Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համառությամբ շատ բանի կարելի է հասնել շախմատում

10.06.2013

Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի հյուրն էր իջևանցի պատանի շախմատիստ Դավիթ Հովսեփյանը, ով վերջերս Երևանում անցկացված շախմատի մինչև 18 տարեկանների եզրափակիչում գրավել է հինգերորդ տեղը՝ ճանաչվելով հանրապետության 10 լավագույններից մեկը: Դավիթին ուղեկցում էին հայրը՝ Մհեր Հովսեփյանը և մարզիչ Էմիլ Մատինյանը: Մարզպետը շնորհավորեց երիտասարդին հաջողության համար, տեղեկացավ նրա առաջիկա անելիքներից ու ծրագրերից:
Համեստ ու քչախոս երիտասարդ է Դավիթը: Սովորում է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում: Ուսմանը զուգահեռ զբաղվում է նաև սիրած գործով՝ շախմատով: Շախմատը նրա ուղեկիցն է վաղ մանկությունից, երբ դեռ հինգ տարեկան էլ չկար: Իսկ խաղի հանդեպ հետաքրքրություն սերմանողն ու առաջին ուսուցիչը տատիկն է եղել՝ Իջևանում ճանաչված բժշկուհի, այժմ արդեն լուսահոգի Գրետա Ղալումյանը: Տատիկի հետ սովորել է առաջին քայլերը շախմատում, այնուհետև, երբ ընտանիքում տեսան երեխայի անսահման ձգտումն ու ունակությունները, տասը տարեկանից տվեցին շախմատի խմբակ, որտեղ աշակերտեց իմաստուն խաղի նվիրյալ Էմիլ Մատինյանին, ով այսօր շախմատի ակադեմիայի լիազոր ներկայացուցիչն է մարզում: Դավիթի առաջին լուրջ փորձությունը շախմատում մինչև 12 տարեկանների հայաստանյան արագ մրցաշարն էր Երևանում, որտեղ գրավեց 5-րդ տեղը: Այնուհետև մինչև 14 տարեկանների կիսաեզրափակիչի 1-ին տեղում էր: 2012-ին հանրապետության մինչև 18 տարեկան շախմատիստների կիսաեզրափակիչում 2-րդ հորիզոնականում էր:
Իր հաջողության բանալին շախմատում Դավիթը համարում է առաջին հերթին համառությունը: Համառությամբ ու աշխատասիրությամբ շատ բանի կարելի է հասնել, գտնում է պատանի շախմատիստը: Իսկ շախմատային մեծություններից շատ է հավանում Կասպարովի խաղը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:22:27