Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Եվրամիության ավտոբուսը Տավուշի մարզում էր

30.05.2013

Մայիսի 29-ին Եվրամիության ավտոբուսը՝ Եվրամիության կենտրոնի շարժական տարբերակը, Տավուշի մարզում էր: Եվրոպայի օրվա միջոցառումների շրջանակում տարածաշրջան էր այցելել Հայաստանում ԵՄ պատվիրակությունը դեսպան Տրայան Հրիսթեայի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին Հայաստանում Եվրամիության կենտրոնի ծրագրերի ղեկավար Էհթել Հալլիսթեն, ծրագրի պատասխանատու աշխատողներ: Հյուրերին նախ ընդունեց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, որից հետո մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում մարզի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, համայնքների ու հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարների, դպրոցների տնօրենների մասնակցությամբ: Մարզպետը ողջունեց Եվրամիության պատվիրակության ղեկավարի առաջին պաշտոնական այցը մարզ և իր շնորհակալությունը հայտնեց մարզում Եվրամիության կողմից իրականացված աշխատանքների համար: Պարոն Հրիսթեան նախ համառոտ տեղեկատվություն ներկայացրեց եվրոպական կառույցների վերաբերյալ, այնուհետև անդրադարձավ ԵՄ-Հայաստան հարաբերություններին ու համագործակցությանը և այն աջակցությանը, որ ցուցաբերվում է Հայաստանին Եվրամիության կողմից: Նշվեց, որ Եվրամիությունը աշխարհում ամենամեծ առևտրային և քաղաքական բլոկն է, որին տարեցտարի նոր պետություններ են անդամագրվում: Նրա հիմնական սկզբունքներն են ժողովրդավարությունը, մարդու իրավունքների պաշտպանությունն ու օրենքի գերակայությունը: Իսկ պատվիրակության հիմնական դերն ու նպատակն է զարգացնել Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները բոլոր ուղղություններով՝ քաղաքական, տնտեսական, միջմարդկային՝ աջակցելով երկրի կառավարությանը բարեփոխումների ծրագրի իրականացման գործում: Հայաստանի հետ հարաբերություններն սկսվել են դեռևս 90-ականների սկզբից, խորհրդային երկրի փլուզումից հետո. այդ ժամանակ մարդասիրական օգնություն, սնունդ էր տրամադրվում երկրին: Հետագայում հարաբերությունները զարգացում են ապրել և ստորագրվել է համագործակցության համաձայնագիր, որում ընդգրկվել են բոլոր ոլորտները: Նշվեց նաև, որ Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները դրականորեն են զարգանում և ավելի մեծ տնտեսական զարգացում հնարավոր կլինի սերտ համագործակցության շրջանակում: Ներկաները մեծ հետաքրքրությամբ լսեցին դեսպանի ելույթը, որին հետևեցին բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում էին մասնավորապես մուտքի արտոնագրերի դյուրացմանը, աշխատանքների կազմակերպման մեխանիզմներին, մարզում տուրիզմի զարգացմանը նպաստող և աղբահանության կազմակերպմանն ուղղված հնարավոր գործիքակազմի տրամադրմանը: Պարոն Հրիսթեան մանրամասն ու սպառիչ պատասխան տվեց բարձրացված բոլոր հարցերին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03