Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դիլիջանի խումբը նվաճեց 3-րդ մրցանակային տեղը

19.06.2013

Նպատակ ունենալով նպաստել երեխաների և պատանիների հոգևոր դաստիարակությանը և բազմակողմանի զարգացմանը՝ արդեն 2-րդ տարին է Հայաստանում անց է կացվում ՙՙՀազարան բլբուլ՚՚ մանկապատանեկան երաժշտական բեմադրությունների հանրապետական ամենամյա մրցույթ-փառատոնը: Այս տարի այն անցկացվեց ՀՀ մշակույթի նախարարության, ՙՙԱռաջ, երեխաներ՚՚ կրթամշակութային հասարակական կազմակերպության և ՙՙՄշակութային կրթության աջակցություն՚՚ հիմնադրամի նախաձեռնությամբ:
Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի մրցույթին հաջողությամբ մասնակցեց Դիլիջանի արվեստի պետական քոլեջին կից երաժշտական դպրոցը՝ բեմադրելով Քեյն և Քեյնի ՙՙՊանդորայի արկղը՚՚ ներկայացումը և արժանացավ մրցանակային տեղի: Մասնակից 25 բեմադրություններից 1-ին փուլում ընտրվել էին 10-ը, որից 6-ը արժանացան մրցանակային տեղերի: Չափազանց բարդ մրցապայքարում Դիլիջանի խումբը նվաճեց 3-րդ մրցանակային տեղը:
Ներկայանալի էր ժյուրիի կազմը՝ մշակույթի գծով Երևանի քաղաքապետի խորհրդական, բեմադրիչ Արամ Սյուքիասյան, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Կարինե Առաքելյան, ՙՙՀազարան բլբուլ՚՚ մանկապատանեկան բեմադրությունների հանրապետական մրցույթ-փառատոնի հեղինակ և ղեկավար Նաիրա Ներսիսյան, ՙՙՄշակութային կրթության աջակցություն՚՚ հիմնադրամի տնօրեն Նելլի Սարգսյան, Երևանի պարարվեստի պետական քոլեջի պարուսույց Սրբուհի Բաբայան:
Երեխաները ելույթ ունեցան մի շարք ճանաչված բեմերում՝ Երևանի պետական կամերային երաժշտական թատրոն, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոն, իսկ գալա համերգը տեղի ունեցավ Երևանի Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում: Բացի 3-րդ կարգի դիպլոմը, դիլիջանցի երեխաները պարգևատրվեցին նաև անակնկալ մրցանակներով. ՙՙԹամարա՚՚ ընկերության կողմից նրանց սպասում էր հատուկ հյուրասիրություն և այցելություն ընկերության արտադրամաս, իսկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից՝ այցելություն Երևանի կենդանաբանական այգի:
,,Հազարան բլբուլ՚՚ մանկապատանեկան երաժշտական բեմադրությունների հանրապետական 2-րդ մրցույթ-փառատոնի գալա համերգի հատուկ հյուրերն էին հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանը և մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Շնորհավորելով Դիլիջանի արվեստի պետական քոլեջի սաներին և մանկավարժներին՝ նշենք, որ այս կրթօջախը մշտապես բարձր է պահում դպրոցի հեղինակությունը և արժանիորեն ներկայացնում թե Դիլիջան քաղաքը և թե Տավուշի մարզը տարբեր հանրապետական ու միջազգային մրցույթներին, ստուգատեսներին ու փառատոներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03