Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն ընդունեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին

22.05.2013

Մայիսի 21-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն ընդունեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին: Դեսպանին ուղեկցում էր տնտեսական հարցերով նրա խորհրդական Ռըզա Մուստաֆան: Հանդիպմանը ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, փոխմարզպետ Վահե Վարդապետյանը, մարզպետի խորհրդական Լյուբիկ Չիբուխչյանը, Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը: Ողջունելով հյուրին՝ մարզպետը շեշտեց, որ հայ-իրանական բարեկամությունը դարերի պատմություն ունի և ուրախ է դեսպանի այցով: Նշվեց, որ դեռևս 2011 թվականի հոկտեմբերի 21-ին համագործակցության Հուշագիր է ստորագրվել Իրանի Կենտրոնական նահանգի նահանգապետի և Տավուշի մարզպետի միջև, որում ընդգրկվել են կրթության, մշակույթի, համայնքային համագործակցության ոլորտները: Ու քանի որ Տավուշում կա Դիլիջան անվանմամբ քաղաք, իսկ Իրանում՝ Դելիջան, այդ պատճառով որոշվել է համագործակցությունն սկսել Դիլիջանից: Մարզպետը դեսպանին ներկայացրեց Տավուշի մարզը որպես վարչատարածքային միավոր, տնտեսության ճյուղերը, զարգացման հեռանկարներն ու իրականացվող ծրագրերը: Նշվեց, որ տարածաշրջանը հարուստ է ինչպես բնության հուշարձաններով, հատուկ պահպանվող տարածքներով, այնպես էլ ճարտարապետական հուշարձաններով, որը հնարավորություն է տալիս զարգացնելու տուրիզմը, հատկապես ագրոտուրիզմն ու էկոտուրիզմը: Նշվեց, որ համագործակցության հնարավորությունները մեծ են հատկապես գյուղատնտեսության ոլորտում՝ անասնապահության, թռչնաբուծության, մեղվաբուծության: Տավուշի մարզն առանձնանում է նաև գյուղմթերքների իր առանձնահատուկ համային հատկանիշներով ու որակով:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպանը նշեց, որ իր այցը ճանաչողական է. սա մարզային իր առաջին այցն է, և այնքան է հիացած տեղի բնաշխարհով, որ հենց ճանապարհին իր մոտ միտք է հղացել տավուշյան բնապատկերներով ֆոտոալբոմ ստեղծելու: Դեսպանը Տավուշի բնությունը համեմատեց Շվեյցարիայի բնության հետ: Նաև նշեց, որ ժամանակն է կոնկրետ քայլերի դիմելու և ընդլայնելու համագործակցության շրջանակները: Ասաց, որ համագործակցության լայն դաշտ կա գրեթե բոլոր ոլորտներում և որ Դիլիջանում կառուցվող միջազգային դպրոցը, Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը արդեն իսկ լուրջ այցեքարտ են կրթության ոլորտում համագործակցության համար: Համագործակցության լայն հնարավորություններ կան սպորտի ոլորտում: Իրանը նաև գյուղատնտեսության ոլորտի հարուստ փորձ ունի, որը սիրով կարող է փոխանցել հայկական կողմին: Չմոռացավ նաև նշել, որ Իրանի 60-80 հազարանոց հայկական համայնքը վստահելի, հարգված ու բարի համբավ ունեցող համայնք է և հեշտ է նրանց հետ աշխատելը:
Մարզպետարանից իրանցի հյուրերը մարզպետի ուղեկցությամբ այցելեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, հիացան կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների աշխատանքով: Այնուհետև դեսպանն ուղևորվեց Դիլիջան, որտեղ նրան ընդունեց քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը: Տավուշի մարզպետի և քաղաքապետի ուղեկցությամբ դեսպանը եղավ Հաղարծնի վանքային համալիրում, այցելեց Դիլիջանի երկրագիտական թանգարան:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03