Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ

27.06.2013

 

Հունիսի 26-ին աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: Մարզպետ Արմեն Ղուլարյանի ուղեկցությամբ նախարարն այցելեց Իջևանի տարածաշրջանի Կիրանց, Ներքին Ծաղկավան, Բերքաբեր և Սարիգյուղ համայնքներ, ծանոթացավ ինչպես իրականացված ու ընթացիկ աշխատանքներին, այնպես էլ համայնքներին հուզող խնդիրներին: Այցի առաջին կանգառը Կիրանցն էր, որտեղ հաջողությամբ խոտհնձի ու խոտհավաքի աշխատանքներ են ընթանում: Համայնքի ղեկավարը փոխվարչապետին զեկուցեց, որ գյուղատնտեսական աշխատանքներում մեծ աջակից է արոտների կառավարման կոոպերատիվը, որի կազմում այսօր 45 տնտեսություն կա: Բերքահավաքի այս եռուն օրերին կոոպերատիվը ապահովում է համապատասխան տեխնիկայով, փորձում օգնության ձեռք մեկնել բոլորին: Այստեղ որպես առաջնահերթ լուծման խնդիր ներկայացվեց ոռոգման ջրի հարցը:
Ներքին Ծաղկավանում փոխվարչապետի հանդիպումը համայնքի ղեկավարի ու գյուղացիների հետ տեղի ունեցավ հենց գյուղամիջում: Գյուղապետը նշեց, որ գյուղի հիմնախնդիրները աստիճանաբար լուծվում են: Այսօր գյուղն ապահովված է խմելու ջրով, գործում են դպրոցը, բուժկետը: Գյուղն 80 տոկոսով գազիֆիկացված է, և մնացած աշխատանքներն էլ ընթացքի մեջ են: Ուսումնասիրվում է գյուղամիջյան սողանքային ճանապարհի հարցը, որը նախատեսվում է վերանորոգել պետբյուջեի միջոցներով: Ներքին Ծաղկավանում ևս ոռոգման ջրի խնդիր ունեն: Գյուղի համար կարևորվեց նաև մանկապարտեզ ու նախակրթարան ունենալու հարցը: Փոխվարչապետը գյուղում ծանոթացավ նաև մարզի առաջնահերթ խնդիրների լուծման 4-րդ հրատապ ծրագրով վերանորոգվող համայնքապետարանի շենքի շինարարության ընթացքին:
Սահմանին գտնվող Բերքաբերում փոխվարչապետին զեկուցվեց գյուղի միջնակարգ դպրոցի հիմնանորոգման աշխատանքների մասին, որն իրականացվում է սոցներդրումների հիմնադրամի միջոցներով: Շինարարությունն իրականացնող կազմակերպության ղեկավարի հաղորդմամբ աշխատանքները կավարտեն ժամկետից շուտ, և մինչև նոր ուսումնական տարին սկսելը ուժեղացված դպրոցի շենքը իր ջեռուցման, ջրամատակարարման ու կոյուղու նոր համակարգով, գազամատակարարմամբ ամբողջովին պատրաստ կընդունի դպրոցականներին: Համայնքում առաջնահերթ խնդիրների լուծման երրորդ ծրագրով կառուցվել է համայնքային կենտրոն, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի աջակցությամբ կառուցվում է եկեղեցի:
Սարիգյուղի համայնքապետարանում ևս համայնքի ղեկավարը ներկայացրեց ինչպես ընթացիկ աշխատանքները, այնպես էլ գյուղի հիմնախնդիրները: Ճիշտ է, պետական միջոցներով և այլ ծրագրերով բազմաթիվ հարցեր են լուծվել այստեղ, սակայն դեռևս կան լուծման կարիք ունեցող խնդիրներ, որոնցից կարևորագույնը համարվեց ջրի խնդիրը: Համայնքի ղեկավարը ուրախությամբ փաստեց, որ գյուղում նախորդ տարվա համեմատ այս տարի ավելացել է առաջին դասարանցիների թիվը:
Ընդհանուր առմամբ չորս համայնքներում էլ բարձրացված խնդիրները առնչվում էին հիմնականում ենթակառուցվածքներին: Մասնավորապես խոսքը վերաբերում էր ոռոգման համակարգերի արդիականացմանը, նախկինում գործող համակարգերի վերականգնմանը: Հաջորդ կարևոր խնդիրը խմելու ջրի մատակարարման խնդիրն էր: Փոխվարչապետը խոստացավ, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեի մասնագետները կայցելեն համայնքներ, տեղում կուսումնասիրեն հնարավորությունները` լուծումներ առաջարկելու համար: Նշվեց, որ խնդիրների լուծման առաջնային նախապայմաններից է ջրաղբյուրների առկայությունը, ինչը թույլ կտա ջուրը համայնքներ հասցնել ինքնահոս եղանակով: Առաջնահերթ համարվեց նաև գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ենթակառուցվածքների խնդիրը, մասնավորապես գյուղտեխնիկայով ապահովման: Փոխվարչապետը դրական միտում համարեց վերջին տարիներին Կիրանցում, Ներքին Ծաղկավանում եւ Սարիգյուղում Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող "Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության" ծրագրի շրջանակում ձևավորված գյուղացիական կոոպերատիվների ստեղծումը, որոնց անդամները փոխվարչապետին ներկայացրին արդյունքների մասին: Նա հույս հայտնեց, որ կոոպերատիվների ստեղծման փորձն իր դրական շարունակությունը կունենա, և գործառույթները, ինչպես նաև պետության կողմից նպատակային աջակցությունն ու օժանդակությունը նմանատիպ միավորումներին կմեծանան:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03