեցին նաև Օքսֆամի “Ակնաղբյուր” կոոպերատիվի հետ համատեղ իրականացվող այլ ծրագրերը ևս, այդ թվում նաև գյուղատնտեսական կոոպերատիվները,  ջերմոցային և սառնարանային տնտեսությունը: Միջոցառման մասնակիցները շրջեցին նաև ֆերմերային դպրոցին կից փորձարարական ջերմոցներում, ծանոթացան կատարված աշխատանքներին:

  Միջոցառմանը Օքսֆամի եւ Տավուշի մարզպետարանի միջեւ ստորագրվեց համագործակցության հուշագիր: “Կարևորն աշխատանքն է, մեր հետագա համագործակցությունը պետք է շարունակվի: Ես շնորհակալ եմ բոլոր կատարված աշխատանքների համար,,- հուշագրի ստորագրումից հետո ասաց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Իսկ այն հարցին, թե  ինչ սպասելիքներ ունի մարզպետն այս փաստաթղթի ստորագրումից, նա պատասխանեց. «Ավելի շատ աշխատանք, ավելի մեծ արդյունավետություն»: 

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57