Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Իրականացված աշխատանքներին ծանոթանալու նպատակով Տավուշի մարզում էր Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն

23.05.2013

ՄԱԿ-ի զարգացման ծրագրով Տավուշի մարզում իրականացված աշխատանքներին ծանոթանալու նպատակով տարածաշրջան էր այցելել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն: Տավուշի մարզպետարանում պարոն Բուզետտոյին ու նրան ուղեկցող աշխատանքային թիմին ընդունեց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Հանդիպմանը ներկա էին մարզպետի տեղակալներ Լևոն Սարգսյանը և Վահե Վարդապետյանը: Ողջունելով հյուրին ու շնորհակալություն հայտնելով այցի համար՝ մարզպետը նախ ներկայացրեց թե պետության և թե միջազգային կազմակերպությունների կողմից մարզում իրականացվող ծրագրերը, այնուհետև անդրադարձավ այն մեծածավալ աշխատանքներին, որոնք իրագործվել են ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջոցով: Նշվեց, որ սկսած դեռևս 90-ականների պատերազմական ու ճգնաժամային տարիներից, ծրագիրը եղել է սահմանամերձ Տավուշի մարզի աջակիցը, խթանել է մարզային ենթակառուցվածքների զարգացմանը, բազմաթիվ համայնքային ծրագրեր են իրականացվել կրթության, առողջապահության ոլորտներում, ոռոգման համակարգում, ու արդեն եկել է ժամանակը անցնելու տնտեսական խնդիրների լուծմանը, այնպիսի ծրագրերի իրականացմանը, որոնք զարգացման միտում կապահովեն: Մարզը գյուղատնտեսական ուղղվածություն ունի, ու այստեղ կարևոր է արդեն ներդրված փոքր ու մեծ ծրագրերի շարունակականության  ապահովումը:  Կարևորվեցին տեղում տեղական մսի վերամշակումը կազմակերպելու, ջերմոցային տնտեսությունները, ինչպես նաև փոքր բիզնեսը զարգացնելու հարցերը: Նշվեց նաև, որ մարզի բնական ու յուրահատուկ պայմանները լայն դաշտ են տուրիզմի, հատկապես ոչ ավանդական տուրիզմի զարգացման համար: Մարզի համար առաջնային համարվեց նաև գյուղտեխնիկայի ձեռքբերման և ագրոբազաները տեխնիկայով համալրելու հարցը: Ընդհանուր առմամբ մարզպետը ներկայացրեց բոլոր այն խնդիրների դաշտը, որտեղ կարելի է համագործակցել:

  Շնորհակալություն հայտնելով մարզպետին ընդունելության և մանրակրկիտ ներկայացման համար՝ պարոն Բուզետտոն ասաց, որ սա իր առաջին այցն է տարածաշրջան և իր նպատակը տեղում ծանոթանալն է ինչպես արված աշխատանքներին, այնպես էլ այն խնդիրներին, որոնք լուծման կարիք ունեն: Նշեց, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի հետ իր հանդիպման ժամանակ առաջնային խնդիր է համարվել աշխատատեղերի ստեղծումը, և մարզպետի նշած խնդիրների լուծմամբ հնարավոր կլինի լուծել թե զբաղվածության և թե բնակչության կենսամակարդակի բարձրացման հարցեր: Նաև հավելեց, որ իրենց աշխատանքների ծավալները մեծապես կախված են դոնոր կազմակերպություններից:

  Տավուշի մարզպետարանից ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն Տավուշի մարզպետի ուղեկցությամբ ուղևորվեց համայնքներ՝ տեղում ծանոթանալու կատարված աշխատանքներին: Սևքարում ծրագրի ներկայացուցիչներն այցելեցին գյուղի մանկապարտեզ, որտեղ էներգաարդյունավետության բարձրացման և վերականգնվող էներգիայի աղբյուրի օգտագործման փորձ է ներդրել, ու, ինչպես նշեց մանկապարտեզի վարիչ Արևիկ Մայիլյանը, այն շատ արդյունավետ է: Շնորհիվ արևային տաքացուցիչների գարնանից մինչև աշուն մանկապարտեզը գազի ծախս չի ունենում, իսկ ձմռանը տաքացուցիչներն օգնում են զգալիորեն նվազեցնելու գազի ծախսը: Մանկապարտեզի շենքը նույնպես վերանորոգվել է ծրագրի կողմից և գեղեցիկ ու հիանալի նվեր է այդտեղ հաճախող փոքրիկների համար, որոնց թիվն այսօր վաթսունհիգն է: Հյուրերը եղան նաև Լուսաձոր համայնքում,  որտեղ մի շարք ծրագրեր են իրականացվել կազմակերպության կողմից՝ ուղղված թե սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների վերականգնմանը և թե տնային տնտեսությունների համար լրացուցիչ եկամուտների ստեղծմանը: ՄԱԶԾ-ի կողմից այստեղ կառուցվել է 28 ջերմատուն, որոնք այսօր հաջողությամբ գործում են և որոնց շնորհիվ փոքրիկ գյուղում նույնքան ընտանիք ապահովված է թե աշխատանքով և թե կայուն եկամտի աղբյուրով: Մի քանի ջերմատուն նայելուց հետո աշխատանքային խումբն այնուհետև այցելեց գյուղմթերքների վերամշակման կետ, որտեղ գործում են տեղական հումքից չրի պատրաստման, հացաթխման արտադրամասերը, սառնարանային տնտեսությունը: Այցելության վերջին կանգառը վերանորոգված մշակույթի կենտրոնն էր, որը դարձել է գյուղի մարդկանց ժամանցի ու ազատ ժամանակի կազմակերպման մի հիանալի վայր: Այդ նպատակին են ծառայում այստեղ գտնվող դահլիճը, գրադարանն ու խաղասրահը:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 17:20:09