Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՕՐԸ ՆՇԱՆԱՎՈՐՎԵՑ ՍՊՈՐՏԼԱՆԴԻԱ ԽԱՂՈՎ
03.06.2013

Բերդի տարածաշրջանի Չորաթան և Նորաշեն համայնքների մանկապարտեզների սաների համար Երեխաների պաշտպանության միջազգային օրը նշանավորվեց Չորաթանի մանկապարտեզում անցկացված սպորտլանդիայով: Միջոցառմանը մասնակցում էին ոչ միայն մանկապարտեզի աշխատողներն ու սաները, այլև ծնողներ, բազմաթիվ հյուրեր: Մրցույթի էին դուրս եկել երկու մանկապարտեզների ավագ խմբերի սաները: Մրցույթի ծրագրում երեխաներին հոգեհարազատ ու սիրելի խաղեր էին՝ գլուխկոնծի, ով արագ կհավաքի ժապավենը, վազք օղակի միջով, ցատկ պարկերով, պարան քաշոցի, անցիր գետը՝ չթրջելով ոտքերը և այլն, որոնց փոքրիկները վերաբերվում էին ամենայն լրջությամբ ու մեծ պատասխանատվությամբ: Մրցույթը գնահատող ժյուրին, որը նախագահում էր Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Միշա Մխիթարյանը, երեխաների յուրաքանչյուր մրցելույթ գնահատում էր 5 բալանոց համակարգով: Արդյունքում 10 խաղից յուրաքանչյուր թիմ հավաքեց 45-ական միավոր, և խաղն ավարտվեց հավասար արդյունքով: Խաղերը մեջընդմիջվում էին մանուկների աշխույժ երգ ու պարով, ասմունքով:
Միջոցառման վերջում երկու մանկապարտեզի թիմերն էլ արժանացան իրենց համայնքի ղեկավարի պատվոգրի, իսկ մանկապարտեզները փոխադարձաբար նվերներ փոխանակեցին: